‘«Անկախության երթի» կազմակերպիչները ստեղծված վիճակի համար մեղադրում են Սերժ Սարգսյանին’

1416

Այսօր լրագրողների հետ էին հանդիպել սեպտեմբերի 21-ին նախատեսվող «Անկախության երթի» կազմակերպչական խմբի ներկայացուցիչներ  Մարինե Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Կարեն Հարությունյանը եւ Կարեն Թովմասյանը:  

Կազմակերպիչները, ներկայացնելով նախաձեռնության գաղափարը և նախատեսվող միջոցառումները, նշեցին, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 16:00-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի Ազատության երթը:

Բանախոսները նշեցին, որ միջոցառման մեջ ներգրավվել են տարբեր հակաիշխանական ուժերի, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ և պարզապես շարքային քաղաքացիներ՝ տարբեր քաղաքական հայացքներով ու համոզմունքներով, որոնք ևս զգում են, որ վարչախումբը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը:

Կազմակերպիչներից Մարինե Պետրոսյանն ընդգծեց, որ երթի գաղափարը միավորել է ինչպես համախոհ մարդկանց, այնպես էլ քաղաքական հայացքների պատճառով անհաշտ թշնամիների, և դա շատ լավ նշան է, և իրողություն է, որը շատ լավ տեղ է տանում:

Կարեն Հարությունյանն էլ լրացրեց, թե շատ կարևոր է համարում, որ հասարակության տարբեր շերտեր միացել են այս գաղափարին, քանի որ եթե անկախություն չունենանք, մյուս բոլոր խնդիրները կդառնան երկրորդական:

Արմեն Հովհաննիսյանը ևս, անդրադառնալով երթի կազմակերպմական անհրաժեշտությանը, նշեց, որ չնայած նմանատիպ նախաձեռնությունների առատությանը՝ միացել է հենց այս նախաձեռնությանը, քանի որ այն ներկայացնում է ամենահավասարակշռված մոտեցումը, որը կարող է միավորել տարբեր հայացքների, տարբեր մոտեցումների, տարբեր հայացքների մարդկանց՝ հանուն կարևորագույն արժեքի՝ անկախության և ինքնիշխանության պաշտպանության:

Լրագրողներ հարցին, թե ինչ կարող էր անել Սերժ Սարգսյանը Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումների պայմաններում,  Մարինե Պետրոսյանը նշեց. «Իմ կարծիքով՝ ճնշումները եղել են ոչ թե Ղարաբաղի հարցով, ինչպես փորձում են ներկայացնել, այլ Պուտինը շատ հստակորեն Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ Ռուսաստանը  կնպաստի Հայաստանում սոցիալական լարվածության մեծացմանը, և Սերժ Սարգսյանը կկորցնի իր իշխանությունը: Սերժ Սարգսյանն իր իշխանության պահպանման համար է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը, և ոչ թե Ղարաբաղի համար, սա շատ կարևոր է»:

Կարեն Թովմասյանն էլ ընդգծեց, որ երթը ուղղված չէ կոնկրետ պետության կամ միության դեմ. «Հարցն այն չէ, որ Ռուսաստանը վատն է, Եվրոպան լավն է, չենք ուզում Ռուսաստան, ուզում ենք Եվրոպա, հարցը լրիվ ուրիշ տեղ է, մենք կարծում ենք, որ Հայաստանի իշխանությունները իրավունք չունեին ինքնագլուխ այնպիսի քայլեր անել, որոնք կվտանգեին Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք ոչ մի պետությունից կամ ոչ մի միությունից որևէ պահանջ չունենք, ոչ մեկին չենք մեղադրում այս վիճակի համար, միակ պատասխանատուն, որ Հայաստանը հասցրել է այս վիճակին, ոչ այլ ոք է, քան Հայաստանի չընտրված ղեկավարը»:

Նախորդ հոդվածը’22 տարվա «Մոսկվիչին» հետևեց 15 տարվա սպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանն իրեն մեղավոր չի ճանաչում, դատարանը խորհրդակցական սենյակում է ‘