‘Անի Քոչար. Տարոն Մարգարյան, ես Ձեր մասին ավելի լավ կարծիքի էի’

1740

Հարգարժան ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյան, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի տխուր իրողության վրա, որը, չգիտես ինչու,  անտարբերության եք մատնել կամ արհեստավարժորեն ծածկել եք լռության քողով: Համենայն դեպս, ուսումնասիրելով ձեր ֆեյսբուքյան էջը, որտեղ ջանասիրաբար տեղադրվում են քարոզարշավի ընթացքում Ձեզ գովերգող նյութերը, ավելի վաղ արած աշխատանքների մասին պատմող տեսանյութերը, լուսանկարներն ու «հաշվետվությունները», սակայն ոչ մի տող, դատապարտող ոչ մի ակնարկ օրեր առաջ Ձեր նախընտրական հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Ձեր իսկ քարոզարշավին, Ձեր իսկ թիմակիցներն օրը ցերեկով լրագրողի նկատմամբ բռնություն են կիրառում՝ ծեծի ենթարկելով նրան, խոչընդոտում նրա մասնագիտական գործունեությունը, որի մասին հայտնի է դարձել հենց նույն օրն ու խոսվել է այդ մասին նաև դրան հաջորդող օրերին,  սակայն Դուք այդպես էլ չարձագանքեցիք դրան. չեմ կարծում, թե անտեղյակ եք կատարվածից:

Տարոն Մարգարյան, ես Ձեր մասին ավելի լավ կարծիքի էի և, չնայած ինչ-ինչ օբյեկտիվ պատճառների, շարունակել եմ Ձեզ տեսնել ոչ բացասական լույսի ներքո, չնայած այս մեկն արդեն չափազանց է: Դուք՝ որպես պարկեշտ մարդ, առավել ևս դեռևս գործող քաղաքապետ, պարտավոր էիք պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալ և մեզ` այս քաղաքի բնակիչներիս` հարկատուներին, ում դուք հաշվետու եք, իրազեկելու, թե ինչ է արվել կամ արվելու մեղավորներին, մասնավորապես ավագանու ձեր մականունավոր անդամին, ով բռնություն է կիրառել լրագրողի նկատմամբ, պատժելու կամ պատասխանատվության ենթարկելու համար, և թե ինչ փոխհատուցում է ստանալու լրագրողն իր բարոյական և մասնագիտական վնասի համար, քանի որ Ձեր թիմակիցները ջնջել էին նաև լրագրողի նկարածները:

Այս անպատժելի գործելաոճը և Ձեզ բացառապես դրական լույսի ներքո ներկայացնելու մոլուցքը հանգեցնում է նրան, որ անգամ այն մարդիկ, ովքեր հարգանք են տածել Ձեր հանդեպ, սկսեն վերանայել իրենց վերաբերմունքն ու կարծիքը, քանզի մարդու իրական տեսակն ու որակը, ով լինելը բացահայտվում է հատկապես այն ժամանակ, երբ նա կարողանում է իր մեջ ուժ գտնել և խոսել նաև իր կամ իր թիմակիցների թերությունների և թույլ տված ապօրինությունների մասին, իսկ Դուք, ժողովրդի ասած, անգամ կես բերան չեք խոսել այդ մասին՝ թույլ տալով ամենաթողություն, անպատժելիություն: Ես՝ թե որպես քաղաքացի, թե որպես լրագրող, համոզված էի, որ չի ուշանա Ձեր դատապարտող պատասխանը կատարվածի վերաբերյալ: Սակայն, ավաղ, մեծ էր հիասթափությունս, երբ անցած երկու օրերի ընթացքում Դուք քար լռություն պահպանեցիք՝ դրանով հանդերձ փորձելով կոծկել ոչ միայն Ձեր թիմակիցների խուլիգանական պահվածքը, տարածքում գտնված ոստիկանի անգործությունը, այլև ըստ էության խրախուսեցիք ոմանց հակահասարակական աններելի ու դատապարտելի պահվածքը, ինչը, համոզված եմ, ստվեր է գցում Ձեր՝ պատվախնդիր և չվարկաբեկված կերպարի վրա:  Հենց Ձեր տարօրինակ լռությունն ինձ ստիպեց պահանջելու Ձեզանից հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ և ասելու, թե ինչպես է պատժվելու և պատասխանատվության ենթարկվելու մեղավորը և ինչ փոխհատուցում է ստանալու ծեծի ենթարկված իմ գործընկեր լրագրողը:

Պրն Մարգարյան, ակնկալում եմ Ձեր օպերատիվ արձագանքը:

Անի Քոչար

Երևանի քաղաքացի, լրագրող

Նախորդ հոդվածը‘Վալերի Բուայե. Ֆրանսուա Օլանդը թույլ է և չի կատարի հայերին տրված խոստումը’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» երկրպագուները չեն ներում Գյոտցեին. Տեսանյութ’