‘Անջեյ Կասպշիկ. Սարգսյանն ու Ալիևը պատրաստակամություն են հայտնել աշխուժացնելու հաշտության գործընթացը, ինչը լավատեսության հիմք է տալիս’

855

Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հասկացրեցին, որ մտադիր են ավելացնել հանդիպումների տեմպերը և աշխուժացնել հաշտության գործընթացը, ինչն իրոք 2014 թվականին լավատեսության հիմք է տալիս: Ըստ «Տրենդի», այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Նրա ասելով, վերջին մի քանի շաբաթներին հայտնվել են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների լավատեսական գնահատականներ բանակցային գործընթացի առնչությամբ: Ընդ որում Կասպշիկը տեղեկացրել է, որ կողմերի թույլտվությամբ և համաձայնությամբ 2013 թվականին ԵԱՀԿ առաքելության անդամները 17 անգամ այցելել են  զորքերի շփման գիծ: «Տեղական հրամանատարները, ինչպես նաև քաղաքացիական իշխանությունները մի շարք լուրջ հարցեր են բարձրացրել այդ այցերի ընթացքում: Խնդիրները ներառում են քաղաքացիական անձանց և զինծառայողներին սպառնացող վտանգ հրադադարի ռեժիմի խախտմանն ու ականներին  առնչվող միջադեպերի պատճառով և քայքայիչ հոգեբանական և տնտեսական ներգործություն նրանց նկատմամբ, ովքեր ապրում են շփման գծի մերձակայքում», — ասել է նա: Ընդ որում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում սպանվածների և վիրավորների թիվը 2013 թվականին ավելի քիչ է, քան` 2012 թվականին:

«Այդուհանդերձ, հրադադարի շուրջ համաձայնագիրը մնում է ինքնակարգավորվող, ռիսկերը` լուրջ ինչպես երբեք, և նրանք, ովքեր ապրում են շփման գծին մոտ, կշարունակեն դժվարություններ կրել, քանի դեռ հրադադարի ռեժիմը չի ամրապնդվել», — ասել է Կասպշիկը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կողմերի հետ աշխատելու մանդատ ունեն` վստահության միջոցներ մշակելու նպատակով: «Սարգսյանը և Ալիևը կոչ են արել հրադադարի ռեժիմի և վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ ձեռնարկել`  բանակցությունների ավել լավ մթնոլորտ ստեղծելու նպատակով», — նշել է Կասպշիկը: Նրա ասելով, վստահության միջոցներից մեկը կլինի հումանիտար շփումների զարգացումը երկու կողմերի մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների միջև: 

Բացի այդ, Կասպշիկի ասելով, իր թիմն օգնում է հնարավոր ռազմական միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակմանը: Նրա ասելով, դրանք վաղ թե ուշ կօգնեն թուլացնել լարվածությունը շփման գծում, ինչը նախագահներին թույլ կտա ակնհայտ առաջընթացի հասնել հաստատուն քաղաքական կարգավորման ճանապարհին:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի գրողների միության նախագահությունը սգում է Հրաչյա Բեյլերյանի կորուստը’
Հաջորդ հոդվածը‘Լավրով. Եվրոպացիների արձագանքը Մայդանին մոտ է հիստերիկային’