‘Անրի Ռենո. Հեղափոխությունից խուսափելու համար պետք է բարեփոխումները իրականացնել ճիշտ ժամանակին’

1065

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր ամփոփեց Հայաստանում իր գործունեության 4 տարիները: Նա նշեց, որ այս ընթացքում անհամեմատ բարելավվել են հայ-ֆրանսիական հարաբերությունները: Նա հատկապես կարեւորեց ֆրանսիական հայտնի Carrefour ընկերության ներկայացուցչության բացումը Երեւանում, ինչը, ըստ նրա, նոր հեռանկարներ կստեղծի տնտեսության մեջ: «Ես այնքան կապված եմ այն ամենի հետ, ինչ արել եմ այս չորս տարիների ընթացքում, որ անգամ չեմ հասցրել մտածել այն բաների մասին, որոնք չեմ արել»,- նշեց դեսպանը:

Վերջինս, անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Փարիզում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, հայտնեց, որ հանդիպումը նպատակ է հետապնդում նոր լիցք հաղորդել հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ գրանցել նոր արդյունքներ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ կոնֆլիկտի լուծման բանակցային ճանապարհից բացի ուրիշ ճանապարհներ չի տեսնում: Խոսելով ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության երեք պատգամավորների կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացումը» վերնագրով  նախագծի մասին, որը ընդունվել էր բյուրոյի կողմից, նա ընդգծեց, որ Եվրամիությունը չի փոփոխել Լեռնային Ղարաբաղի հարցով իր դիրքորոշումը, իսկ զեկույցը ընդունվել է օրենսդիր մարմնի կողմից եւ հանդիսանալով գործադիր մարմնի ներկայացուցիչ՝ չի կարող գնահատականներ տալ այդ որոշմանը:

Պատասխանելով iLur.am-ի հարցին, թե վերջին տարիներին արդյո՞ք ավելացել է Ֆրանսիայում մշտական բնակության մեկնած հայերի քանակը այն պայմաններում, երբ, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստում անհամեմատ աճել է արտագաղթը, Անրի Ռենոն պատասխանեց, այս պահին չի տիրապետում հստակ վիճակագրական տվյալների, սակայն մշտական բնակության համար դիմած քաղաքացիների թիվը համեմատաբար ավելի քիչ է՝ ի տարբերություն ամուսնության համար դիմածների թվի: «Սա արդեն ոչ թե հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություն է, այլ` հայ-ֆրանսիական սեր»,- ասաց դեսպանը:

Անրի Ռենոն խոսեց նաեւ տարբեր երկրներում տարիների ընթացքում իրականացված հեղափոխությունների մասին, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք հեղափոխությունը լավ բան է, թե՞ ոչ: «Երբ որեւէ երկրում առաջանում է հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտություն, դա նշանակում է, որ իշխանությունների կողմից չեն իրականացվել ինչ-որ բարեփոխումներ: Իսկ իշխանությունները եթե ցանկանում են խուսափել հեղափոխությունից, ապա պետք է ճիշտ ժամանակին իրականացնեին այդ բարեփոխումները: Հեղափոխությունը Ֆրանսիայիում ունեցել է դրական ազդեցություն»,- հավելեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի գրասենյակի խայտառակ խտրականության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմադիր եռյակի առաջնորդները հանդիպում են անցկացնում’