‘Անձնական օգտագործման ոստիկանապետ’

1982

Եւ այսպես, Վովա Գասպարյանն իր ամպլուայի մեջ է. շարունակում է ոստիկանական «բարեփոխումները»: Մեկ՝ Աստծո անունը տալով, մեկ՝ արդարություն արտադրելու ու ոստիկանական պատվի մասին ներկայացում-դասախոսություններ կարդալով տեսախցիկի առաջ, մեկ՝ «Մոսկվիչի»՝ 30 տարի առաջ գողացված անվադողերը «հայտնաբերելով», մեկ էլ արդեն (հերթական անգամ)՝ ոստիկանական նոր համազգեստի ներկայացմամբ: Արանքում էլ ոստիկանապետն, իհարկե, չի մոռանում իր մյուս ֆունկցիայի մասին: Իսկ ֆունկցիան, ինչպես տեսնում ենք՝ երկուսն է: Մեկը՝ ոստիկանությունը ժողգործիքների գյուղական անսամբլի վերածելով՝ շոուներ սարքելը, մեկն էլ՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի ոստիկանական ապահովումը:

Երկրորդին Գասպարյանն անդրադարձավ օրերս. հա՛մ «խուլիգան ցուցարար-օրինապահ ոստիկան» ներկայացումը բեմադրեց, հա՛մ քաղաքական հայտարարություններ արեց՝ գերազանցելով իր լիազորությունները, հա՛մ էլ մարտի 1-ին իր՝ որպես այն ժամանակվա Ռազմական ոստիկանության պետի մասնակցության մասին ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց: Ինչ վերաբերում է «խուլիգան ցուցարար-օրինապահ ոստիկան» ներկայացմանը, ապա, սա, ինչպես հիշում ենք, նման առաջին դեպքը չէ: Հենց ներքաղաքական իրավիճակը մի փոքր թեժանում է, կամ էլ՝ թեժացման հոտն են առնում օդում իշխանություններն ու սրանց սպասարկողները, ոստիկանապետը դուրս է գալիս սքեմավոր-աստվածավախ-բարեփոխիչի իր կերպարից ու արդեն բացահայտ լծվում իր բուն գործին (այն գործին, որի համար  իրեն նշանակել են այդ պաշտոնում՝ թույլ տալով նաեւ ձեռի հետ «լավ զգալ» իրեն՝ շոուներ սարքելով ու «իրեն իր երազած տղու տեղը դնելով»), այսինքն՝ Սարգսյանի իշխանության պահպանությանն ու պաշտպանությանը: Ատամներո՛վ: Ու այդ ժամանակ բարեփոխիչի դիմակն այլեւս պետք չի գալիս, ոչ էլ նույնիսկ՝ նոր համազգեստը, որովհետեւ, ինչպես հենց ինքն է սիրում ասել, կարեւորը ոչ թե համազգեստն է, այլ դրա «պարունակությունը»: Այնինչ, էդ համազգեստի մեջ պետք է մարդ լինի, ոչ թե «պարունակություն», իսկ ավելի կոնկրետ՝ պետք է իրավապահ լինի, իր պարտականությունները կատարող եւ, կարեւորը՝ քաղաքական իրադարձություններում իր քիթը չխոթող, որովհետեւ դա իր գործը չէ պարզապես:

Բայց դե, գելի գլխին ավետարան ես կարդում, ասում է՝ շուտ արա, ոչխարներս փախան: Հիմա սրանք են: «Մեռան» այս ու այն կողմից սրանց գլխին ավետարան կարդալով, իսկ սրանք էլ թե՝ շուտ արեք, Սերժի իշխանությունը տարան: Ու այնպես չէ, իհարկե, որ տառաճանաչ չեն ու չեն կարող օրենք կարդալ, կամ չգիտեն, որ քաղաքականությունն իրենց պարտականությունների բանը չի: Պարզապես, էնքան են մերվել միմյանց, որ էլ ի վիճակի  չեն զգալ գրված օրենքների եւ իրենց ներքին օրենքների սահմանագիծը: Օրենքն իրենց շեֆն է, իրենք՝ իրենց շեֆի անձնական թիկնազորը կամ իրենց հասկանալի լեզվով ասած՝ «ախռանան», ու հետեւաբար՝ իրենք կոչված են պաշտպանելու իրենց շեֆին, եւ հետեւաբար՝ իրենց շեֆի քաղաքական հակառակորդն իրենց հակառակորդն է: Ասել է թե՝ ընդդիմությունը իրենց համար քաղաքական կատեգորիա չէ, անձնական կատեգորիա է, իրենց շեֆին բան ասող, իրենց շեֆին՝ աչքի վերեւն ունքի առկայության մասին հիշեցնող: Ու հենց այդ պատճառով է, որ Գասպարյանն իրեն թույլ է տալիս հայտարարել, թե «թեժ աշնան համար սառը ցնցուղ ունեն», կամ որ եթե դա էլ չօգնի՝ այլ միջոցներ էլ ունեն (իրեն էլ թվում է՝ մենք էլ վախեցանք, բա ոնց):

Ի՞նչ կա որ, չէ որ այդ նույն Գասպարյանն էր անցած տարվա աշնանը հայտարարում. «Մեր մասնագիտությունը այնպիսին է, որ մենք ի սկզբանե ունենք մեզ ընդդիմախոսները, ի սկզբանե ունենք մեզ հակառակորդները: Մեր հակառակորդներն են հանցագործները, կրիմինալը՝ իր բարեկամների և հարազատների որոշակի մասով, որոնք ի սկզբանե դեմ են ոստիկանությանը և շատ հաճախ չեն ուզում տեսնել այն, ինչ տեղի է ունենում ոստիկանությունում: Եթե մենք դրան գումարում ենք քաղաքական, հասարակական կազմակերպությունները, որոնք ընդդիմադիր են, նրանց մարտավարությունը, որպես կանոն, նույնպես կառուցվում է՝ որոշակի գործողությունների մեջ ներքաշելու ոստիկանությանը և մարտավարությունը առաջ տանելու համար»:

Ասում, ու մտքով էլ չի անցնում մտածել, որ ինքը դրա իրավունքը չունի՝ նախ, եւ ապա՝  որ ինքը, որպես ոստիկան, իր աշխատավարձն ստանում է մեր բոլորիս մուծած հարկերի հաշվին, ասել է թե՝ ինքն ընդդիմության, հացավաճառ Լիդա տոտայի եւ մսավաճառ Վաչիկ ձյաձայի ոստիկանապետն է նույնքան, որքան որ Սերժ Սարգսյանինը:

Ու քանի դեռ ուշ չէ, ոստիկանապետը սա պարտավոր է հասկանալ ու քիթը չխոթել այնտեղ, որտեղ իր գործերը չեն, հեռու մնա քաղաքականությունից ու զբաղվի հանցագործներով: Հակառակ պարագայում իրեն դա ստիպված պիտի լինեն արդեն հասկացնել:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Ազգային ժողովում մեկնարկել է ոչ իշխանական ուժերի հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» առաջարկում է պատժել «Պարտիզանին»՝ հակասեմական պաստառ պարզելու համար ‘