‘Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը դարձել է 90/60’

1166

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն  այսօր՝ փետրվարի 11-ին,  այցելեց հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:

Երկարատև զրույցի ընթացքում Հայկ Դարբինյանը հետաքրքրվեց նրա ինքնազգացողությամբ, ապա մասնագիտորեն մանրամասն  բացատրեց, թե շարունակվող հացադուլն ինչ բարդություններ ու հետևանքներ կարող է առաջացնել օրգանիզմում։ Տեղեկացնելով, որ յուրաքանչյուր պահի վիճակը կարող է կտրուկ վատանալ, նախարարի առաջին տեղակալն Անդրիաս Ղուկասյանին հորդորեց դադարեցնել հացադուլը։ Հայկ Դարբինյանը շարունակեց պնդել, որ  միայն լաբորատոր-գործիքային համալիր հետազոտությունների արդյունքում կարելի է նրա առողջական վիճակի մասին ամբողջական պատկերացում կազմել։ Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը պատրաստակամ է ցանկացած պարագայում աջակցել թե՛ լաբորատոր-գործիքային հետազոտություններ կազմակերպելով, թե՛  անհրաժեշտ բուժում իրականացնելով և անգամ խորհրդատվություն տրամադրելով։ 

Անդրիաս Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց փոխնախարարին  այցելելությաին համար և  խոստացավ անհրաժեշտության դեպքում հեռաձայնել։ Ի դեպ, նախարարի առաջին տեղակալի ներկայությամբ չափվեց Անդրիաս Ղուկասյանի զարկերակային ճնշումը (այդ պահին` 90/60)։ 

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ հացադուլի վայրում շարունակվում է 24-ժամյա  բժշկական հսկողությունը։ 

 

Նախորդ հոդվածը‘Պոզներ. Վերմախտի զորքերին հաջողվել է հասնել Ստալինգրադ՝ հենց Ստալինի մեղքով’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը որոշել է հեռանալ’