‘Անպատիժ ու լկտի. Մամուլ’

1549

«Հրապարակի» խմբագրականում կարդում ենք. «Երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նրանց շրջապատը գործում էին «բեսպրեդելի» ռեժիմում, մտածո՞ւմ էին արդյոք, որ երկրում «գաղջ» մթնոլորտ են ձևավորում, թե՞ գաղջ մթնոլորտ ձևավորողները լրագրողներն են, ովքեր համարձակվում են գրել սրանց «քաջագործությունների» մասին: Հարց է ծագում՝ եթե մամուլը չանդրադառնար «Հարսնաքարի», Գյումրիի, Գորիսի դեպքերին, երկրում մթնոլորտը լուսավոր ու անբի՞ծ կլիներ:

Երբ երկրի նախագահը Հանրապետականի կրծքանշանի տակ թաքնված հանցագործներին նախատելու փոխարեն քննադատում է լրագրողներին, նրանց մեղադրում հուսահատության մթնոլորտ ստեղծելու, ամեն ինչ սև գույներով ներկայացնելու և ըստ այդմ` արտագաղթին ու անկմանը նպաստելու մեջ, ի՞նչ պետք է անենք մենք՝ լրագրողներս, որ լիսկաները չկրակեն, նեմեցները չհայհոյեն, վարդանիկները չստրկացնեն:

Եթե երկրի նախագահն այդ ամենի դեմ պայքարելու բազում միջոցներ ունի՝ արդարադատության կայացմանը նպաստելուց սկսած, վերջացրած աշխատանքից ազատելով ու պարզապես օրինավոր ապրելու հրահանգ իջեցնելով, ապա մեր ունեցած միակ միջոցը գրելն է: Իսկ երբ պարզվում է, որ նախագահի ունեցած միջոցներից ոչ մեկը չի աշխատում, և միակ աշխատող միջոցը մնացել է գրելը, ստացվում է, որ լրատվամիջոցներն ստանձնել են նաև արդարադատության, գործադիրի, վերջապես՝ նախագահի ֆունկցիաները:

Այո, Սյունիքի դեպքերից վրդովված հանրությունը երկու օր է՝ գրում է, քննադատում է, վրդովվում է: Եվ, փառք Աստծո, որ կա գրելու-արտահայտվելու ազատությունը՝ լիսկաների դեմ պայքարի միակ միջոցը: Եթե նրան նշանակողի ձեռքը չի գնում գոնե ազատել պաշտոնից, ապա հանրության ճնշման տակ նա իր արժանի պատիժը կստանա»:

Նախորդ հոդվածը‘Եկեղեցու հովիվը վարորդի հետ առևտրականներից գումար է գանձում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բանդիտների կյանքից. Մամուլ’