‘Այսօր սկսվում է Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը’

803

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի կունենա սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը:

Գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:

Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:

Վազգեն Խաչիկյանի հետ միասին ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև  Ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, Ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը նաեւ հայցադիմում է ներկայացրել դատարան` քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից եւ մյուսներից   հօգուտ պետական բյուջեի ընդհանուր` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին`չվերականգնված վնասի մասով:

 

Նախորդ հոդվածը‘Դեպի աթարով Հայաստան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Քիչ հետո հայտնի կլինի Հայաստանի ԱԳՆ շենքի նոր սեփականատիրոջ անունը’