‘Անկախության մասին խոսում է անկախության սերունդը ‘

1281

«Երբ հայրենիքդ անկախ է, դու էլ ես անկախ լինում: Անչափ սիրում եմ հայրենիքս, չեմ  պատկերացնում որևէ ծանրակշիռ պատճառ, որն ինձ կստիպի  հեռանալ Հայաստանից: Կարևորում եմ այս օրը ոչ թե որպես իմ ծննդյան, այլ Հանրապետության Անկախության օր: Ինձ համար մեծ պատիվ է, որ 1991 թվականի այս օրն եմ ծնվել, ավելի շատ ուրախ եմ դրա համար, քան թե  այն բանի համար, որ առհասարակ ծնվել եմ», — iLur.am-ի հետ զրույցում անկեղծացավ լրագրող Ազա Արասխանյանը:

Գոռ Սարգսյանը, ով զինվորական ծառայությունն  անցկացնում է Սիսիանի գնդում, Անկախության տոնն առաջին անգամ պետք է նշի զորամասում:

«Հպարտ եմ, որ 21 տարի առաջ ձեռք բերած Անկախության շնորհիվ այսօր ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, տարիներ հետո երեխաներիս մոտ պետք է պարծենամ, որ անկախության առաջին սերունդն եմ եղել:  Մենք կոփված սերունդ ենք, հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ և չենք հուսահատվել, քանի որ գիտենք անկախության գինը: Միայն այդ գինն իմացողը կարող է արժևորել ազատությունն ու անկախությունը»,- ասաց Գոռը:   

Անկախ Հայաստանի հասակակից Եվա Թովմասյանն էլ հիշեց, որ անկախության հանրաքվեի ժամանակ ինքն ընդամենը 5 ամսական էր:

«21 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, մենք իրավաբանորեն դարձանք անկախ, ցանկանում եմ, որ մի օր մեր բոլորիս միացյալ ջանքերի շնորհիվ անկախությունը փաստաթղթերից տեղափոխվի իրական կյանք: Փափագս է, որ ՀՀ-ում յուրաքանչուր քաղաքացի՝ անկախ սեռից, տարիքից, մտահորիզոնից, իսկապես իրեն անկախ զգա, իսկ օրենքի գերակայությունը չլինի լոկ դատարկ բառակապակցություն:»  

Նախորդ հոդվածը‘Այսօր «Նախաճաշ՝ երկրնաքերի բարձունքին» հայտնի լուսանկարի 80-ամյակն է ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես էր ծնվում անկախությունը: Բացառիկ ֆոտոշարք’