‘Անկախության հանրաքվե-22. Արժանի ենք հայոց պետականության լույսի ներքո ապրելու: ԱՅՈ’

1577

22 տարի առաջ՝ 1991թ. Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, որի արդյունքում Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: Դա մի գործընթաց էր, որին լծվել էին բոլորը՝ մեծ ու փոքր, բանվոր թե գյուղացի, աղքատ թե հարուստ: Դա մի գործընթաց էր, որին իրենց ավանդը դնելը մեծ պատիվ էին համարում  մեր ազգի մտավորականները, սերուցքը: Ահավասիկ, ներկայացնում ենք սեպտեմբերի 21-ի հանրաքվեի եւ անկախ պետականության գործընթացին մասնակցած մտավորականների խոսքը՝ հանրաքվեի ժամանակ:

Տիգրան Մանսուրյան

Հազիվ էր մեր դարավոր երազանքն իրականանում, եւ հայոց պետականության լույսը վառվել էր մեր տանը՝ էլի մարդեց: Ազգովի մութի մեջ նստած, պատմական որոշում կայացնելու վճռի դեմ հանդիպման, ինքներս մեզ հարցնում ենք՝ Հայոց պետականության լույսը վառե՞նք, թե՞ մութի մեջ նստենք դարձյալ: Սա հա՞րց է: Լավ, ասենք, առարկողներ կան, ու դրանցից մեկն ասում է՝ շալվարս ծակ է, լույսը չվառենք, ամոթ է, չեմ ուզում ծակ շալվարով աշխարհին երեւալ:

Մարդ էլ հավատա՞ մութի ապահովությանը:

Վառենք մեր տան լույսերը ու պարզ տեսնենք, թե ինչ ենք անելու: Սկսենք ծակ շալվար կարկատելուց, լույսի մեջ կարկատենք, որովհետեւ մեր պատմության մութի մեջ խարխափող էջերն ենք լուսավորելու, լուսավորելու ենք գեղի բերան ընկած ու մութի մեջ կորած մեր ոստանները, լճերը, լեռները: Այս մի բուռ ապրողներովս մենք լուսավորելու ենք մեր հայրերի երազանքը, նախնիները մեզ չնչին առիթ անգամ չեն տվել լույսից ամաչելու, վախենալու:

Մեր նախնիների արժանի ժառանգներն ենք եւ, իհարկե, արժանի ենք հայոց պետականության լույսի ներքո ապրելու: ԱՅՈ:

Շարունակելի

Նախորդ հոդվածը‘Պելեգրինի. Հոգեբանորեն «Յունայթեդից» ավելի ուժեղ ենք’
Հաջորդ հոդվածը‘Ֆելաինի. Ռոնալդոն կփոշմանի «Յունայթեդ» չվերադառնալու համար’