‘Անդերս Ֆոգ Ռասմուսենի ելույթը ԵՊՀ-ում’

1393

Այսօր, սեպտեմբերի 6-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը այցելել է ԵՊՀ, որտեղ հանդես է եկել ծավալուն ելույթով: iLur.am-ը ներկայացնում է Անդերս ֆոգ Ռասմուսենի ելույթն ամբողջությամբ:

Ռեկտոր Սիմոնյան, տիկնայք և պարոնայք, հարգելի ընկերներ 

Շնորհակալ եմ Ձեզ` ռեկտոր Սիմոնյան, այսքան սիրալիր ընդունելության համար: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել  Հայաստանում: Ուրախ եմ այս դահլիճում տեսնել այսքան շատ երիտասարդներ, ինձ համար մեծ հաճույք է շփվել երիտասարդ լսարանի հետ: Երեւանի պետական համալսարանը մեծ վարկանիշ ունի. նախագահներ, պոետներ եւ փիլիսոփաներ են կրթվել այս պատերի ներքո: Ես վստահ եմ, որ այստեղ նստածներից շատերը ապագա հայ առաջնորդներն են լինելու:

Ես տնտեսագետ եմ եւ ինձ վրա մեծ տպավորություն է գործել այս երկրի ու այս տարածաշրջանի անհավատալիորեն մեծ ներուժը: Բոլորիս հայտնի է, որ դարեր առաջ, սա աշխարհի ամենահարուստ վայրերից էր, եւ ես հավատում եմ, որ դուք այդ բարձունքն էլի կգրավեք:

Սա հատկապես կարեւոր է ձեզ համար` երիտասարդներ: Դուք ապրում եք այն ներկայում, որը ժառանգել եք , բայց կարող եք կերտել այն ապագան, որն ուզում եք ունենալ: 

Միայն համագործակցությունը, երկխոսությունն ու փոխզիջումը կարող են տալ այն կայունությունն ու անվտանգությունը, որն անհրաժեշտ է զարգացման համար. սա է իմ այսօրվա խորհուրդը ձեզ:

Կազմակերպությունը, որը ես ներկայացնում եմ՝ ՆԱՏՕ-ն, ապացույցն է այն փաստի, որ իմ նշած բանաձեւն աշխատում է: Մենք ցանկանում ենք աջակցել ձեզ` այս տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ձեւավորման գործում: Այսօր ես ցանկանում եմ անդրադառնալ երեք հիմնական կետերի: Նախ` կցանկանայի մի փոքր պատմել ՆԱՏՕ-ի մասին, այնուհետեւ կբացատրեմ, թե ինչպես են ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը աշխատում միասին, եւ կնկարագրեմ այն աջակցությունը, որը ՆԱՏՕ-ն այսօր ցուցաբերում է այս երկրին: Եվ վերջում կուզենայի տեսնել, թե ինչպես պետք է Հայաստանը եւ այս տարածաշրջանը ցույց տա իր իրական ներուժը: Եվ, իհարկե, կփորձեմ իմ սեփական կարծիքը արտահայտել Սաֆարովի խնդրի վերաբերյալ: 

Այսպիսով, նախեւառաջ ՆԱՏՕ-ն /Հյուսիսատլանտյան դաշինք/ բացառիկ կազմակերպություն է, որը միաժամանակ եւ միջազգային-քաղաքական դաշինք է, եւ` ռազմական: Մեր երկու անդամները` ԱՄՆ-ը եւ Կանադան, հարավում են, իսկ մնացած 26-ը՝ Եվրոպայում:

Բոլոր դաշնակից երկրները հանձն են առել մի սուրբ պարտավորություն. նրանք համաձայնության են եկել, որ անդամ երկրներից որեւէ մեկի տարածքի վրա զինված հարձակման դեպքում բոլոր մյուս երկրները պետք է օգնության հասնեն` «մեկը բոլորի համար, բոլորը` մեկի» սկզբունքին համաձայն: Սա համախոհների դաշինք է, որոնք պատրաստակամ եւ ունակ են պաշտպանել մեկը մյուսին, ինչը շատ կարեւոր է անորոշության պահերին:

Բայց ՆԱՏՕ-ն ավելին է, քան միասնական պաշտպանության դաշինք: Այն նաեւ քաղաքական համագործակցություն է՝ միավորված ընդհանուր հավատով եւ սկզբունքներով: Բոլոր դաշնակիցները համախմբված են ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ճանաչման հիմնարար արժեքների շուրջ, եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում պաշտպանել այս արժեքները:

