Անհայտ անձինք ներխուժել են «Մեմորիալի» գրասենյակ

410

Հինգշաբթի երեկոյան Ռուսաստանում օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող կազմակերպություն ճանաչված «Մեմորիալ» միջազգային իրավապաշտպան կենտրոնի գրասենյակ է ներխուժել  բժշկական դիմակներով առնվազն 20 մարդ, որոնք փորձել են խանգարել Գոլոդոմորի մասին ֆիլմի փակ ցուցադրությունը։

Կանչով տեղ հասած ոստիկանությունը արգելափակել է գրասենյակը և սկսել է ժամեր շարունակ հարցաքննել հանդիսատեսներին և գրասենյակի աշխատակիցներին։

«Մեմորիալի» մամուլի քարտուղար Յուլյա Օռլովան պատմել է, որ հարձակվողները միջանցքներում գոռացել են՝ «բոլորը պառկեն գետնին», իսկ հետ բարձրացել են բեմ և սկսել վանկարկել՝ «ֆաշիստներ», «ամոթ», «չենք մոռանա ու չենք ների»։

Ականատեսների խոսքով՝ դաշնային հեռուստատեսության օպերատորը նկարահանել է հարձակումը, իսկ հարձակվողների մեծ մասը շենքից հեռացել է մինչև ոստիկանության ժամանումը։ Բայց ինչպես պատմել է «Մեմորիալի» տնօրեն Յան Ռաչինսկին, ոստիկանությունն ավելի մեծ հետաքրքրություն է դրսևորել ոչ թե սադրիչների, այլ իրավապաշտպանների նկատմամբ։

«Գարեթ Ջոնսը» պատմական ֆիլմ է, որը նկարահանել է լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը, նվիրված է Գոլոդոմորի զոհերի հիշատակին։ Ֆիլմը պատմում է Խորհրդային Միությունում 1930-ական թթ․ ճանապարհորդած բրիտանացի լրագրողի մասին, որը ԽՍՀՄ էր եկել Ստալինի հետ հարցազրույց վարելու համար և Ուկրաինայում զանգվածային հալածանքների ու սովի ականատեսն է դառնում։ Գարեթ Ջոնսը առաջին լրագրողներից է, որ արևմտյան մամուլում պատմել է, թե ինչ է կատարվում Սովետների երկրում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թ․ Բեռլինի միջազգային կինոփառատոնում, որտեղ առաջադրվել է «Ոսկե արջ» մրցանակի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Championship. Սամուել Սեւյանը մնում է 3 առաջատարների թվում
Հաջորդ հոդվածըՄիլիարդատեր Ռոբերտ Դերսթը դատապարտվել է ցմահ ազատազրկման