‘Անձնագրային և վիզաների վարչության պատասխանը Ստյոպա Սաֆարյանին’

1075

Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը պարազաբանում է հրապարակել` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանին: Սաֆարյանը նոյեմբերի 19-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ պարզելու, թե ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կայքում ինչու են բացակայում ընտրացուցակները:

Պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայտնում ենք, որ Ստյոպա Սաֆարյանի ներկայացրած գրությունը քննարկվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական  ընտրական  հանձնաժողով՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: ՀՀ ոստիկանությունը օրենքի պահանջը կատարել է` այդ կերպ ընտրողների ռեգիստրը հրապարակայնեցնելով:

Ինչ վերաբերում է զանգվածային լրատվության միջոցներով տարածված այն տեղեկատվությանը, համաձայն որի՝ ոստիկանության պաշտոնական կայքում բացակայում է ընտրողների ցուցակը, ապա հայտնում ենք հետևյալը.

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ համապետական և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և 2 օր առաջ տեղադրում է համացանցում: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան դրանք ներբեռնելու հնարավորություն: Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն համապետական են Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունները: Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանությունը  համացանցում ընտրողների ցուցակը տեղադրելու օրենքով սահմանված պարտականություն չունի: 

Հայտնում ենք նաև, որ թիվ 1 ընտրատարածքի ընտրողների ցուցակը Ստյոպա Սաֆարյանին կտրամադրվի հետադարձ կապի համար հասցե տրամադրելուց հետո (դիմումում փոստային առաքանու հասցեն բացակայում է)»:

 

 

Նախորդ հոդվածը‘Անգլիայում քվեարկել են կին եպիսկոպոսների դեմ ‘
Հաջորդ հոդվածը‘2012-ի առաջին կիսամյակում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 118 մարդ ‘