‘Այս տեմպերով «Հյուսիս-Հարավ»-ը կավարտվի 2150 թվականին’

1144

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հարց ուղղեց՝ կապված «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինարարական ծրագրի հետ: Նա հիշեցրեց, որ ծրագիրը սկսվել է ոչ թե 2009 թվականին, ինչպես նախատեսվել էր, այլ՝ երեք տարի ուշացումով՝ 2012 թվականին, ինչի պատճառով Հայաստանը որպես տուգանք ավելի քան 300 հազար դոլար էր վճարեց: Ապա հավելեց, որ եթե անգամ համարենք, թե աշխատանքները սկսել են 2009-ից, ապա ընդհանուր առմամբ նախատեսված ավելի քան 500 կմ ճանապարհահատվածից մինչ այս պահը կառուցվել է ընդամենը 15-20 կիլոմետրը: Նա հավելեց, որ ծրագրի համաֆինանսավորող Ասիական զարգացման բանկն է խոստովանել, որ աշխատանքները խիստ դանդաղ ու անարդյունավետ են ընթանում: «Ո՞րն է պատճառը, որ անցած տարիների ընթացքում կառուցվել է ընդամենը  20 կմ ճանապարհ, այսինքն՝ տարեկան՝ 3-4 կմ: Նման տեմպերով ճանապարհը կառուցելու դեպքում աշխատանքները կավարտվեն 2150 թվականին»,- հայտարարեց պատգամավորը:

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե 2150 թվականի մասին պնդումը հոռետեսական ու ծաղրական է համարում, ապա «բացատրեց», թե ինչու են աշխատանքներն այդպես դանդաղ ընթանում: Նա նշեց, թե կառավարությունը ծրագրի մեկնարկից հետո լրջագույն խնդիրների է առնչվել, որովհետեւ գիտակցաբար նախապատվությունը տվել են որակով աշխատանքին, եւ նաեւ որպեսզի Հայաստանում այդ մեծածավալ ներդրումից հետո լինի կուտակված պոտենցիալ, որպեսզի հետո կարողանան ինքնուրույն նման ծրագրեր իրականցնել եւ պատաշաճ սպասարկեն ժամանակակից ճանապարները: «Հայաստանում չկային այն կարողությունները, որ մեզ պետք է հնարավորություն տային՝ նախագծել նման ճանապարհ, չունեինք գիտելիքներ, մասնագետներ եւ նորմատիվ ակտեր: Չունեինք փորձ, թե ինչպես են կառավարվում նմանատիպ մեծածավալ ներդրումների պարագայում ճանապարհային շինարարությունը: Եւ բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի գտնենք ճիշտ մոդելը: Արդյունքում մենք գտանք Հայաստանի համար լավագույն լուծումը: Ուսումնասիրել ենք նաեւ Վրաստանի փորձը եւ տեսանք, որ նման խնդիրների հետ առնչվել են նաեւ նրանք: Դա նաեւ բացասաբար է անդրադարձել 2013-ի տնտեսական աճի ցուցանիշի վրա, որովհետեւ չենք կատարել մեծ ծավալով կապիտալ ներդրումներ, քանի որ նախապատվությունը տվել ենք որակին, քանի որ սա ամենաթանկ ճանապարհն է լինելու պատմության մեջ: Բայց այս տարի արդեն թափով աշխատանք կընթանա»,- հայտարարեց Սարգսյանը:

Ի պատասխան պատգամավորը հայտարարեց, թե ուրախ է, որ վարչապետը իր վարչապետության օրոք առաջացած խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացնում, սակայն, նրան լսելուց հետո չի փոխում իր կարծիքը 2150 թվականի վերաբերյալ, քանի որ կան այլ օրինակներ՝ այլ հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ եւս տրվել են խոստումներ:  

Տիգրան Սարգսյանը վերջում հավելեց, թե ապագայում լրացուցիչ կապիտալ ներդրումներ են սպասվում, որովհետեւ այդ 900 մլն դոլարն էլ բավարար չէ, որպեսզի շարունակվեն աշխատանքները:  

 

Նախորդ հոդվածը‘Երևանում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Միլլերի հետ գազի սակագնի հարցն է քննարկել ‘