‘Այսօր շաքարային դիաբետի համաշխարհային օրն է’

980

Այսօր նշվում է Շաքարային դիաբետի համաշխարհային օրը:  Աշխարհում այս հիվանդությունն այլևս համարվում է ապրելակերպ:

1922 թվականի հունվարին երիտասարդ կանադացի գիտնական Ֆրեդերիկ Բանտինգը պատմության մեջ առաջին անգամ կատարում է ինսուլինի ներարկում՝ փրկելով դիաբետի ծանր ձևով տառապող 14-ամյա տղայի կյանքը: Բանտինգը ինսուլինի հայտնագործման բոլոր իրավունքները հանձնում է Տորոնտոյի համալսարանին՝ հետագայում ինսուլինի արտադրման իրավունքները փոխանցելով Բժշկական հետազոտությունների Կանադական խորհրդին: 1922-ի տարեվերջին նոր դեղամիջոցը հայտնվում է դեղերի շուկայում:

Գիտնականի ծննդյան օրը` նոյեմբերի 14-ը, Դիաբետի միջազգային դաշնության (International Diabetes Federation) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (World Health Organization) կողմից հռչակվում է Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օր (World Diabetes Day) և առաջին անգամ նշվում 1991 թվականին:

2007 թվականից Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 14-ին իրականացվող քարոզարշավն ու իրազեկման միջոցառումները նպատակաուղղված են բարձրացնելու բնակչության զգոնությունն ու տեղեկացվածությունը շաքարային դիաբետի և դրա բարդությունների վերաբերյալ: 

Ըստ վիճակագրական տվյալների` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված են ավելի քան 62000 շաքարային դիաբետով հիվանդ, որից ինսուլինակախյալ են 10984-ը:

Հաշվառված հիվանդները գտնվում են պետական հոգածության ներքո,  ներզատաբանի անմիջական հսկողությամբ տրամադրվում է անվճար հակադիաբետիկ դեղորայք` հաբեր և ազդեցության տարբեր տևողության ինսուլիններ: 

Նախորդ հոդվածը‘Անտեղյակը` Կառավարությունում, կամ Տիգրան Սարգսյանի ոդիսականը’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի համանախագահը Վիենայում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը’