‘Այս գիշեր Թուրքիա են փախել 8 հազար սիրիացիներ ‘

891

Նոյեմբերի 9-ի գիշերվա ընթացքում Սիրիայի ութ հազար քաղաքացիներ հատել են սահմանը և անցել Թուքիա, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչին: Փախստականների այդպիսի պատկառելի թիվը պայմանավորվել է իրավիճակի սրացմամբ Սիրիայի հյուսիսային շրջաններում, որտեղ ապստամբները փորձում են ստեղծել կառավարական ուժերից զերծ գոտիներ:

Սիրիայի հակամարտության ընթացքում ընդհանուր առմամբ Թուրքիա է փախել Սիրիայի 120 հազար քաղաքացի, այդ թվում՝ ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև զինված ուժերի դասալիքներ: Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, թե Սիրիայի հյուսիսային շրջաններում «անթռիչք գոտի» է ստեղծելու, եթե փախստականների թիվը գերազանցի 100 հազարը:

Associated Press-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հումանիտար գործողությունների գծով վարչությունը նոյեմբերի 9-ին Սիրիան հայտարարել է իսկական մարդասիրական աղետի գոտի: Ըստ այդ գերատեսչության տվյալների՝  երկրի առնվազն չորս միլիոն բնակիչներ մարդասիրական օգնության կարիք ունեն, և այդ թիվն անընդհատ աճում է: Բացի դրանից՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ այսօրվա դրությամբ հարևան երկրներ են փախել 400 հազարից ավելի սիրիացիներ, և եթե իրավիճակը շարունակի զարգանալ նույն ուղղությամբ, ապա 2013 թ. սկզբին այդ թիվը կարող է կրկնապատկվել:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը քննարկում է միասնական ղեկավարության ստեղծման հարցը’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» առաջին անգամ տարին եզրափակել է շահույթով’