Անցանկալի այլընտրանքի եւ անխուսափելի այլընտրանքի արանքում

1431

Երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված։

Նիստի արդյունքներով մի ուշագրավ հայտարարություն է ընդունվել։ Մասնավորապես, նշվում է, որ «իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»:

Ըստ այդմ, նշվում է, որ «անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»:

Եթե այս հայտարարությանը նայենք այլ իրադարձություններից կտրված, ներկա ժամանակում, որպես առանձին մի իրադարձություն, շատերին այն կարող է տրամաբանական թվալ, հատկապես բանակցությունների առաջարկը։ Այսինքն, կարող է թվալ, որ Հայաստանի իշխանությունները, ունենալով որոշակի ինֆորմացիա եւ ըստ այդմ կշռելով մեր դիմադրողականությունն ու ռեսուրսները՝ փորձում են բանակցային ճանապարհով խուսափել այլ, հնարավոր է՝ շատ ավելի վատ, հնարավոր է՝ աղետալի իրողություններից։

Բայց այս իրադարձությունը առանձին՝ ամեն ինչից կտրված երեւույթ չէ, այն մեկ ամբողջական համապատկերի մի մաս է, եւ ըստ այդմ, հնարավոր չէ երեկվա հայտարարությունը չպրոյեկտել այն ամենի հետ, ինչ կատարվել է գրեթե երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։

Եւ ահա այդ պարագայում էլ հարցեր են առաջանում թե՛ 44-օրյա պատերազմից առաջ իշխանությունների որդեգրած վարքի եւ թե՛ այս վերջին իրադարձության հետ։

Այն, որ իշխանությունները գիտեին, որ գտնվում ենք լայնածավալ պատերազմի շեմին, խոստովանել է անգամ ինքը Փաշինյանը։ Մասնավորապես, մի անգամ նա նշել էր, որ «2018-ին իմ վարչապետ դառնալուց հետո էլ այդպիսի զեկույցները եղել են պարբերաբար, որ տեղեկություններ կան, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի»: Մեկ այլ անգամ էլ հայտարարել էր, «Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով: Մենք գիտեինք և սպասում էինք, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին եւ որտեղից կհարձակվի թշնամին»:

Այսինքն, իշխանություններն այն ժամանակ միայն օրվա մասին տեղեկություններ չունեին, բայց հստակ տեղեկություններ ունեին, թե ինչ է լինելու, եւ հաշվի առնելով նաեւ այն, որ ավելի լավ ինֆորմացված են երկրի իրական կարողությունների մասին՝ նաեւ հասկանում էին, թե ինչպես է լինելու ամենը։

Իշխանությունները, սակայն, 2018-ից հետո, երբ Փաշինյանի խոսքով, իրեն պարբերաբար զեկուցում էին նախապատրասվող պատերազմի մասին, փաստացի լինելով հաղթած դիրքերում, ունենալով գործող Մինսկի խմբի առկայություն, ունենալով փոխզջումների համար բավարար ռեսուրսներ, ունենալով հանրային վստահության հսկայական պաշար, ունենալով սեղանին դրված մշակված փաստաթուղթ, որն էլ իր հերթին ուներ միջնորդների աջակցությունը, չգնաց այդ՝ այժմ արդեն երանելի թվացող փաստաթղթի առարկայական քննարկմանն ու համաձայնեցմանը։ Ու դա էլ բավարար չէր, հենց պատերազմի նախաշեմին իշխանությունները՝ ինքը Փաշինյանը, այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանը, այն ժամանակվա Աժ նախագահ Արարատ Միրոզոյանը Սեւրի պայմանագիրն էին հիշել։  

Այսինքն, պատերազմի եւ բանակցության երկընտրանքում՝ 2020 թվականին Հայաստանի իշխանությունները դե ֆակտո նախընտրեցին պատերազմը՝ դրա բոլոր՝ իրենց համար կանխատեսելի հետեւանքներով։ Ավելի կոնկրետ՝ իշխանությունը, չընտրելով սեղանին առկա փաստաթուղթը՝ ընտրել է պատերազմը։

Թե ինչու, կարելի է տրամաբանորեն ենթադրել՝ իշխանությունները նախընտրել են պատերազմը՝ հաղթելու եւ պատմության մեջ մնալու հույսով։  

Ու դա, կրկնենք, շատ ավելի բարվոք պայմաններում։

Իսկ հիմա, երբ Մինսկի խումբը դե յուրե կա, բայց փաստացի դրա գործունեությունը չի երեւում, երբ գետնի վրա իրականում ռուսական կողմն է Արցախում հարց լուծող դարձել, երբ Հայաստանի դիրքերը զգալիորեն թուլացել են (մեղմ ասած), երբ փոխզիջելու բան կարծես չի մնացել, երբ սեղանին չկա միջնորդների կողմից համաձայնեցված ընդունելի փաստաթուղթ, հայկական կողմը, կանխատեսելով նոր աղետ՝ բանակցությամբ համապարփակ պայմանագրի միջոցով հարցը լուծելու կոչ է անում։

Իհարկե, շատերը կասեն՝ այլընտրանք չկա, եւ եթե պատերազմի վտանգ կա, ապա ամեն գնով պետք է խուսափել։ Այո, դա ճիշտ է։ Բայց սրան չհասնելու այլընտրանք կար՝ 2020 թվականին։ Մենք այլընտրանք չունենք, որովհետեւ ժամանակին մերժեցինք այլընտրանքը, համարեցինք այն մեր քիմքին պակաս հաճելի, մեր ազգային իղձերին պակաս սազական։ Եւ այո, այսօր, փաստորեն, խնդրենք էլ, չենք ստանա այն, ինչ մերժել ենք, եւ այդ պատճառով էլ խնդրում ենք ավելի վատթարը։ Սա է։

Քրիստինե Խանումյան

Նախորդ հոդվածըCathay Pacific ավիաընկերությունը աշխարհում ամենաերկար երթուղին կբացի
Հաջորդ հոդվածըԲըլթ-17. ՉԻ