‘Անհայտ մեկը կարողացել է զանգահարել Դևիդ Քեմերոնին’

1023

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի անվտանգության ծառայությունը փորձում է պարզել, թե ինչպես է անհայտ մեկին հաջողվել հեռախոսով կապվել կառավարության ղեկավարի հետ:

Ինչպես հաղորդել են բրիտանական կառավարության ներկայացուցիչները, անհայտ անձը զանգահարել է Քեմերոնին և ներկայացել որպես կառավարական կապի կենտրոնի տնօրեն Ռոբերտ Հենիգեն:  Քեմերոնը լսափողը ցած է դրել՝ հենց որ գլխի է ընկել, որ զանգողը նա չէ, ում անունով ներկայացել է:

Նաև հայտնի է դարձել, որ դրանից առաջ էլ անհայտ անձանց հաջողվել է խաբեությամբ ձեռք բերել Հենիգենի հեռախոսահամարը: Կառավարական կապի կենտրոնն այժմ փորձում է պարզել, թե ինչպես է դա հնարավոր դարձել:

Սա Մեծ Բրիտանիայի կառավարության պատմության մեջ առաջին դեպքը չէ: 1998 թ. ռադիոհաղորդավար Սթիվ Փենքը կարողացել էր զանգահարել Թոնի Բլերին և ներկայանալ  որպես այն ժամանակ պահպանողական կուսակցության ղեկավար Ուիլյամ Հեյգ:

Իսկ 2002 թ. Դաունինգ-սթրիթի հեռախոսային օպերատորները բառի բուն իմաստով «խեղդվում» էին հեռախոսազանգերի տարափի տակ՝ այն բանից հետո, երբ անհայտ անձինք հսկայական թվով մարդկանց առաջարկել էին կատակով զանգահարել կառավարության ղեկավարի հեռախոսահամարին և խնդրել հեռախոսի մոտ կանչել Թոնիին: Փոխանցում է BBC_ն:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն Մշտական խորհրդի նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում բախումների արդյունքում զոհվել է 16 մարդ’