‘Անահիտ Ֆարմանյանը հերքում է խոսակցությունները, թե ինքը ձգտում է ռեկտոր դառնալ’

1213

«Երբ ծանոթացա նյութին, կասկած առաջացավ, որ հնարավոր է՝ բողոքը ներկայացվել է ընդամենը մեկ դասախոսի կողմից: Այսօր եվրոպական համակարգին ինտեգրվելու համար բուհերում կատարվում են բարեփոխումներ, իհարկե, մեր բուհում ունենք տարբեր սերնդի ներկայացուցիչներ, որոնք գուցե նաև ներքուստ ունեն չկարողանալու խնդիր, այսինքն՝ չեն կարողանում նոր պահանջներին բավարարել»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի մանկավարժական ինստիտուտի գիտության և արտաքին հարաբերությունների գծով պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ մեկնաբանելով օրերս ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե՝ ինստիտուտի դասախոսական կազմը բողոք է հայտնել իր գործունեությունից:

Ըստ տեղեկությունների՝ Անահիտ ֆարմանյանը, ով, ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, իր ձեռքն է առել ամբողջ կառույցի կառավարումը՝ ընդհուպ մինչև իրեն ենթարկել ԲՀԿ-ական ռեկտորին:

Անահիտ Ֆարմանյանի խոսքով՝ երբ ինքը նշանակվել է պրոռեկտոր, գիտական խորհուրդն իրեն ընտրել է որպես բարեփոխումների, որակի ապահովման հանձնաժողովի նախագահ: Այսինքն՝ այս կամ այն պահանջն ինքը ներկայացնում է ռեկտորին, և նրա հանձնարարությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Մենկաբանելով այն խոսակցությունները, թե իր թիկունքում կանգնած է եղբայրը՝  Սամվել Ֆարմանյանը, որը նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համակուրսեցին է, պրոռեկտորն ասաց.

«Նախ Սամվելն ինձանից 5 տարի փոքր է, և երկրորդ՝ ես բուհը գերազանց ավարտել եմ, թեկնածուականը պաշտպանել եմ, իմ դոկտորական թեման հաստատվել է, նոր ինքը ուսանող է դարձել»:

Տիկին Ֆարմանյանը հավաստիացնում է, թե բուհում հանձնարարականները տրվում են միայն ու միայն ռեկտորի կողմից, իսկ ինքն զբաղվում է գործընթացների կոորդինացմամբ, և բուհի ռեկտորը, չնայած լինելով ավագ սերնդի ներկայացուցիչ, կողմ է նման բարեփոխումներին:

«Փորձում են վեր հանել միայն նոր համակարգի բացասական կողմերը, բայց այն իրականում օժտված է աննկարագրելի շատ դրական կողմերով: Իրոք, բարդ է հին համակարգից նոր համակարգի անցումը՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ Սովետական Միության տարիներին համակարգին վերևից են նայել, իրենք եղել են իշխող: Այսօր եթե ուսանողի հետ բարձր են խոսում, ուսանողին նեղացնում են, մեր կողմից արձագանք է ստանում, որ իրավունք չունի ուսանողին վիրավորելու կամ նեղացնելու, գուցե և առաջանում է զայրույթ, ես չեմ կարող ասել»,- մեկնաբանում է Անահիտ Ֆարմանյանը:

Վերջինս լիովին հերքում է նաև խոսակցությունները, թե ինքը ձգտում է ռեկտոր դառնալ:

«Ինձ մոտ նման ձգտումներ չկան, ինձ համար գերխնդիրը բուհը հավատարմագրման գործընթացին հասցնելն է: Ասեմ ավելին. երբ ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ուզում էր մեծամասնականով թեկնածություն առաջադրել, ես ինքս եմ խնդրել, որ այդ դեպքում, երբ ինքը հրաժարվում է պաշտոնից, ապա պետք է նկատի ունենա, որ  բարեփոխումների փուլում մենք շատ բան ենք կորցնելու: Այսօր ոչ մի նման փոփոխություն բուհին պետք չէ, ես ինքս ցանկություն չունեմ ռեկտորի պաշտոնին հավակնել»,- եզրափակեց Անահիտ Ֆարմանյանը՝ նկատելով, որ ցավալին այն է, որ Galatv.am-ի այդ ռեպորտաժը պատրաստել է հենց իրենց ուսանողներից մեկը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «Վերջ»-ը’
Հաջորդ հոդվածը‘Իրավապահ մարմինները մատը մատին չեն տալիս, մինչդեռ փաստաբանը պնդում է՝ հայտարարությունը ևս քերական գործ հարուցելու առիթ է’