‘Անձնական շահը՝ որպես պետական մտածելակերպ. Մամուլ’

1271

Այն, որ մեր երկրում հայրենասիրության պակաս կա, վաղուց ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է: Մեզանում հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է ճոխ սեղանների շուրջ ասվող բաժակաճառերով: Իսկ երբ գալիս է դրանք գործով ապացուցելու ժամանակը, պետական պաշտոնյաները նախ անձնական շահն են փնտրում: Գործող իշխանության անհեռատես քաղաքականության մասին երեկ խոստովանեց նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե Մաքսային միությանը միանալուց ինչ է շահում ԼՂՀ-ն, Աբրահամյանը փառահեղ պատասխան է տվել.

«Բայց ՀՀ-ն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի այստեղ Ղարաբաղը: Ղարաբաղն անկախ պետություն է»: Լրագրողները շարունակեցին ԱԺ նախագահին բացատրել, որ հնարավոր է՝ մաքսակետեր դրվեն ՀՀ-ի և Արցախի միջև: Այս զարգացումը նաև Հ. Աբրահամյանի համար էր անակնկալ: Ահա թե ինչ պատասխանեց նա. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք»: Դե իհարկե, նախ ձե՛ր հարցերը լուծեք, հետո երկրի, իսկ ամենավերջում էլ մեր հայրենակիցների արյան գնով ձեռք բերված Արցախի անկախ հանրապետության ճակատագրին կանդրադառնաք: Եթե, իհարկե, ժամանակ, տրամադրություն ու, առավել ևս, հնարավորություն մնա: Ի դեպ, ավելի ուշ Աբրահամյանը փորձել է շտկել թույլ տված սխալը, սակայն անհաջող և ոչ համոզիչ:

Նախորդ հոդվածը‘Ու՞ր են երեխաները. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Գազի գործ են անելու. Մամուլ’