‘Անցնող քաղաքական տարին iLur.am-ի աչքերով’

1292

Անցնող տարվա քաղաքական մեկնարկը տրվեց հունվարի 18-ին, երբ չորս հիմնական ոչիշխանական  ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ Դաշնակցությունը, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հետ համատեղ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրին ընդդեմ 2014-ի հունվարի 1-ից գործողության մեջ մտած «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի:

«Դեմ եմ»-ի ակտիվիստները եւ քաղաքական ընդդիմությունը պահանջում էին վերանայել օրենքի այն դրույթը, որը նախատեսում էր 1974-ից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձերից պարտադիր վճարումներ կատարել կուտակային կենսաթոշակային ֆոնդերին:  Չորս խորհրդարանական ուժերը այս ընթացքում նույն պահանջով հայց ներկայացրին Սահմանադրական դատարան: Քաղաքական ընդդիմության եւ հասարակության միասնական պայքարի արդյունքում Դատարանը ապրիլի 2-ին վճիռ կայացրեց, որով բավարարվեց հայցը, վիճարկվող դրույթները ճանաչվեցին հակասահմանադրական, իսկ մինչ այդ վճարված գումարները՝ վերադարձման ենթակա։ Դատարանը ԱԺ-ին պարտավորեցրեց մինչեւ սեպտեմբերի 30-ը նոր օրենսդրական փաթեթ մշակել, որը հաշվի կառներ ՍԴ վճռից բխող պահանջները: Իշխանական մեծամասնությունը, յուրովի մեկնաբանելով ՍԴ վճիռը, կոմպրոմիսի անվան տակ գնաց ըստ էության իմիտացիոն լուծումների, եւ ընդունված նոր փոփոխություններով հուլիսի 1-ից կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչն սկսեց կիրառվել միայն պետական հաստատությունների աշխատակիցների նկատմամբ: Մասնավոր սեկտորի դեպքում կուտակային համակարգը մինչեւ 2017-ը կշարունակի կիրառվել կամավոր հիմունքով:

Այնուհանդերձ, կուտակային համակարգի դեմ պայքարը հնարավորություն տվեց այդ փուլում համախմբել քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ներուժը, ինչպես նաեւ՝ ավելի համակարգված դարձավ մինչ այդ ձեւավորված չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը։

Այս փաստն արձանագրվեց արդեն մարտի 1-ին Ազատության հրապարակում Կոնգրեսի կազմակերպած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, երբ Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ երկրում քաղաքական օրակարգ թելադրող Քառյակը կարող է եւ պետք է ձեռնարկի փուլ առ փուլ իշխանափոխություն՝ ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Այս գործընթացը շուտով տվեց իր առաջին արդյունքը. Քառյակը հայտարարեց, որ նախաձեռնում է Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի խորհրդարանական գործընթաց եւ ապրիլի 28-ին միասնական շուրջօրյա հանրահավաքների շարք է սկսում նույն օրակարգով: Չսպասելով այդ օրվան՝ արդեն ապրիլի 3-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: Թեեւ իշխանական քարոզչությունը փորձում էր այնպես ներկայացնել, թե իբր վարչապետի հրաժարականի հարցը վաղուց քննարկված եւ որոշված էր, սակայն մի շարք վերլուծաբաններ նշեցին, որ Սերժ Սարգսյանին այս քայլը պարտադրեց ընդդիմությունը՝ խոստացած ընդվզման հեռանկարով: Նոր կառավարության կազմավորման փուլում իշխանական քարոզչությունը փորձում էր ներկայացնել, թե Սերժ Սարգսյանը բանակցություններ է վարում ոչիշխանական ուժերի մի հատվածի հետ՝ կոալիցիոն կառավարություն ստեղծելու շուրջ: Սակայն կարճ ժամանակ անց ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ Դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» հայտարարեցին, որ կոալիցիոն կառավարության մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է Կոնգրեսին, ապա կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ ոչ մի դեպքում Սերժ Սարգսյանի ձեւավորած կառավարության մաս չեն կազմի: Ավելին, ապրիլի 14-ին վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանի կաբինետը 2003-ից ի վեր առաջին միակուսակցական կառավարությունը դարձավ՝ կոալիցիան լքեց ՕԵԿ-ը։

