‘Անդրիաս Ղուկասյան. Համակարգը սահմանափակում չունի սեփական ժողովրդի դեմ ուժ գործադրելու. ‘

1239

Այսօր  նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը,  անդրադառնալով նախագահական ընտրություններին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ըստ «Առավոտի» ասել է. «Հայաստանում ավարտվեցին Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպած շինծու ընտրությունները, իսկ Սահմանադրական դատարանը վերջակետ դրեց այդ շինծու ընտրություններին: Ապրիլի 9-ին հասարակությունը պետք է որոշի` քաղաքացիական անհնազանդության տեսանկյունից ենթարկվելո՞ւ է այս կասկածելի ճանապարհով ընտրված իշխանությանը, թե ոչ»:

Ղուկասյանի խոսքով` ՍԴ-ում երկու կարևոր հարց այդպես էլ մնաց չլուսաբանված: Մեկը` արտագաղթի հարցն է այս ընտրություններում, մյուսը` բարձր մասնակցություն ունեցող ընրատեղամասերի հետ կապված խնդիրը, քանի որ այնտեղ պետք է ստուգումներ իրականացվեր, որովհետև երբ մոտ հարյուր տոկոս մասնակցություն է եղել, ապա պետք է ունենալ լրացուցիչ ապացույցներ:

«Կարևոր հանգամանք էր, որ Սերժ Սարգսյանը գար դատարան, պարզաբաներ, թե ինչ է նշանակում այն, որ ինքն էր կազմակերպել այս  ընտրությունները: Հանրությունը հնարավորություն չունեցավ դատարանում լսելու նրա բացատրությունները, իսկ դա շատ կարևոր էր, որովհետև երբեք այսքան կրիմինալ ընտրություններ չենք ունեցել: Այս ընտրությունների ընթացքում երկու քրեական գործ է հարուցվել, մեկը` Պարույր Հայրկյանի մահափորձի հետ կապված, մյուսը` իմ էլեկտրոնային փոստի, որն ուրիշի կողմից նայվել էր, ինչը կապված էր իմ գործուներության հետ: Մի քանի օր առաջ այս մասով գործ է հարուցվել»,-նշեց Ղուկասյանը, որի ձևակերպմամբ  այսօր երկրում քաղաքական ճգնաժամ է, ու եթե մինչև ապրիլի իննը քաղաքական ուժերը չկարողանան հաղթահարել այս ճգնաժամը, ապա հանրությունը կդիմի քաղաքացիական անհնազանդության:

Ղուկասյանը կարծում է, որ ոչ մի քաղաքական գործիչ չի կարող ցանկանալ ամեն ինչի հասնել արյան գնով, բայց`«պայքարը երկկողմանի է, և ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ իշխանությունը վաղը ուժ չի գործադրի»: «Հայաստանում գործում է քրեաօլիգարխիկ համակարգ, «քրեա» բառը իզուր չէ մատնանշված, ինչը նշանակում է, որ այդ համակարգը սահմանափակում չունի սեփական ժողովրդի դեմ ուժ գործադրելու, կիրառելու և քրեական այլ բաղադրիչներ կիրառելու հարցում»,- ասաց նա։

Ըստ Անդրիաս Ղուկասյանի` Մարտի 1–ի սցենարի կրկնության մտավախություն միշտ էլ կա. «Վտանգի առկայությունը չի նշանակում, որ ժողովուրդը չպետք է երկրում օրինականություն հաստատելու իր պարտականությունները իրականացնի»:

Հարցին` կարո՞ղ են համաձայնության գալ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, եթե գործող նախագահը գա Ազատության հրապարակ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը արդեն իսկ մերժել է Րաֆֆիի բոլոր պահանջները: Ես կոմպրոմիսի համար դաշտ չեմ տեսնում, որովհետև էապես տարբեր են կողմերի պատկերացումը երկրի անհրաժեշտությունների մասին»:

 

Նախորդ հոդվածը‘Մի մարդով գարուն չի գա. Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’