‘Այսօր տեսողության և հոգեկան առողջության համաշխարհային օրերն են ‘

1137

Այսօր տեսողության և հոգեկան առողջության համաշխարհային օրերն են: Այս կապակցությամբ ներկայացնում ենք ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդագրությունները:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած  երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

 Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։  Մինչդեռ տարիքային այս խումբը  կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը:

Տեսողության համաշխարհային օրվա 2013-ի կարգախոս է ընտրվել «Ստուգ՛եք տեսողությունը»:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացնում է բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

Այս ծրագրով աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժում ստացած բազմաթիվ մարդկանց շարքում Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Սասուն Հարեյանի ապաքինումը  Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը  ներկայացնող  դեպքերից է: Բժիշկների օգնությամբ 25-ամյա երիտասարդի տեսղությունը վնասվածքից  հետո ամբողջությամբ վերականգնվել է: Սասունը նախ  անվճար վիրահատվել, այնուհետև  լազերային բուժում է ստացել: Նա այժմ որպես լիարժեք առողջ երիտասարդ կարող է վերադառնալ  նախկին կյանքին և նոր ծրագրեր իրականացնել:

«Վիրահատությունից  հետո տեսողությունս 10% -ից դարձավ 60%, իսկ լազերային բուժումից հետո ՝ գրեթե 70%: Բժիշկն ասաց, որ նշանակված դեղորայքն աչքերիս մեջ կաթեցնելուց հետո էլ ավելի լավ եմ տեսնելու: Շարժական այս հիվանդանոցը աչքի բուժումը հասանելի է դարձնում շատ մարդկանց համար: Շնորհակալություն բոլորին»,-ասում է Սասունը:

Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այսօր առավել քան տեղին է  հիշատակել, որ այստեղ ևս անչափ կարևոր է բնակչության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:

Օրվա խորհուրդը բոլորին հորդորում է պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀԱՆ-ը համատեղ ուժերով կանեն հնարավորինս հատկապես անապահով և հեռավոր բնակավայրի բնակիչներին որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հատուկ այս օրվա խորհրդով ստեղծված «Ստուգե’ք տեսողությունը» խորագրով պաստառը, որի նպատակն է մարդկանց հորդորել հաճախակի այցելել ակնաբույժին և ստուգել տեսողությունը, կհասցվի մինչև Հայաստանի հեռավոր գյուղերի բուժկետեր:

Ակնաբուժության ոլորտում ծրագրային նոր փուլ է սկսվում։ Ակնաբուժական ծառայությունը մարզերում հասանելի դարձնելու նպատակով ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռնամուխ են եղել մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու գործին։  Շարունակվում է կուրության  կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։

* * *

Չկա առողջություն առանց հոգեկան առողջության

1992 թվականից  Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության համաշխարհային օր:

Ոչ ոք ապահովագրված չէ հոգեկան խանգարումներից։  Ցանկացած մարդ, անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակության մեջ գրաված դիրքից, կարող է ունենալ հոգեկան առողջության տարաբնույթ խնդիրներ: Այդ իսկ պատճառով ավելի ու ավելի է կարևորվում հասարակության բոլոր շերտերի իրազեկվածությունն այդ երևույթի վերաբերյալ:

Հոգեկան առողջության օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա: Որպեսզի հոգեկան առողջության խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև ողջ հասարակությունը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:

«Հոգեկան առողջություն  և տարեցներ». այս տարի այսպիսի  կարգախոս է հռչակվել  Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից։

Առողջապահության համաշխարհային կազամակերպության (ԱՀԿ) հաշվարկներով ներկայումս ամբողջ աշխարհում 60-ից բարձր տարիք  ունեցողների թիվն ավելի քան 800 միլիոն է: Կանխատեսումները վկայում են, որ 2050 թվականին նրանց թիվը կլինի մոտ երկու միլիարդ: Տարեց մարդկանց մոտ հիմնականում ի հայտ են գալիս հետևյալ հոգեկան խանգարումները` թուլամտություն, դեպրեսիա և տագնապներ, ինչպես նաև համակցություն առողջական տարբեր խնդիրների հետ, ներառյալ` սիրտ անոթային խանգարումների, քաղցկեղի և դիաբետի հետ:

ԱՀԿ տվյալներով` Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է 60-ից բարձր տարիքի մարդկանց 4.7%-ը։ Վիճակագրությունը փաստում է, որ այս ցուցանիշը յուրաքանչյուր քսան տարին մեկ կրկնապատկվում  է և այդ հաշվարկներով  2050 թվականին 60-ից բարձր 115.4 միլիոն մարդ կունենա այդ հիվանդությունը:

Տարեցների շուրջ 10%-ի մոտ առկա են տագնապներ, խուճապ և ֆոբիաներ:

Տարեցների հոգեկան առողջության խնդիրների լուծման գործում կարևորվում է աշխատանքը տարեցների խնամողների և ընտանիքների հետ: Մի կողմից մեծ է նրանց դերը տարեցների արժանապատիվ ծերության ապահովման գործում, մյուս կողմից նրանք ևս առանձնահատուկ  ուշադրության կարիք ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսօր հաշվառված է հոգեկան և վարքային խանգարում ունեցող 45 հազար մարդ։

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Գոռացինք, գոռգոռացինք՝ անցավ-գնաց’
Հաջորդ հոդվածը‘Նորածնի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերել են Դավիթաշենում’