Զուգահեռաբար, Սերժ Սարգսյանը վերակենդանացրեց 2013-ի սեպտեմբերի 3-ից մեկնարկած «սահմանադրական բարեփոխումների» գործընթացը։ Ապրիլի 10-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը, փորձելով փարատել հասարակության մեջ առկա տեսակետն այն մասին, որ «բարեփոխումներն» իրականում նպատակ ունեն հավերժացնել նրա իշխանությունը, Սարգսյանը հայտարարեց, որ երրորդ ժամկետի գնալու մտադրություն չունի, իսկ նոր Սահմանադրության հայեցակարգում առաջարկված խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելու դեպքում չի ստանձնի նաեւ վարչապետի պաշտոնը։ Այդուհանդերձ, այդ շրջանում իշխանության ճամբարից պարբերաբար հայտարարութուններ էին հնչում այն մասին, որ «իշխանության հասնելու ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով (որտեղ գտնվում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը-խմբ.)»։ Նմանատիպ մեկնաբանություններն է՛լ ավելի ամրապնդեցին քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների նախկին գնահատականները։ Ընդդիմադիր ուժերը, եզակի բացառություններով, արձանագրեցին,  որ սահմանադրական բարեփոխումների միջոցով երկիրն «ավելի ժողովրդավար» դարձնելու մասին խոսակցություններն ընդամենը քողածածկույթ են, իրականում այս գործընթացը իշխանության կորստի առաջ կանգնած Սերժ Սարգսյանի համար գործիք է՝ հասարակության ուշադրությունը ստեղծված քաղաքական ճգնաժամից շեղելու եւ վերարտադրման հնարավորություն ստեղծելու համար։

Տարվա՝ քաղաքական իրադարձություններով հարուստ առաջին կեսը եզրափակեց եւ գալիք աշնանը մեկնարկելիք գործողությունների ուրվագծով հանդես եկավ ոչիշխանական Քառյակը՝ հունիսի 10-ին  իշխանություններին ներկայացնելով պահանջների 12 կետանոց փաթեթը։ Ընդդիմությունը 12 կետերի մեջ արտացոլել էր վերջին շրջանում հասարակությանը հուզող ներքին եւ արտաքին քաղաքական առանցքային խնդիրները՝ կուտակային պարտադիր բաղադրիչի վերջնական վերացում, «կարմիր գծերի», տեսալուսանկարահանող սարքերի միջոցով տուգանքների համակարգի, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի պայմանգրի վերանայում, «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի պարտքի մարում, տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի թանկացման բացառում, տնտեսական մենաշնորհների վերացում, ընտրական օրենսգրքի փոփոխություններ եւ ընտրապայքարի հավասար պայմանների ապահովում, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում, շրջանառության հարկի նվազեցում եւ այլն։ Հայտարարվեց, որ ներկայացված պահանջների կատարումն ամփոփելու եւ Քառյակի համատեղ հետագա գործողությունները որոշելու համար աշնանը կհրավիրվի համապետական հանրահավաք։

Իշխանությունը առերես ողջունեց «12 կետերի» առաջ քաշումը՝ քննարկումների պատրաստակամություն հայտնելով։ Մինչդեռ, հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն, իր նախընտրած գործելաոճին հավատարիմ, փորձում է ժամանակ ձգել։ 