Այսօր մենք կարող ենք տեսնել այս համագործակցության արդյունքները աշխարհի բոլոր այն անկյուններում, որտեղ մենք միջոցառումներ ենք իրականացրել ԱՄՆ մանդատով: Աֆղանստանում, որտեղ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի վստահ լինենք, որ երկիրը այլեւս երբեք չի դառնա ահաբեկիչների հանգրվան, Կոսովոյում, որտեղ մենք շարունակում ենք  խաղաղ միջավայր ապահովել բոլոր համայնքների համար, Հնդկական օվկիանոսի ավազանի երկրներում, որտեղ մենք օգնում ենք ազատ գոտի ապահովել ծովահենության վտանգի տակ գտնվող նավերի համար, իսկ վերջին ժամանակներս նաեւ Լիբիայում, որտեղ մենք կանխեցինք կոտորածը եւ օգնեցինք հարձակումներից պաշտպանել քաղաքացիներին:

Մենք հանգել ենք այն եզրակացությանը, որ փոխհամաձայնությունն ու համագործակցությունն են թե քաղաքական, եւ թե ռազմական խնդիրների լուծման գրավականը: Որոշ դաշնակիցներ մեծ տարածք ունեն, ինչպես օրինակ ԱՄՆ-ը, մյուսները ավելի փոքր են, ինչպես օրինակ իմ երկիրը՝ Դանիան: Սակայն յուրաքանչյուր որոշում ՆԱՏՕ-ում կայացվում է փոխհամաձայնությամբ: Դա նշանակում է, որ բոլոր դաշնակիցներն էլ, անկախ իրենց զբաղեցրած մակերեսի, պետք է համաձայնության գան, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ բոլոր դաշնակիցները հավասար ձայն ունեն:

Երբեմն, իհարկե, մենք անհամաձայնություններ ենք ունենում, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ինչպես իսկական ընկերներ, երկար քննարկումներ ենք ունենում եւ ի վերջո` զիջումների ենք գնում: Դա այնքան էլ հեշտ չէ, բայց մենք դրա միջով անցնում ենք ամեն օր:

Համագործակցունը  պահանջում է երկխոսություն, երկխոսությունը հանգեցնում է զիջման, զիջումը հանգեցնում է  համագործակցության, իսկ համագործակցությունը ապահովում է մեր անվտանգությունը: Սա հավերժ շրջան է:

Այս մոտեցուման շնորհիվ է ՆԱՏՕ-ն դարձել աշխարհի պատմության մեջ ամենահաջողակ դաշինքը: Իհարկե, չպետք է ապրել պատմությամբ, մենք պետք է դիմակայենք ոչ թե անցյալի, այլ`  ապագայի հարվածներին: Ժամանակները փոխվում են, մեր մարտահրավերները նույնպես. ՆԱՏՕ-ն նույնպես փոփոխություններ է կրում` ապագայի սպառնալիքներին արժանի կերպով դիմագրավելու համար:

Անցած երկու տասնամյակների ընթացքում մեզ հաջողվեց հասկանալ, որ բնակչության եւ տարածքների պարզ ֆիզիկական պաշտպանությունը բավարար չէ: Սահմաններին տեղակայված տանկերը երկար ժամանակով չեն ապահովի մեր անվտանգությունը, իսկ նոր սպառնալինքները չափազանց բարդ են, բավականին խճճված եւ անկանխատեսելի: Դրանք այլ մոտեցում են պահանջում:

Այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ահաբեկչությունը, կիբերպատերազմները կամ զանգվածային ոչնչացման միջոցների ստեղծումը, ոչ մի բանակ ու ոչ մի երկիր չի կարող դիմակայել, եթե ՆԱՏՕ-ն միասնական չգործի: Այսպիսի խնդիրները պահանջում են թիմային աշխատանք՝ սահմանների, տարածքների եւ մշակույթների միջեւ:

Ահա թե ինչու, 21-րդ դարում անվտանգության ապահովումը պետք է ուղեկցվի իրական համագործակցությամբ: Մեզ հարկավոր են գործընկերներ, այստեղ՝ այս տարածաշրջանում, աշխարհով մեկ. գործընկերներ, որոնք կիսում են անվտանգության մեր արժեքներն ու դրան հասնելու մեր ցանկությունը:

Միասին աշխատելու համար դուք պետք է միավորեք ձեր ջանքերը ազատ ընտրությունների, ազատ մամուլի եւ ժողովրդավարության ապահովման համար: Դա լավ կլինի Հայաստանի համար եւ դա կապահովի ձեր մրցունակությունը ՆԱՏՕ-ի հետ ամուր համագործակցություն կառուցելու համար:

Սա ինձ հանգեցնում է երկրորդ կետին, որին ես ցանկանում եմ անդրադառնալ այսօր. ինչպես են ՆԱՏՕ-ն եւ Հայաստանը աշխատում միասին:

Երկար տարիներ Հայաստանը ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերներից մեկն է: Ձեր երկրի աջակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում իրականացրած մեր միջոցառումներին նշանակալի է եւ գնահատված:

Աֆղանստանում դուք հանդիսանում եք ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող 50 երկրների (աշխարհի երկրների ¼-ը) կոալիցիայի մաս: Ապահովելու համար, որպեսզի Աֆղանստանը այլեւս երբեք ապաստարան չտրամադրի ահաբեկիչներին, ովքեր սպառնում են մեր ժողովուրդներին: Ես բազմիցս այցելել եմ Աֆղանստան, եւ տեսել եմ այն մեծ աշխատանքը, որը կատարում է ձեր սպասարկող անձնակազմը:

Ես գիտեմ, որ կան մարտահրավերներ, եւ ես սեփական աչքերով եմ տեսել առկա առաջընթացը, որը մենք ստեղծում ենք ամբողջ երկրով մեկ: 2014 թվականի վերջին մենք կավարտենք մեր ընթացիկ ռազմական առաքելությունն այնտեղ: Սակայն մեր պարտականությունները Աֆղանստանի հանդեպ շարունակվելու են: 2014 թվականից հետո մենք նոր առաքելություն ենք սկսելու այնտեղ` աֆղանական անվտանգության ուժերի ուսուցում, կոնսուլտացիաներ եւ օգնություն տրամադրելու համար: Եւ ես հույս ունեմ, որ Հայաստանն այդ օժանդակության մասը կդառնա:

Ձեր երկրի ներդրումը ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին նշանակում է, որ հայկական զորքերը ստացել են խաղաղության ապահովման հարցում արժեքավոր պատրաստվածություն:

Ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, խաղաղության ապահովման հարցում դա ձեր երկրի սեփական հնարավորությունների մշակման կարեւոր տարրն է: ՆԱՏՕ-ն զգալի աջակցություն է ցուցաբերում, որպեսզի օժանդակի ձեզ այդ հնարավորություններն ավելացնելու հարցում:  

Մենք Հայաստանին աջակցում ենք նաեւ այլ ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, ռազմական բարեփոխումներն ու կիբեր-անվտանգությունը: Դա Հայաստանին դարձնում է ավելի ուժեղ, ավելի անվտանգ ու ավելի լավը, ինչն ի վիճակի կլինի օժանդակել անվտանգությանը` այլ վայրերում եւս:

Սակայն մեր համագործակցությունը հայերի համար նաեւ նշանակություն ունի այստեղ` իրենց տանը: Մեր համագործակցության կարեւոր առաջնահերթություններից մեկը եղել է քաղաքացիական պաշտպանությունն ու տարերային աղետների հետեւանքների վերացումը: Մենք բոլորս գիտենք, որ երկրաշարժերն այստեղ, այս տարածաշրջանի համար պարբերական վտանգ են ներկայացնում եւ որ այս երկիրն էլ տուժել է դրանից:

1988-ի երկրաշարժի զոհ են դարձել ավելի քան 45 հազար մարդ: Ըստ այդմ, մենք ուսուցանում ենք, որպեսզի օգնենք Հայաստանի փրկարարներին` ամրապնդելու համար նրանց ներուժը որոնողական եւ փրկարարական աշխատանքներում:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներն են այն ամենից, ինչը մենք անում ենք միասին: Եւ մենք դա անում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին եւ անվտանգության քաղաքականությանը լիովին համապատասխան:

Ավելի հստակ ասած, մենք որեւէ  հակասություն չենք տեսնում ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ բարիդրացիական հարաբերությունների եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ լավ հարաբերությունների միջեւ:

Այն կարող է աշխատել: Եւ այն իրոք աշխատում է:

Եւ ի դեպ, դա աշխատում է նաեւ ՆԱՏՕ-ի պարագայում` մենք խորը եւ լավ, զարգացող հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Քանի որ մենք համարում ենք, որ եվրոպական պատմության այս ժամանակահատվածում կարող ենք ունենալ փակ շրջան: Բոլոր երկրները կարող են հրաժեշտ տալ անցյալին` հանգստանալու եւ առաջ շարժվելու համար: Այդպիսով, արդյունքում մի ամբողջ աշխարհամաս կշահի:

Դա բերում է ինձ իմ երրորդ եւ վերջին կետին` ինչպես Հայաստանը, այնպես էլ ողջ տարածաշրջանը կարող է ամբողջովին բացահայտել իր ներուժը: Բաց սահմանների ներուժը: Ներդրումների աճը: Արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների առեւտրի համար հավելյալ հնարավորություններ: Ավելի լավ աշխատատեղեր: Տարածաշրջանային քաղաքական եւ տնտեսական համագործակցության ամրապնդում: Կայունության եւ անվտանգության բարձրացում: Ավելի շատ բարգավաճում:

Մենք գիտենք` ինչն է խոչընդոտում այդ ներուժին: Չկարգավորված հակամարտությունները: Փակ սահմանները: Ականապատ տարածքները: Խրամատները: Փակ օդային տարածքները: Հարեւանների միջեւ համագործակցության ճանապարհին այս տարածաշրջանը ավելի շատ խոչընդոտներ ունի, քան աշխարհի այլ ցանկացած վայր:  

Մենք պետք է կոտրենք անվստահության այդ հնացած խոչընդոտները: Եւ մենք պետք է կառուցենք տարածաշրջանային հաշտության նոր կամուրջներ:  

Այդ հարցում կարեւոր քայլ պետք է լինի ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնումը: Երկու բան ակնհայտ է: Առաջին` ռազմական լուծում գոյություն չունի: Եւ երկրորդ` առաջընթացի միակ ճանապարհը երկխոսության, փոխզիջումների եւ համագործակցության միջով է անցնում:  

ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, անմիջականորեն չի մասնակցում այդ հակամարտության կարգավորման ուղիների որոնման աշխատանքներին: Մենք նաեւ չենք «բռնել» ոչ մեկի կողմը: Մենք շարունակելու ենք աջակցել Մինսկի գործընթացին եւ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Ես խորապես անհանգստացած եմ ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին համաներելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ: 2004  թվականին նա կատարեց այդ ահավոր հանցագործությունը, ինչի համար չպետք է համաներման ենթարկվեր: Համաներումը վտանգում է վստահությունն ու չի օժանդակում խաղաղ գործընթացին: Չի կարող լինել վերադարձ դեպի  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտություն: Այս տարածաշրջանի լարվածությունը պետք է նվազեցնել, եւ տարածաշրջանային համագործակցության եւ հաշտեցման համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն: Կովկասյան տարածաշրջանը մեծ ներուժ ունի: Հայաստանը մեծ ներուժ ունի: Եւ մեր` ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը եւս մեծ ներուժ ունի: Այս տարածաշրջանի երկրները պարփակված են հակամարտություններով չափազանց երկար ժամանակ: Խաղաղություն կառուցելու ժամանակն է: Եկեք օգտվենք առիթից, որպեսզի ստեղծենք այն կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը, որին Հայաստանն արժանի է, որին տարածաշրջանն  արժանի է, եւ որին դուք արժանի եք: Ոմանք ցանկանում են, որ դա տեղի ունենա: Ոմանք կարծում են, որ դա տեղի կունենա: Դուք դա կարող եք իրականություն դարձնել: 

Շնորհակալություն  

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը տարածաշրջանայաին իր այցի շրջանակներում Հայաստան է ժամանել սեեպտեմբեր 5-ի երեկոյան: Սեպտեմբերի 6-ին նա սկսել է իր հանդիպումները: Առավոտյան նա այցելել է ԵՊՀ, որից հետո հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո Ռասմուսենն ու Սարգսյանը համատեղ ճեպազրույց են ունեցել որոշ ԶԼՄ-ների համար: Հայաստանից ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուղեւորվել է Վրաստան:

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր էին Ֆալկաոյի գնորդները’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մալթա ‘