‘Անդրանիկ Թեւանյան. Հայաստանը ո՛չ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի և ո՛չ էլ մտնի Մաքսային միության մեջ’

1771

«Արմինֆո»  գործակալության հարցազրույցը  «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն ԱնդրանիկԹևանյանի հետ

-2013 թվականի նոյեմբերին Հայաստանը մտադիր է Վիլնյուսում ստորագրել Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիրը: Որքանո՞վ է նպատակահարմար այդ պայմանագրի ստորագրումը, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դա կարող է սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 

-Բանն այն է, որ Հայաստանում, մեծ հաշվով, Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքման թեմայով հանրային լայն քննարկում չկա։  Իշխանությունները ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն անում, իսկ եթե անգամ անում են, ապա այդ հայտարարություններն, ըստ էության, իրարամերժ բնույթի են։ Նրանք հնարավոր են համարում ինչպես Ասոցացման,  այնպես էլ Մաքսային Միության պայմանագրերի կնքումը: Ամենահետաքրքիրն այն է, որ Ասոցացման հետ կապված ողջ գործընթացը, փաստացիորեն, փակ է, ոչ մեկի ցույց չեն տալիս համապատասխան փաստաթուղթը, որը ԵՄ և Հայաստանի միջև բանակցությունների առարկան է: Բացի այդ, երկրում իշխող կոալիցիան նույնպես ոչ մի հայտարարություն չի արել:  Իշխանությունները ցանկանում են իրականացնել արհեստական PR-արշավ՝ երկրի քաղաքական դաշտը բաժանելով արևմտամետների և ռուսամետների։ Կարծում եմ՝ այդ մոտեցումը սխալ է, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանում պետք է լինեն հայամետ ուժեր, որոնք պետք է ներկայացնեն ժողովրդի շահերը:

Ինչ վերաբերում է Եվրոպայի հետ միությանը, ապա պետք է ազնիվ լինել: Այն ասոցիատիվ մոտեցումը, որն առաջարկում է Եվրոպան, չի ենթադրում, որ, ասենք՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը մոտ ապագայում կդառնան ԵՄ լիիրավ անդամներ: Մեզ  այնտեղ հաստա՛տ սպասող չկա, ինչը միանգամայն տրամաբանական է, քանի որ բոլոր չորս պետություններն էլ բախվել են տեղական հակամարտությունների և ներքին չլուծված խնդիրների հետ: Մոլդովայում դա Մերձդնեստրն է, Ուկրաինայի դեպքում խնդրահարույց է արևմտամետ կամ ռուսամետ կողմնորոշումը, Վրաստանում` Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ Հայաստանում` Ղարաբաղը: Նման երկրներին իր կազմի մեջ ընդգրկելը կնշանակի խաչ քաշել հենց Եվրոպական Միության վրա, որն առանց այդ էլ բազում խնդիրներ ունի: Ակնհայտ է, որ Եվրոպան չի սպասում մեզ: Ասոցացման համաձայնագրի հետ կապված գործընթացներն արագացան միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց Մաքսային միություն ստեղծելու իր մտադրության մասին: Այսպիսով, ԵՄ ցանկանում է ունենալ յուրօրինակ բուֆերային գոտի, որն ուղղված կլինի Ռուսաստանի ազդեցության ընդլայնման դեմ: Բայց մեզ համար դա չէ մտահոգիչը։  Երևանի համար ավելի կարևոր պետք է լինի Հայաստանի անվտանգության հարցը: Ինչպես հայտնի է, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մեր պետության անվտանգության համակարգը փոխկապակցված է Ռուսաստանի հետ։ Այս պահին այլընտրանք մենք չունենք, և անվտանգության ապահովման հարցում ոչ ոք այլ բան չի առաջարկում մեզ: Այս համատեքստում անհրաժեշտ է հաշվի առնել Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցը՝ միաժամանակ իրականացնելով տնտեսական, քաղաքական և իրավական համակարգի արդիականացում՝ համապատասխանեցնելով դրանք եվրոպական չափանիշներին, քանի որ այդ չափանիշները զարգացման հնարավորություն են տալիս: Իհարկե, եվրոպական ինտեգրման գործընթացն անհրաժեշտ է մեզ, բայց չի կարելի այն շփոթել ԵՄ-ին անդամակցելու հետ, մանավանդ որ, կրկնեմ, այնտեղ մեզ չեն սպասում:

-Կարելի՞ է արդյոք պնդել, որ այդ համաձայնագիրը Հայաստանին պետք չէ:

-Երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է նաև, որ այդ համաձայնագիրը անհրաժեշտ լինի: Չի բացառվում, որ հետագայում Ռուսաստանը ևս մտնի ԵՄ կազմի մեջ և կառուցի մեկ ընդհանուր տուն: Բայց դա ընդամենը տեսություն է, իսկ գործնականում մենք չպետք է սխալներ թույլ տանք և պատմութունից դասեր չքաղենք։ Մասնավորապես, խոսքը Սևրի պայմանագրի մասին է: Այսօր մենք հաճախ ենք պատմաբաններից Մոսկվայի հասցեին նախատինքներ լսում  հայ ժողովրդի շահերին դավաճանելու վերաբերյալ, բայց չէ՞ որ յուրաքանչյուր պետություն, առաջին հերթին, ղեկավարվում է իր ազգային շահերով: Նախորդ դարի 20–ականների ղեկավարության անհեռատես քաղաքականության արդյունքում մենք կորցրեցինք պետականությունը։ Սևրի դաշնագրին միանալը բերեց նրան, որ մենք թղթի վրա տարածքներ ստացանք, սակայն գործնականում մենակ մնացինք, իսկ բոլշևիկյան Ռուսաստանը կապի մեջ մտավ Աթաթուրքի հետ և Հայաստանի դեմ ուղղված փաստաթուղթ ստորագրեց: Պետք չէ որևէ պետությունից նեղանալ, որ նա քո շահերը չի պաշտպանում։

Անցյալ դարի 90-ական թվականներին մենք չէինք տրտնջում չէ՞, որ ինչ-որ մեկը դավաճանել է մեզ։ Մենք ինքներս զենք վերցրինք և հաղթեցինք Ադրբեջանի հետ պատերազմում, այսինքն՝ ապավինեցինք ինքներս մեզ և փորձեցինք դաշնակիցներ գտնել: Այն ժամանակ միջազգային մթնոլորտն էլ բարենպաստ դուրս եկավ, քանի որ միջազգային հանրությունը ճանաչում է ուժի իրավունքը:

 Իսկ այսօր այն, ինչ փորձում է անել Սերժ Սարգսյանը, ես կանվանեի վուլգար կոմպլեմենտարիզմ: Հայաստանի նախագահը հայտարարում է, որ մենք ցանկանում ենք և՛- և՛…, իսկ Եվրոպայում ասում են` կա՛մ-կա՛մ: Սերժ Սարգսյանի կոմպլեմենտարիզմն անհասկանալի է. Մոսկվայում նա ռուսների հետ է,  Բրյուսելում` եվրոպացիների: Տարբեր խոստումներ շռայլելով՝ հանրապետության ղեկավարը հայտնվել է դժվարին կացության մեջ, երբ արդեն անհրաժեշտ է կատարել ընտրություն: Ընդ որում՝ Սերժ Սարգսյանն ուզում է այնպես ներկայացնել թե իբր Հայաստանն է ծանր դրության մեջ, մինչդեռ ինքն է այդ վիճակում. Դրանք տարբեր բաներ են:

Ամփոփելով՝ կարող եմ ասել, որ Հայաստանը պետք է կիրառի Ֆինլանդիայի փորձը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հատուկ հարաբերություններ հաստատեց ԽՍՀՄ-ի հետ և չմտավ ՆԱՏՕ-ի կազմ՝ միևնույն ժամանակ մնալով եվրոպական ընտանիքում: Ո՞վ այսօր կարող է ասել, որ Ֆինլանդիան Արևմուտքի մասը չէ: Ընդ որում՝ այդ մոդելը ֆինները շարունակեցին կիրառել նաև ԽՍՀՄ փլուզումից հետո:

-Դուք նշեցիք եվրոպական չափանիշներին համապատասխանող բարեփոխումների մասին: Իսկ Դուք ինքներդ հավատո՞ւմ եք դրա հնարավորությանը:

