‘Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է’

843

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է` որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: 2015 թվականին քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ` «Մենք դա կարող ենք» խորագրով: Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել առողջապահական կարևոր այս խնդրի և դրա հաղթահարման վրա: Այս մասին է ասվում առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՀԿ հաշվարկներով` 2020թ. երկրագնդում կգրանցվի 20 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: Ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում ևս, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարը բնակչության բժշկակենսաբանական և սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրներից է: Ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է ճանաչվում մոտ 2700 մարդ: Հայաստանի բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացությունների հետևանքով մահացությունը երկրորդ տեղում է` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.08%):

Քաղցկեղը չարորակ հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է: Այն էպիթելային հյուսվածքից զարգացող ուռուցք է, որն առաջանում է, երբ ախտահարված բջիջը ոչ նորմալ ձևով է բաժանվում` աստիճանաբար նպաստելով նախաքաղցկեղային վիճակի զարգացմանը` հետագայում դառնալով ուռուցք: Ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի գոյություն ունեն քաղցկեղի 100-ից ավելի տեսակներ:

  Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնների վնասակար ազդեցությունները: Այդ իսկ պատճառով ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիր` նպատակ ունենալով վաղ հայտնաբերել, կանխարգելել և վերահսկել ոչ վարակիչ մի շարք հիվանդությունները, այդ թվում` արգանդի պարանոցի քաղցկեղը: Ծրագրի շրջանակում 2015թ. հունվարից 15-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար հետազոտվել իրենց սպասարկող պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման, իսկ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք` արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման նպատակով:

 ՀՀ ԱՆ ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժում է ստանում շուրջ 11 հազար հիվանդ, իրականացվում է 3500 վիրահատություն, 5600 հիվանդ ստանում է քիմիաթերապիա, 1500 հիվանդ` համակցված ճառագայթային բուժում:

Նշենք, որ Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն ստեղծելու ծրագիրն ընթացքի մեջ է: Ծրագրի իրականացումը կնպաստի տարածաշրջանում քաղցկեղի դեմ առավել արդյունավետ պայքար ծավալել, կազմակերպել առավել որակյալ բուժօգնություն: 

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման Սպիտակ տանն ընդունել է MLS-ի նորընծա չեմպիոն «Լոս Անջելես Գելեքսիին»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջազգային պահուստները 2014 թ. կրճատվել են 34%-ով’