Ստանձնելով նոր պաշտոնը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շտապեց հայտարարել, թե անհաշտ պայքար է մղելու ստվերային տնտեսության դեմ՝ չխնայելով նույնիսկ իր մերձավորներին։ Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ նոր կառավարությունն ամենեւին էլ մտադիր չէ բացահայտել հիմնականում իշխող ՀՀԿ-ն ներկայացնող մենաշնորհատեր խոշոր գործարարների ստվերային եկամուտները։ Ավելին՝ շուտով պարզ դարձավ, որ կառավարության հռչակած ստվերի դեմ պայքարի հիմնական թիրախը փոքր եւ միջին բիզնեսն է։ Համաձայն հունիսին «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների (ինչը ներկայացվեց որպես ընդդիմությանն ընդառաջ քայլ), տարեկան մինչեւ 58 մլն շրջանառություն ունեցող ընկերությունները պարտավորվում էին, նախկինում վճարվող 3,5% հարկի փոխարեն, շրջանառության 1%-ը վճարել։ Միեւնույն ժամանակ, այդ ընկերություններից պահանջվում էր փաստաթղթավորել եւ հարկային մարմիններին ներկայացնել ձեռք բերված եւ իրացված ապրանքների ծագման մասին ամբողջական տեղեկատվություն։ ՓՄՁ ներկայացուցիչները հայտարարեցին, որ նոր օրենքը մահացու հարված կհացնի իրենց բիզնեսին, քանի որ իրացվելիք ապրանքը ձեռք է բերվում խոշոր ներկրողներից, որոնք հիմնականում հրաժարվում են փաստաթուղթ տրամադրել։ Արդյունքում, ըստ ձեռնարկատերերի, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի այս դրույթի չկատարման պատճառով առաջացած տույժերն ու տուգանքները անհնարին կդարձնեն ՓՄՁ-երի զգալի մասի հետագա գործունեությունը։ Արդեն սեպտեմբերին  տասնյակ հազարավոր ձեռնարկատերեր Երեւանի տոնավաճառներից եւ ոսկու շուկաներից, ինչպես նաեւ՝ Գյումրիում, Հրազդանում, Սեւանում եւ այլ քաղաքներում, ի նշան բողոքի՝ գործադուլ հայտարարեցին։ Ամառվա վերջին եւ աշնան սկզբին սոցիալական եւ քաղաքական օրակարգի շուրջ ոտքի կանգնեցին նաեւ Արցախյան ազատամարտի վետերանները, որոնք միավորվեցին «Ազատամարտիկների դաշինք» կազմակերպության մեջ եւ հայտարարեցին խորհրդարանական ընդդիմության հետ իրենց քայլերի համակարգման պատրաստակամության մասին։ Քաղաքական ընդդիմությունն իր  աջակցությունը հայտնեց ինքնակազմակերպված քաղաքացիներին։ Արդեն ակնհայտ էր, որ կառավարությունը հակված չէ 12 կետերի ուղղությամբ իրական լուծումներ առաջարկել։ Սեպտեմբերի 17-ին հայտարարվեց, որ ընդդիմությունը մարզային հանրահավաքների շարք է սկսում, որը կամփոփվի հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաքով։ Դրա ընթացքում նախատեսվում էր գնահատական տալ 12 կետերի կատարմանը, ինչպես նաեւ՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացին։  Դաշնակցությունը հրաժարվեց ընդդիմության հանրահավաքներին մասնակցելուց՝ հույս ունենալով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումները կլուծեն կուսակցության առջեւ դրված խնդիրները։

Հոկտեմբերի 10-ի միասնական հանրահավաքին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը հանդես եկան արտահերթ ընտրությունների եւ ամբողջական իշխանափոխության պահանջով, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ գործող իշխանության հետ հույսեր կապելը վաղուց արդեն անիմաստ է. Նա հայտարարեց նոր Համաժողովրդական շարժման մեկնարկի մասին։ Հանրահավաքից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, նախապես հայտարարված հոկտեմբերի 15-ի փոխարեն՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին գնահատական կտա գալիք փետրվար-մարտ ամիսներին։ Այս որոշումը պատճառաբանվեց նրանով, որ  հարցի վերաբերյալ «ակնկալվում են լրացուցիչ քաղաքական քննարկումներ և քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիա»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը վերջին ավելի քան մեկ տարվա իր հիմնական ներքաղաքական խնդրի հանգուցալուծումը ընդդիմնության ճնշման ներքո հերթական անգամ հետաձգեց։

Ընդդիմության հաջորդ՝  հոկտեմբերի 24-ի հանրահավաքին, որը նախորդից ավելի բազմամարդ էր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հանրապետության ողջ տարածքով մեկ Շարժման միասնական գրասենյակների ստեղծման գործընթաց սկսելու մասին։ Այս առումով Կոնգրեսը շեշտեց, որ կազմակերպչական հարցերի հետ զուգահեռ՝ անհրաժեշտ է «թեժ պահել» հրապարակը։

