‘Անդալուսյան դերբի, Յուվենտուս — Լացիո և այլ հետաքրքիր երեք հանդիպումներ’

1150

Ազգային հավաքականների կազմում հանդիպումներ անցկացնելուց հետո ֆուտբոլիստները վերադառնում են իրենց ակումբների տրամադրության տակ, որոնց կազմում կմասնակցեն հերթական տուրի հանդիպումներին: Ձեզ ենք ներկայացնում եվրոպական թոփ առանջնություններում կայանալիք առավել հետաքրքրության արժանի հինգ հանդիպումների կարճ անոնսները:

«Արսենալ»«Տոտենհեմ»

Շաբաթ, ժամը 16:45

Լոնդոնյան «դերբի», որը խոստանում է լինել վերջին հինգ դիմակայությունների նման գոլառատ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև վերջին հինգ խաղերում ընդամենը մեկ անգամ է եղել, որ գրանցվել է երեք գոլ, մնացած չորս հանդիպումներում գրանցվել է հինգ կամ ավելի գնդակ: Պարզ է, որ այժմյան «Պրեմիեր  լիգա»-ի 7-րդ և 8-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը մրցաշրջանի ավարտին կպայքարեն ՉԼ որակավորվելու համար: Վենգերը հանդիպումից առաջ կարող է մի փոքր ուրախանալ, քանի որ բազմաթիվ վնասվածքներով խաղացողներից վերջապես կազմ է վերադարձել թիմի հիմնական դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, ով մեկնարկային կազմում դուրս կգա իտալացի Վիտո Մանոննեի փոխարեն: Վիլաշ Բոաշի թիմում նույնպես կան հիմնական կազմի վնասվածքով խաղացողներ` Դեմբելեն և Պարկերը բաց կթողեն հանդիպումը, փոխարենը պատրաստ են մեկնարկային կազմ դուրս գալ Դեֆոն, Լենոնն ու աջ պաշտպան Ուոլկերը, ովքեր մկանային խնդիրներ ունեին շաբաթվա ընթացքում: Հանդիպման գլխավոր հետաքրքրություններից մեկն էլ Ադեբայորի առկայությունն է «Տոտենհեմ»-ի կազմում, ով հերթական անգամ կխաղա իր նախկին թիմի դեմ, և գոլի հեղինակ դառնալու դեպքում չի զսպի իր զգացմունքները, ինչպես դա արդեն մեկ անգամ արեց «Մանչեստեր Սիթի»-ի կազմում հանդես գալուց:

«Յուվենտուս»«Լացիո»

Շաբաթ, ժամը 21:00

Թուրինցիները Ստրամաչիոնի «Ինտեր»-ից կրած ցավալի պարտությունից հետո ստիպված էին մոտենալ այն իրականությանը, որտեղ նրանք դեռ չեն ապահովել հերթական չեմպիոնի տիտղոսը, որը շատերը ցանկացած պահի պատրաստ էին նվիրել Յուվեին, և որտեղ նրանք եթե երեքշաբթի չհաղթեն «Չելսի»-ին, շատ մոտ կլինեն հրաժեշտ տալ ՉԼ-ն նվաճելու երազանքին: Թվում է, թե Կոնտեն պատրաստ կլինի որակազրկված Պիրլոյի հետ մեկտեղ հանգստանալու հնարավորություն տալ ևս մի քանի ֆուտբոլիստի՝ պատրաստելով նրանց «Չելսի»-ի դեմ խաղին: Կոնտեն «նկարչի» բացակայության պարագայում կարող է վերադառնալ «4-4-2»-ի, որտեղ տեղ կգտնի «Լացիո»-ի դարպասը գրավելու հարցում վարպետ` նոր վնասվածքից ապաքինված Սիմոնե Պեպեն: Հավանական ոչ-ոքին չեմպիոնի հետ ձեռք կտա նաև «Լացիո»-ին, որը մայրաքաղաքային «դերբի»-ում «Ռոմա»-ին հաղթելուց հետո էլ ավելի մոտեցավ իրենց այս մրցաշրջանի գլխավոր նպատակին` երրորդ տեղին:

«Նապոլի»«Միլան»

Շաբաթ, ժամը 23:45

Երկու մրցաշրջան առաջ այս թիմերը պայքարում էին «Սկուդետտո»-ի համար, իսկ այժմ «Նապոլի»-ն փորձում է հաստատվել ՉԼ որակավորվելու գոտում, իսկ «Միլան»-ը չի կարողանում առաջնությունում ավելի բարձրանալ, քան 10-րդ հորիզոնականն է: Պարզ է, որ այս պահի դրությամբ Ալեգրիի սաների մտքերն ավելի շատ կենտրոնացած են չորեքշաբթի օրը կայանալիք «Անդերլեխտ»-ի դեմ խաղի վրա, որի արդյունքից մեծապես կախված կլինեն թիմի հետագա անելիքները: Խաղի գլխավոր հետաքրքրություններից մեկն այն է, թե ինչպես է Ալեգրին պատրաստվում լուծել Կավանիին վնասազերծելու  խնդիրն իր խղճուկ պաշտպանությամբ, այս խնդիրը չլուծելու դեպքում իրենց լավագույն մարզավիճակում գտնվող Մոնտոլիվոն և Էլ Շարաավին էլ բավարար չեն լինի և չեն կարողանա օգնել միավորներ տանել «Սան Պաուլո» մարզադաշտից:

