‘Անի, Մանե, Նարեկ եւ Դավիթ. Հայաստանում նորածինների համար առավել հաճախ ընտրվող անունները’

2335

Հայաստանում վերջին 10 տարիների կտրվածքով  նորածիններին առավել հաճախ տրվող աղջկա անունը Անին է: Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «Անի անունը առաջատար է եղել 2003 թվականին, երբ մենք առաջին անգամ որոշեցինք այսպիսի վիճակագրական տվյալներ հավաքել: Այն իր առաջնային դիրքերը պահպանեց նաեւ 2004, 2005 եւ 2009 թվականներին»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասել է նա՝ նշելով, որ Անի անունը դեռ շարունակում է մնալ առաջին տասնյակում:

Նա տեղեկացրել է, որ աղջիկների առավել տարածված անուններից են նաեւ Նարեն եւ Մանեն: 2003թ. Նարե անունը տրվել է 238 նորածինների, իսկ 2012-ին այդ թիվը հասել է 945-ի՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: «2003 թ. Մանե անունը տրվել է 224 երեխայի, իսկ 2012-ին՝ 914-ին»,-ասաց Կույումջյան: «Մանեն» առաջին հորիզոնականում է եղել 2010 թ.: Աղջկա անուններից առաջին տասնյակում են նաեւ Աննա, Մարիամ, Էլեն, Մարիաննա, Հասմիկ, Միլենա անունները:

Անդրադառնալով տղաների անուններին՝ Կույումջյանը նշել է, որ տասը տարիների կտրվածքով տղաներին առավել հաճախ տրվող անունների տասնյակը հիմնականում նույնն է մնացել: «Միշտ գերիշխել են Դավիթ եւ Նարեկ անունները: Տասնյակում տեղ գտած անունները տեղերով փոխվել են, բայց ցուցակը հիմնականում նույնն է մնացել»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Ինյեստան հիացնում է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վթարի արդյունքում տուժածներից մեկը դեռ վերակենդանացման բաժնում է’