Թեեւ ընդդիմությունը նշել էր, որ «12 կետերի» վերաբերյալ իշխանության հետ բանակցություններն այլեւս իմաստ չունեն, Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջոցով երկխոսության հրավեր ուղղեց, որը մերժվեց բոլոր երեք ուժերի կողմից։   

Տարվա վերջին շաբաթներն աչքի ընկան քաղաքացիական ակտիվիստների, ազատամարտիկների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ աննախադեպ բռնության ալիքով։ Նախ, անհայտ անձինք այրեցին «Նախախորհրդարան» կազմակերպության մի քանի ակտիվիստների ավտոմեքենաները, ապա դաժան ծեծի ենթարկեցին կազմակերպության ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին։ Այնուհետեւ՝ ոտիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի հրահանգով բռնություն կիրառվեց Ազատամարտիկների դաշինքի անդամներ Ռազմիկ Պետրոսյանի եւ Մանվել Եղիազարյանի նկատմամբ (այս դեպքերին Երանոսյանի մասնակցության մասին վկայել է ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը, ինչպես նաեւ ինքը՝ Երանոսյանը, որը մամուլում նշեց նաեւ դրա պատճառը՝ «ով որ Սերժ Սարգսյանին իմ դեմը բան ասի, ականջները շան թուլի նման կկտրեմ»)։ Դեկտեմբերի 9-ին դիմակավոր անձինք հարձակում գործեցին եւ լուրջ մարմնական վնասվածքներ հասցրեցին մեկ այլ ազատամարտիկի՝ Սուրեն Սարգսյանին (հարձակվողներից մեկը, ազատամարտիկի խոսքով, տվել էր ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհերի» անունը)։ Երկու օր անց դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան մուտքի մոտ հարձակման ենթարկվեց եւ մարմնական վնասվածքներ ստացավ Կոնգրեսի փոխնախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ եւս երկու օր անց՝ Կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը։ Թեեւ բոլոր այս դեպքերում քաղաքական շարժառիթ էր նկատվում, սակայն ոստիկանությունը չէր շտապում համարժեք գնահատական տալ։ Արամ Մանուկյանի դեմ հարձակման մեջ կասկածվող, նախկինում մաքսանենգության համար դատապարտված Արշակ Սվազյանը, որը, ինչպես պարզվեց, ժամանակին մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդն է եղել, բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց ազատ արձակվեց։ Սվազյանը հայտարարել էր, որ Մանուկյանի վրա հարձակվել է Սերժ Սարգսյանի «թասիբը պահելու» համար։ Միջազգային մի շարք կառույցներ իրենց մտահոգությունը հայտնեցին ծայր առած բռնությունների ալիքի կապակցությամբ, իսկ խորհրդարանական բոլոր ոչիշխանական ուժերը պահանջեցին հստակ քաղաքական գնահատական տալ կատարվածին՝ այդ թվում պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին։ ՀՀԿ խմբակցությունը տապալեց այս առաջարկով նախաձեռնված ԱԺ արտահերթ նիստը եւ ՀՅԴ հետ համատեղ, ընդհանուր ձեւակերպումներով կազմված հայտարարություն ընդունեց։

Տարվա վերջին ամսին լուրջ ցնցումներ տեղի ունեցան նաեւ ֆինանսա-տնտեսական ոլորտում։ Նոյեմբերի վերջին օրերին եւ դեկտեմբերի սկզբին դրամի փոխարժեքը կտրուկ նվազեց՝ դոլարի նկատմամբ պատմական «ռեկորդ» գրանցելով ($1-ը՝ 600-650 դրամ), այնուհետեւ փոքր-ինչ բարձրացավ եւ հանգրվանեց 460-470 դրամի սահմաններում՝ մինչճգնաժամային 410-ի փոխարեն։ Տարվա ընթացքում Կենտրոնական բանկը դրամի փոխարժեքը պահելու նպատակով ծախսեց ՀՀ պետական արտարժութային պահուստների ¼-ը։ Դրամի վայրիվերումները նաեւ սպառողական ապրանքների անհամաչափ գնաճի հանգեցրին։ Վերլուծաբանների գնահատականով, տարեվերջի տնտեսական զարգացումները 2015-ին էլ ավելի կվատթարացնեն բնակչության սոցիալական վիճակը։  

