‘Այսօր տեղի կունենա բողոքի ակցիա ԱՄՆ դեսպանատան առջև’

1194

Այսօր, ժամը 15:00-ին Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ակցիա: Կազմակերպիչները բոլորին հրավիրում են մասնակցելու կեղծված ընտրությունների հետևանքով նախագահի պաշտոնում վերանշանակված Սերժ Սարգսյանին շնորհավորած ամենաազդեցիկ ժողովրդավարական պետության՝ ԱՄՆ-ի դեսպանատան առջև կազմակերպվող բողոքի ակցիային:

«Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմին, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը: 

Ժողովրդավարական համարվող պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:

Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ապա նաև ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստերից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը»,- նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ նման բողոքի ակցիաներ ավելի վաղ անց են կացվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և Լեհաստանի դեսպանատների առջև:

Նախորդ հոդվածը‘Դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով 11 երեխա է զոհվել Հնդկաստանում ‘
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների վիճակը ՊՆ ոլորտում. Օմբուդսմենի զեկույցը’