‘Անջեյ Կասպրշիկը հրաժարվել է այցելել հայկական ուղղաթիռի անկման վայր` ելնելով անվտանգության նկատառումներից’

1120

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում դիտարկումից հետո լրագրողների հետ զրույցում հաղորդել է, որ հայկական ուղղաթիռին առնչվող միջադեպից հետո ինքը ցանկացել է այցելել նաև այդ վայրը, սակայն դիտարկման գծով ադրբեջանական կողմի նրա օգնականը հավաստիացրել է, որ դա կարող է անվտանգ չլինել: Հաշվի առնելով այդ հանգամանքը` Կասպրշիկը հրաժարվել է իր նախաձեռնությունից, և դիտարկումն անցկացվել է ավելի վաղ նախատեսված Ասկերանի ուղղությամբ, հաղորդում է ԱրմԻնֆոն:
Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն վեց օր շարունակ անդադար գնդակոծության տակ է պահում հայկական ուղղաթիռի անկման վայրը` հնարավորություն չտալով մոտենալ ուղղաթիռին և հանել անձնակազմի դիակները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով:

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարին ‘
Հաջորդ հոդվածը‘Քննիչը սեռական հարաբերություն ունենալու դիմաց չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. Քրգործ ՀՔԾ-ում’