Անտոնով․ ՌԴ-ի օդանավի վրա գրոհը չեզոք տարածքում կնշանակի պատերազմ հայտարարել

207

Ռուսաստանի օդանավի վրա միտումնավոր հարձակումը օդային չեզոք տարածքում կնշանակեր բացահայտ պատերազմ հայտարարել միջուկային տերությանը։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Օրենսդիրներից ոմանց կոչերը դուրս են առողջ բանականության սահմաններից»,- ասվում է դիվանագետի՝  ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանություններում։ Անտոնովը մեկնաբանել է ամերիկացի որոշ օրենսդիրների, մասնավորապես՝ սենատոր Լինդսի Գրեմի (հանրապետական՝ Հարավային Կառոլինա նահանգից) սպառնալիքները՝ միջազգային օդային տարածքում խոցել ռուսաստանյան օդանավերը, եթե դրանք մոտենան ԱՄՆ ռազմաօդային որևէ տեխնիկայի։

«ՌԴ ՊՆ-ն մանրակրկիտ պարզաբանել է ռուսաստանցի օդաչուների գործողությունների պատճառները և կարգը Սև ծովում երեկվա միջադեպի ընթացքում։ Կրկնում եմ նրանց համար, ովքեր իրենց մեջ ուժ չեն գտնում օբյեկտիվորեն դիտարկել իրավիճակը․ մեր կործանիչները ամերիկյան ԱԹՍ-ի հետ շփման մեջ չեն մտել։ Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ արել է նման դեպքերը կանխելու համար՝ ժամանակին միջազգային հանրությանը տեղեկացրել է «հատուկ ռազմական գործողություն» անցկացնելու նպատակով օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի սահմանների մասին»,- ասել է Անտոնովը մարտի 14-ին ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի կործանման առիթով։

«Իհարկե, Պենտագոնի համար ցավալի է թանկարժեք տեխնկայի կորուստը։ Բայց տվյալ դեպքում ոչ պրոֆեսիոնալիզմի մեղադրանքները ամերիկյան զինվորականները պետք է ուղղեն հենց իրենց »,- նշել է դիվանագետը։

«Ինչ վերաբերում է հիշյալ սենատորին, ապա դա այդ տհաճ օրենսդրի՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները սրելու առաջին փորձը չէ։ Մեկ տարի առաջ էլ նա մեր երկրի քաղաքացիներին կոչ էր անում մահափորձ կատարել Ռուսաստանի նախագահի դեմ։ Մի՞թե այդ սենատորն իսկապես կարծում է, որ Ռուսաստանի հետ ուղիղ ռազմական բախումը համապատասխանում է ընտրողների շահերին, որոնք իրեն են վստահել իրենց կյանքն ու բարեկեցությունը»,- ասել է ՌԴ դեսպանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոն եվրո կառաջարկի ֆրանսիացի հարձակվողի համար
Հաջորդ հոդվածըՆԱՏՕ-ի նախկին ղեկավար․ Թրամփի առաջադրումը կնվազեցնի Ուկրաինայի աջակցությունը