‘Անկարան հերքում է Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ տեղեկատվությունը’

1146

Թուրքիայի նախագահի և վարչապետի աշխատակազմերի աղբյուրները հերքում են Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին գրում է Daily Sabah-ը:

Պարբերականը նշում է, որ տոնակատարությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ տեղեկատվություն տարածած Today’s Zaman-ը սատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդդիմախոս Ֆեթհուլլահ Գյուլենին:

Today’s Zaman-ի աղբյուրների համաձայն, Անկարան հրաժարվել է ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-րդ տարեդարձի հանդիսավոր տոնակատարության գաղափարից: Ինչպես հայտնի է, Անկարան նախատեսում էր Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-րդ տարեդարձը նշել ապրիլի 24-ին, երբ հայ ժողովուրդը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Այդ առնչությամբ Անկարան հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու հրավեր էր ուղարկել 102 պետությունների ղեկավարների, այդ թվում` Հայաստանի ղեկավարին: Ըստ Today’s Zaman-ի, Գալիպոլիի հաղթանակի հանդիսավոր տոնակատարության գաղափարից հրաժարվելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ պետությունների ղեկավարները մերժել են այդ հանդիսություններին մասնակցելու հրավերը: Նրանք իրենց մերժումը պատճառաբանել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու մտադրությամբ և Գալիպոլիի մոտ Թուրքիայի հաղթանակի պատվին հանդիսություններին ներկայությամբ Երևանին վիրավորելու ցանկության բացակայությամբ: Ըստ պարբերականի, Անկարայի հրավերն ընդունել է ընդամենը հինգ պետության ղեկավար: Պաշտոնական Անկարան առայժմ Գալիպոլիի հաղթանակի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արել: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մարտի 1-ի հանրահավաքը կզատի իրարից զուլալն ու պղտորը’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում սպանված ընտանիքի հարազատները հանդիպում են պահանջում Գեւորգ Կոստանյանի հետ’