‘Անպարտելին (մեծ ֆոտոշարք, տեսանյութ)’

1854

«Միայն ազատ մարդիկ կարող են բանակցություններ վարել: Բանտարկյալը չի կարող պայման կապել»:

Այսպես է արձագանքել հանրահայտ Նելսոն Մանդելան (Մադիբան)՝ ի պատասխան ՀԱՀ նախագահ Փիթեր Բոտի` 1985-ին իրեն ուղղված առաջարկի` ազատություն՝ ապարտեիդի դեմ պայքարում բռնությունից, որպես քաղաքական զենքից, անվերապահ հրաժարվելու դիմաց:

Ազատության համար պայքարի անխոնջ մարտիկը հեռացավ` հիվանդանոցի շուրջբոլորը հավաքված հարյուրավոր մարդկանց` իր համար հնչող աղոթքների ներքո: Կյանքից հեռացավ մի մարդ, ով իր ուղնուծուծով խորհրդանշում էր ազատության համար պայքարը՝ մարդ-պայքարը: Հույս-պայքարը: Հավատ-պայքարը: Վստահություն-պայքարը:

Մադիբան 27 տարի անցկացրեց բանտում եւ չդադարեց պայքարել, որովհետեւ գիտեր, որ ազատության համար պայքարի ամենամեծ թշնամին հիասթափությունն է, հուսահատությունն ու վհատվելը: Քանի դեռ ազատությունը, հավասարությունը, ժողովրդավարությունը նվաճված չեն, դրանց համար պետք է պայքարել ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի, այնքան, որքան անհրաժեշտ կլինի, այնքան, մինչեւ պայքարը կտա իր պտուղները: Պայքարի մարտիկները չեն նահանջում, չեն հիասթափվում, չեն հուսահատվում: 2008-ի Համաժողովրդական շարժման մեկնարկից անցել է ընդամենը 6 տարի, ու թեեւ պայքարի բազմաթիվ պտուղներ արդեն իսկ տեսանելի ու շոշափելի են, այդուհանդերձ, շատերը կարծում են, որ պայքարը երկարել է` մի ամբո՜ղջ հինգ տարի…

Իսկ Նելսոն Մանդելան մի ամբո՜ղջ 27 տարի անցկացրեց բանտում:

Հ.Գ. 2009-ին Քլինթ Իսթվուդը նկարահանեց «Անպարտելին» ֆիլմը` Մանդելայի կենսագրության հիման վրա:

Ֆիլմում որպես խորհրդանիշ հնչում էր այս բանաստեղծությունը:

ՎԻԼՅԱՄ ՀԵՆԼԻ (1849-1902)

ԱՆՊԱՐՏԵԼԻՆ

Սեւ խավարի քողը ճեղքելով,

Աղթոքը իմ ցավից ծնված,

Իմ աննկուն հոգու համար

Առաքում եմ ես առ Աստված:

Օրերը իմ` բազում փորձանք,

Գիշերներս` տանջանք անքուն:

Բախտի ծանր հարվածներից

Վիրավոր եմ, բայց դեռ կանգուն:

Չարք ու արյուն ինձ ուղեկից,

Բայց իմ հոգուց` ոչ մի հառաչ:

Առանց վախի գնում եմ ես`

Չընկրկելով ցավի առաջ:

Փույթ չէ, թե նեղ է իմ ուղին

Ու վտանգն է դարանակալ:

Նավավարն եմ ես իմ հոգու

Եվ իմ բախտին` ես տիրակալ:

Թարգմանությունը` Վան Արյանի

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը. Մայդանի տոնածառը’
Հաջորդ հոդվածը‘Մի շարք մայրուղիներում առկա է մերկասառույց’