«Ռեալ Մադրիդ»«Ատլետիկ Բիլբաո»

Շաբաթ, ժամը 01:00

Իսպանական «Պրիմերա»-ի երեք «Էլ Կլասիկո»-ներից մեկն արդեն որերորդ անգամ անցնում է առանց լուրջ պայքարի, և վերջում երեք միավորը գրանցվում է Մոուի սաների օգտին, որի թիմը վերջին անգամ Պելեգրինիի գլխավորությամբ է միավորներ կորցրել այս դիմակայությունում: Անցած մրցաշրջանում ևս «Ռեալ»-ը մրցակցին տանը ջախջախեց 4-1,  իսկ «Սան Մամես»-ում՝ 0-3 հաշվով՝ ձևակերպելով այդ խաղում նաև իր չեմպիոնությունը:

Այս հանդիպմից ևս շատ դժվար է ակնկալել, որ Բյելսայի սաներին կհաջողվի միավորներ տանել «Սանտիագո Բերնաբեու»-ից ՝ հաշվի առնելով որակազրկված Անդեր Էրերայի, Դե Մարկոսի և վնասվածք ունեցող Ինյիգո Պերեսի բացակայությունը: Այս ամենից բացի՝ պետք է չմոռանալ, որ Մոուի թիմը շարունակում է 8 միավորով հետ մնալ Բարսայից և ստիպված է ներքին առաջնությունում ցանկացած տուրի հանդիպման վերաբերվել ինչպես եզրափակչի: Շաբաթվա ընթացքում նորից խոսեցին մադրիդցիների ներքին խնդիրների մասին, բայց այդ ամենը չպետք է խանգարի վաստակել հերթական երեք միավորը:

«Սևիլիա»«Բետիս»

Կիրակի, ժամը 00:30

Մեր կողմից առանձնացրած հանդիպումներից միակը,  որը կկայանա կիրակի երեկոյան : Անդալուսյան «դերբի»-ն այս անգամ տարբերվում է նրանով, որ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն իր անվանմամբ, այլև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից: Ֆելիպե Մելոյի թիմը այժմ գտնվում է չորրորդ հորիզոնականում և կփորձի հաստատվել և կառչել ՉԼ որակավորվելու երազանքից: «Բետիս»-ի կազմում շարունակում է հաջող հանդես գալ Մելոյի «ջոկեր»-ը՝ բասկ Էչեբերիա Բենյատը, ով վերջին դերբիի գլխավոր հերոսն էր՝ տուգանայիններից  իր երկու գոլերով: Բենյատը «Պրիմերա»-ի լավագույն կառուցողներից է և այժմ փորձում է հիմնվել նաև հավաքականի կազմում՝ խաղալով ընկերական խաղերում: Ինչ վերաբերում է «Սևիլյա»-ին, ապա այստեղ գործերը այդքան էլ լավ չեն ընթանում. ուժեղ մեկնարկից հետո, որի ընթացքում թիմը փայլուն հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ, Միչելի սաները Բարսայի դեմ «ողբերգությունից» հետո, երբ հաղթելով 2-0 հաշվով՝ մրցավարի ավելացրած րոպեներին պարտվեցին 2-3, այդպես էլ ուշքի չեն գալիս և գլորվում են ավելի ցած: «Սևիլյա»-ի երկրպագուները հույսով են, որ վնասվածքից ապաքինված Բոտիան և Մանուն կօգնեն ընդհատել երեք խաղ ձգվող առանց հաղթանակների շարքը, դրանով նաև կխանգարեն Պեպե Մելին տանել երրորդ անընդմեջ հաղթանակը «Սանչես Պիսխուան» մարզադաշտում, ինչը դեռևս «Բետիս»-ի ոչ մի մարզչի չի հաջողվել: Մեզ սպասվում է գերլարված հանդիպում, որտեղ կարելի ակնկալել բազմաթիվ գոլեր և, ինչու չէ, նաև բազմաթիվ կարմիր քարտեր:

Բացի այս հինգ հանդիպումներից՝ կարելի է առանձնացնել նաև «Բայեր» Լեվերկուզեն — « Շակլե 04»,  «Ռոմա» — «Տորինո» և «Վալենսիա» — «Էսպանյոլ» հանդիպումները:

Նախորդ հոդվածը’21-րդ դարի հայ ուսանողները սովորում են Խորհրդային Միության մեթոդներով’
Հաջորդ հոդվածը‘Իրավիճակ, երբ ուսխորհրդի անդամներն ու իշխանության ներկայացուցիչները միևնույն կուսակցությունից են’