‘Այսօր Նագասակիի ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակի օրն է’

1089

Տեղական ժամանակով ժամը 11.02-ին՝ 69 տարի առաջ տեղի ունեցած ատոմային ռումբի պայթյունի ժամին, ճապոնական Նագասակի քաղաքում սկսվել են հիշատակի միջոցառումները:

Ողջ երկրում հայտարարվել է լռության րոպե: Այնուհետև ելույթ է ունեցել Նագասակիի քաղաքապետ Տոմիհիսա Տաուեն, որը կոչ է արել հյուսիսարևելյան Ասիայում ստեղծել միջուկային զենքից զերծ գոտի: Քաղաքապետը նաև քննադատության է ենթարկել Ճապոնիայի իշխանությունների՝ վերջերս կայացրած որոշումը՝ փոփոխել սահմանադրությունը և բանակի գործունեության ոլորտն ընդարձակել նաև երկրի սահմաններից դուրս: Նախկինում բանակը կարող էր օգտագործվել միայն Ճապոնիայի տարածքը  պաշտպանելու համար:

1945 թ. օգոստոսին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքները ատոմային ռմբակոծության ենթարկվեցին: Նագասակիի վրա ավելի հզոր ռումբ արձակվեց, քան օգտագործվել էր Հիրոսիման ռմբակոծելիս: Քաղաքի ավելի քան 70 հազար բնակիչներ զոհվեցին վայրկենապես, իսկ հետագա տարիներին մահացան ճառագայթահարված բնակիչները: Ներկայումս համարվում է, որ Նագասակիի ռմբահարման հետևանքով զոհերի թիվը 150 հազար է: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Անգլիական պրիեմիեր լիգա. 2014-2015թ. մրցաշրջանի պռոմո տեսահոլովակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պուտինն ու Ալիեւը քննարկել են «չափազանց ձգձգված» ԼՂ խնդիրը’