Անտառային հրդեհներ Թուրքիայում

380

Վերջին օրերին Թուրքիայում հաջողվել է մարել ավելի քան 100 անտառային հրդեհ, բայց կիրակի օրվա դրությամբ դեռևս չի հաջողվում կասեցնել հրդեհի հինգ օջախներից կրակի տարածումը  Անթալիա և Մուգլա շրջաններում։

Երկրի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ հրդեհը Բոդրում առողջարանային քաղաքի շրջանում, որտեղ մի քանի հյուրանոցներից ավելի վաղ տարհանվել էին զբոսաշրջիկները, հաջողվել է վերահսկողության տակ առնել։

Զբոսաշրջիկներին տարհանել են Թուրքիայի հարավ-արևմուտքի լողափերից, որտեղ է գտնվում նաև Բորդումը, քանի որ մտավախություն կար, որ կրակը կհասնի տներին ու հյուրանոցներին։

Անցյալ շաբաթվա սկզբից Թուրքիայում շարունակվող հրդեհների պատճառով զոհվել է ութ մարդ, չորս հարյուրից ավելին վնասվածքներ են ստացել։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին այցելել է Անթալիա նահանգի Մանավհատ քաղաքը, որտեղ հրդեհից հինգ մարդ է մահացել։

Քննիչները փորձում են պարզել, թե արդյո՞ք ինչ-որ մեկը դիտավորյալ հրկիզում է կազմակերպել։ Նախորդ օրը հայտնի է դարձել, որ Մուգլա նահանգում անտառների հրկիզման մեջ կասկածվող անձ է ձերբակալվել։

Ավելի վաղ թուրք հանրությունը քննադատել է Էրդողանին այն բանի համար, որ երկրում հակահրդեհային օդանավերը չեն բավարարում։ Թուրքիայի նախագահն ի պատասխան արդարացել է, թե ավիացիոն ընկերությունը չի արդիականացրել իր տեխնոլոգիաները և ավտոպարկը։ Էրդողանը նաև նշել է, որ այս պահին հրդեհաշիջման գործողությանը մեծ թվով ինքնաթիռներ են ներգրավված Ադրբեջանից, Իրանից, Ռուսաստանից և Ուկրաինայից։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿարեն Խաչանովը՝ օլիմպիական փոխչեմպիոն
Հաջորդ հոդվածըԱլեքսանդր Գրիգորյանը դարձյալ գլխավորեց «Ալաշկերտը»