-Այս իշխանությունների դեպքում՝ ո՛չ: Վերջին 5 տարիներին բոլորս էլ համոզվեցինք, որ իշխանությունը կոմպետենտ չէ, նա չի կարող և չի էլ ուզում բարեփոխումներ իրականացնել: Այս իշխանությունների ցանկացած բարեփոխում ուղղված է ֆինանսական հոսքերն առավելագույնս իրենց ձեռքում կենտրոնացնելուն: Ստեղծված իրավիճակում իրական բարեփոխումներն արմատապես հակասում են այն փիլիսոփայությանը, որով առաջնորդվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա նեղ շրջապատը: Այս համակարգը ես անվանում եմ մեկ օլիգարխի համակարգ։ Ինչպես ժամանակին բոլշևիկներն իրենց ողջ ուժերն ողղեցին կուլակների դեմ, այժմ էլ սրանք են ուղղում օլիգարխների դեմ: Իսկ իրականում` իրենք են հանդիսանում այդ օլիգարխները՝ նեղ շրջանակի քաղաքական ղեկավարությունը: Նրանք, ում ընդունված է օլիգարխ համարել, չունեն քաղաքական լծակներ, նրանք կարող են լինել խոշոր կապիտալիստներ կամ կիսաքրեական շերտեր, բայց նրանց օլիգարխ անվանել չի կարելի: Այսպես կոչված օլիգարխների գույքը խլելու և իբր ժողովրդին փոխանցելու խոստումը՝ նեոբոլշևիկյան մոտեցում է և կբերի է ավելի վատ  համակարգի, որը ղեկավարվում է մեկ մարդու կողմից: Սա թուրքմենբաշիզմի հայկական տարատեսակն է: Բայց Թուրքմենստանի կամ Ադրբեջանի համեմատ՝ Հայաստանում նման համակարգ կիրառելու հնարավորություն չկա, քանի որ բացակայում են հումքային ռեսուրսները: Հայկական թուրքմենբաշի պահելը շատ թանկ կնստի մեզ վրա։ Ի դեպ, իշխանության այդօրինակ ձգտումների համար մենք արդեն վճարում ենք: Վերջին 5 տարիներին արձանագրվող արտագաղթը քաղաքական և տնտեսական համակարգի կենտրոնացման գինն են։ Բոլորի առջև դռները փակվում են։ Արդյունքում՝ մարդիկ չունեն վաստակելու հնարավորություն, ինչն էլ հանգեցնում է արտագաղթի:

-Իսկ եվրոպացիները շահագրգռված են համաձայնագրի ստորագրմամբ… Անգամ նշում են դրա դիմաց 3-4 մլրդ.եվրո գումար վճարելու մասին…

 
-Այո, իրավացի եք, այստեղ էլ է հարց առաջանում՝ ինչո՞ւ: Ինչի՞ համար են եվրոպացիները Հայաստանի իշխանություններին փող խոստանում: Ընդորում՝ սկսել էին  1.5 մլրդ-ից, բայց Սերժ Սարգսյանի՝և՛-և՛ առուտուրից հետո կրկնապատկեցին խոստացած գումարը: Եվրոպացիները, ու ոչ միայն նրանք, ոչ մեկի հենց այնպես չեն ֆինանսավորում: Ձրի պանիրը միայն մկան թակարդում է լինում: Եվրոպային այդ նախագիծը հետաքրքիր է, առաջին հերթին, Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի ստեղծելու առումով։ Բացի այդ, նրանք շահագրգռված են կասպիական էներգետիկ պաշարները (նավթը ու գազը) դեպի եվրոպական շուկա ազատ և անվտանգ տեղափոխմամբ՝ շրջանցելով ռուսական մոնոպոլ տրանզիտը: Ադրբեջանը պնդում է, որ այդ հարցի գինը Ղարաբաղն է ու նույնիսկ Հայաստանի մի զգալի մասը: Եվրոպացիներին հարկավոր է կայուն Կովկաս, և  իրենց համար կարևոր չէ, թե ինչպես այն կկոչվի՝ միացյալ Հայաստան, միացյալ Ադրբեջան, թե ինչ-որ այլ կերպ: Նրանց համար կարևորը Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ կարգավորման տակ, որպես կանոն, հասկացվում է զիջումներ Հայաստանի կողմից: Չմոռանանք նաև, որ Թուրքիան, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի օպերատորը մեր տարածաշրջանում, Հայաստանի հետ սահմանների բացման գինը նույնպես համարում է Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելը։ Ադրբեջանի ախորժակն էլ գնալով ավելի է բացվում. Բաքվում արդեն խոսում են Սյունիքի ու Երևանի մասին: 
Այսպիսով՝ կարելի է ասել, որ այսպես կոչված՝ նախաձեռնողական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` հայկական պետության շահերի հանձնում: Արդյունքում՝ իշխանությունը նմանվել է ֆլյուգերի՝ քամին որ կողմից փչում է, այն կողմ էլ փոխվում են հայացքներն ու հայտարարությունները:

