‘ Անդրեյ Պիոնտկովսկի. Հայաստանն ինքն է աշխարհաքաղաքական անելանելի դրության մեջ դրել իրեն ‘

1874

Հայաստանը և Ուկրաինան ձգտում են դեպի Եվրամիությունը, և եթե չլիներ Մոսկվային ճնշումը, այդ երկրները չէին հրաժարվի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին:

«Չնայած բոլոր բարդություններին` հենց եվրոպական մոդելն է այսօր առավել գրավիչ, մինչդեռ ռուսական կրիմինալ կապիտալիզմը դատապարտված է: Նույնիսկ ՌԴ Էկոնոմիկայի նախարարության կանխատեսումները վկայում են, որ Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերը մինչև 2030 թ. ավելի ցածր կլինեն համաշխարհային տնտեսության աճի տեմպերից: ՌԴ իշխանության ներսում ամեն բան այնքան է նեխել, որ անհնար է որևէ կանխատեսում անել: Համակարգը կարող է փլուզվել ամեն պահի, կարող է նաև տևել մի քանի տարի: Համակարգը չի աշխատում, չկա որևէ ներքին դինամիկա»,-նշել է Պիոնտկովսկին:

Նա գտնում է, որ այդ պայմաններում Մոսկվայի համար օբյեկտիվորեն շատ դժվար է ազդեցության ոլորտում պահել իր մերձավոր հարևաններին, այդ պատճառով էլ այն դիմում է կոպիտ ուժի կիրառմանը:

Քաղաքագետը միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվայի հարձակողական քաղաքականության լուսի ներքո Արևմուտքը խզճուկ և անօգնական է երևում: «Մենք տեսանք, թե  ինչպես նվաստացած ու ճնշված էր Օբաման Պուտինի կողմից սիրիական ճգնաժամի հարցում: Արևմտյան քաղաքական գործիչների հետ Պուտինը շատ ավելի հաջող է լուծում հարցերը, քան նախկին ԽՍՀՄ իր մերձավոր հարևանների հետ: Նույն Լուկաշենկոն, Նազարբաևը կամ Ալիևը ինչ-որ կերպ ընդդիմանում են»,- ասել է Պիոնտկովսկին: Նրա խոսքով, Հայաստանն ամենածանր դրության մեջ է հայտնվել`Մոսկվայից 100% կախվածության պատճառով:

Անդրադառնալով Հայաստանի իշխանություններին՝ քաղաքագետն ասել է. «Նրանք ընտրել է դեպի Ռուսաստանը 100% կողմնորոշման ռազմավարությունը: Նայեք Ադրբեջանին: Իլհամ Ալիևն ավելի ճկուն քաղաքականութուն է վարում. նա ինչ-որ կերպ մանևրում է Արևմուտքի ու Ռուսաստանի միջև: Իսկ Հայաստանն ինքն է աշխարհաքաղաքական անելանելի դրության մեջ դրել իրեն. դա, ըստ իս, բոլորն են հասկանում»:

 

Նախորդ հոդվածը‘Չեզոքության օրվա առթիվ Բերդիմուհամեդովը ներում է շնորհել 630 մարդու’
Հաջորդ հոդվածը‘Իրանը և միջազգային «վեցյակը» կթևակոխեն բանակցությունների նոր փուլ’