‘Անկարայում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանության միջև’

848

Անկարայի համալսարանի ուսանողների ցույցը վերաճել է անկարգությունների և բախումների ոստիկանության հետ, այսօր հաղորդել է BBC-ն: Թուրք ուսանողները բողոքի ցույցի էին դուրս եկել ընդդեմ քաղաքային իշխանությունների՝ մայրուղի կառուցելու  որոշման, որն անցնելու է ուսանողական ավանի տարածքով: Երեկ երեկոյան ուսանողները փակել են մայրաքաղաքի մի քանի փողոցներ: Գիշերը ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ ցույցը ցրելու նպատակով: Տուժածների մասին տեղեկատվություն չկա: Press TV հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ուսանողները համարում են, որ նախատեսված շինարարությունը կհանգեցնի ծառահատումների և կվնասի ուսանողական ավանի ենթակառույցները: Նրանք արդեն մի անգամ բողոքի ցույց կազմակերպել էին սեպտեմբերի 6-ին, որի ընթացքում ձերբակալվել էին տասնյակ մարդիկ:

Արդեն մեկուկես ամիս է՝ Թուրքիայի խոշոր քաղաքներում հակակառավարական ցույցեր են տեղի ունենում, որոնց ընթացքում 5 մարդ է զոհվել, շատերը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Շատ դեպքերում հանրությունը ոստիկանությանը մեղադրել է ցուցարարների դեմ չափազանցված ուժ կիրառելու մեջ, փոխանցում է ria.ru-ն:  

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպել է Վարդան Ղուկասյանի եւ նրա որդու հետ’
Հաջորդ հոդվածը‘Տեղաբաշխվել են 700 մլն դոլարի եվրապարտատոմսեր’