Արևմուտքը մեզ անվտանգության համակարգ չի առաջարկում: Ասոցիացիայի միջոցով եվրոպացիները ցանկանում են ՌԴ–ին դուրս մղել բոլոր, այդ թվում՝ նաև տնտեսական նախագծերից։ Եթե Հայաստանը մի խոշոր խաղացողի ձեռքում գործիք է դառնում ընդդեմ մյուսի, դա լավ չէ։ Երբ դու նման խաղեր ես խաղում, ուրեմն պատրաստ եղիր, որ ռազմավարական գործընկերդ կսկսի մտածել տարածաշրջանում իր շահերի մասին և խոշոր խմբաքանակի ռուսական սպառազինություն կվաճառի Ադրբեջանին: ՌԴ նախագահի՝ Իրան և Ադրբեջան այցելելու և Հայաստանը շրջանցելու մտադրություններն անգամ շատ բան են ասում: Դա յուրօրինակ մեսիջ է Հայաստանի իշխանություններին: Եթե ոչ Ռուսաստանը, ապա ո՞վ է մեր գործընկերը անվտանգության հարցում: Եթե որևէ մեկը կարծում է, որ Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման դեպքում Արևմուտքը մեզ կօգնի, ապա ես խորհուրդ կտայի վերընթերցել Իլֆին և Պետրովին: Արևմուտքը երբեք դա չի անի, հակառակ դեպքում կօժանդակեր արևմտամետ Վրաստանին, որը դե-յուրե, ինչպես նաև դե-ֆակտո կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան: Եթե մենք գնանք նույն ճանապարհով, ինչ Վրաստանը, ապա կկորցնենք ավելին, քան Ղարաբաղը, որը մեր անվտանգության կարևորագույն բաղկացուցիչն է։

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պետք է արևմտյան արժեհամակարգով արդիականացվենք և միաժամանակ հատուկ հարաբերություններ պահենք ՌԴ–ի հետ։ Որպես դաշնակից կորցնելով Ռուսաստանին՝ մենք դեմ առ դեմ կհայտնվենք Թուրքիայի, Ադրբեջանի, ինչպես նաև, անուղղակիորեն` այդ նույն Ռուսաստանի հետ: Ադրբեջանը դա քաջ գիտակցում է և դա է պատճառը, որ այդ երկիրը չի մտնում ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ։ Ադրբեջանն իր ջանքերն ուղղում է Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը: Բաքվի նպատակը հասկանալի է` Հայաստանի հետ հնարավոր պատերազմի դեպքում հասնել Ռուսաստանի թեկուզ չեզոք դիրքին: Երևանում նույնպես դա պետք է հասկանան ու գիտակցեն: Սակայն երկրում իշխանությունները «տակից» խթանում են հակառուսական տրամադրությունները՝ օժանդակելով հակառուսական փորձագետներին ու վերլուծաբաններին: Վազելով 3 մլրդ. եվրոյի ետևից՝ իշխանությունները մոռանում են, որ Ռուսաստանից ամեն տարի մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստան է մտնում մոտ 2 մլրդ. դոլար: Բայց այդ միլիարդներն ստանում են տնային տնտեսություններն ու ծախսում իրենց կարիքների համար: Իսկ արևմուտքն այդ միջոցները կտրամադի անիջապես իշխանություններին, ինչը վերջիններիս համար շատ ավելի ձեռնտու է: Տնային տնտեսություններից այդ միջոցները քամել կարելի է միայն գների բարձրացման կամ ազգային տարադրամի փոխարժեքի հետ խաղերի միջոցով, ինչը երկար գործընթաց է: Իսկ ավելի հեշտ է ուղղակի ստանալ այդ միջոցները: Բայց թե ինչպե՞ս կօգտագործեն ԵՄ–ից ստացած փողը՝ շարունակում է հարց մնալ: Բոլորս էլ գիտենք, թե ինչպես են իշխանություններն օգտագործում վարկերը: Դրանք անհետանում են, ու ոչ մեկը չգիտի, թե ինչպես, ում միջոցով և ինչ նպատակների վրա: Վարկերի տեղը ոչ մեկը չգիտի, փոխարենը մենք ականատես ենք լինում օֆշորային սկանդալների։ Իշխանությունները միջոցներն օգտագործում են այնպես, ինչպես ցանկանում են, առանց հասարակության կողմից վերահսկողության:

-Այնուամենայնիվ, մեզ անհրաժեշ՞տ է Ասոցացման համաձայնագիրը, թե՞ ոչ:

-Ես կարծում եմ, որ Հայաստանը ո՛չ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի և ո՛չ էլ մտնի Մաքսային միության մեջ: Մենք պետք է, առաջին հերթին, կենտրոնանանք երկրի ներքին խնդիրների լուծման վրա: Խոսքն իշխանափոխության անհրաժեշտության մասին է, և միայն դրանից հետո սկսել հարաբերությունների ամրապնդումն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ հետ: 

 

Նախորդ հոդվածը‘Սնոուդենի պատճառով Օբամայի այցը Ռուսաստան կարող է ձախողվել ‘
Հաջորդ հոդվածը‘Օբամայի առաջարկով՝ ԱՄՆ ՌՕՈՒ-ն ղեկավարը կարող է լինել կին’