‘Անգելա Մերկելը «կվերաբեռնի» Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները’

851

«Նոր էջ բացել Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերություններում» — այսպես է բնութագրել իր այցն Անկարա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: «Գայթակղության քարը» Թուրքիայի անդամակցությունն է ԵՄ-ին, և հենց դա էլ դարձել է քննարկման կարևորագույն թեման Մերկելի և թուրք ղեկավարության հանդիպման ընթացքում: Ութ տարի առաջ սկսված բանակցություններն առաջ չեն գնում մի քանի  հարցերի պատճառով, նախ և առաջ՝ բաժանված Կիպրոսի և թուրքական իշխանությունների կողմից մարդու իրավունքների և խոսքի ազատության ոչ բավարար ապահովման պատճառով: Հենց դրանք էլ հանգեցրել են Անկարայի և Բրյուսելի միջև փոխհարաբերությունների վատթարացմանը, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանն արդեն իսկ հայտարարել է, թե փոխանակ իր երկիրն ապարդյուն սպասի Բրյուսելի հրավերին, ավելի լավ է՝ մտածի Շանհայի կազմակերպության հետ համագործակցության մասին:  Ներդրումների տեսանկյունից՝ թուրք գործընկերոջ կորուստը չափազանց անցանկալի է ճգնաժամի մեջ գտնվող ԵՄ-ի համար, և Անգելա Մերկելը, որ երկուշաբթի այցելել է Կապադովկիայի հնագույն քրիստոնեական եկեղեցիների համալիր, կջանա շտկել իրավիճակը: Դրա համար նա, առաջին հերթին, պետք է հաշտեցնի Անկարային և Փարիզին:

Ֆրանս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատացան Նիկոլա Սարկոզիի իշխանության օրոք, ով բացահայտ դեմ էր Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Իսկ երբ Ֆրանսիայի խորհրդարանը օրինագիծ ընդունեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանելու վերաբերյալ, Անկարան իր դեսպանին ետ կանչեց Փարիզից և դադարեցրեց Ֆրանսիայի հետ համագործակցությունը ռազմական, տնտեսական և քաղաքական ոլորտներում: Օրինագիծը ճանաչվեց Ֆրանսիայի սահմանադրությանը հակասող և վերադարձվեց խորհրդարան՝ լրամշակման, սակայն երկու երկրների միջև հարաբերություններն այդպես էլ չկարգավորվեցին:

Սուր անկյուններ կան նաև ֆրանս-գերմանական հարաբերություններում: Գերմանիայում է բնակվում թուրքական ամենաստվար համայնքը, և Անկարան բազմիցս բարձրացրել է երկքաղաքացիության հարցը:

Կիրակի օրը ԳԴՀ կանցլերն այցելել է սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Կահրամանմարաշ բնակավայրը, որտեղ բունդեսվերի մոտավորապես 300 զինվորներ իրականացնում են Գերմանիայից բերված Patriot համալիրների սպասարկումը:

ԵՄ-ն շահագրգռված է, որպեսզի Թուրքիան իր հուսալի դաշնակիցը մնա սիրիական ճգնաժամի, Լիաբանանի և Հորդանանի կարգավորման, ինչպես նաև՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի աշխարհաքաղաքական ներգրավումն ապահովելու հարցերում, հաղորդում է  euronews –ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա» — «Ռեալ». ֆավորիտը կատալոնացիներն են. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ում դեռ հետընտրական զարգացումները քննարկելու ձևաչափ չեն գտել’