 Լեռնային Ղարաբաղ եւ արտաքին քաղաքականություն

Անցնող տարին ընթացավ ԼՂ հակամարտության գոտում 1994-ի հրադադարից ի վեր աննախադեպ լարվածության մթնոլորտում։ Առաջին դիվերսիոն փորձերը Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկեց դեռեւս հունվարին։ Հակառակորդը 2014-ին առաջին անգամ պատերազմի ավարտից հետո կիրառեց ոչ միայն խոշոր տրամաչափի գնդացիրներ, այլեւ հրետանային ականներ, նռնականետներ, զենիթային սարքավորումներ։  Ամառվա սկզբին ԼՂՀ Քարվաճառի շրջանից ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խումբը սպանեց եւ վիրավորեց  չորս մարդու, նրանց թվում քաղաքացիական անձինք էին, որոնցից մեկը 17-ամյա Սմբատ Ցականյանն էր։ Ադրբեջանցի դիվերսանտների մի մասը ձերբակալվեց, մեկը ոչնչացվեց։

Հուլիսի վերջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հարցազրույցով, որում քննադատեց իշխանությունների անկարողությունը ԼՂ գոտում հակառակորդի դիվորսիոն գործողույթուններին համարժեք պատասխան տալու հարցում։ Մի քանի օր անց, թեժ մարտերի արդյունքում ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը վճռական հակահարված տվեցին ադրբեջանական զորքերին։ Հակառակորդը, հուլիսի 28-օգոստոսի 5-ի ժամանակահատվածում, տարբեր գնահատականներով, շուրջ քառապատիկ ավելի զոհեր տալուց հետո հրաժարվեց ինտենսիվ ռազմական գործողություններից։  Միջազգային մամուլն արձանագրեց, որ ԼՂ հակամարտության կողմերը խուսափեցին իրական թվացող պատերազմից։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը երեք ամսվա ընթացքում հանդիպեցին երեք անգամ։ Սակայն, չնայած դրան եւ միջնորդների՝ խաղաղությանն ուղղված կոչերին, Ադրբեջանը նոյեմբերի 12-ին եւս մեկ աննախադեպ սադրանքի դիմեց՝ «Իգլա» տիպի հրթիռով խոցելով ԼՂՀ սահմանին ուսումնավարժական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռը, որի անձնակազմի երեք անդամները զոհվեցին։ Ադրբեջանական կողմը մի քանի օր շարունակ ինտենսիվ կրակի տակ էր պահում ուղղաթիռի խոցման վայրը՝ 10 օր թույլ չտալով հայկական կողմին տարհանել զոհերի դիակնեը։ Սակայն նոյեմբերի 22-ին ԼՂՀ հատուկջոկատայինները տարհանեցին զինվորականների մասունքները եւ խոցված ուղղաթիռի մի քանի կարեւոր մասեր։ Միջազգային միջնորդներն այս դեպքում էլ հանդես եկան մշուշոտ ձեւակերպումներ պարունակող հայտարարություններով, ԱԳՆ-ը աչքի ընկավ իր պասիվ պահվածքով, իսկ ՀՀ ԶՈւ ղեկավարությունը խոստացավ սադրանքին անհամաչափ արձագանք տալ։

Արտաքին քաղաքական առումով տարին նշանավորվեց նաեւ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի ավարտով։ Թեեւ իշխանությունները նախօրոք հայտարարում էին մայիսին միության հիմնադիր անդամ դառնալու հավանականության մասին, սակայն ՀՀ անդամակցության հարցը մի քանի անգամ հետաձգվեց։ Անդամակցության վերաբերյալ պայմանագիրը կնքվեց հոկտեմբերի 10-ին Մինսկում, դեկտեմբերին ՀՀ ԱԺ-ը վավերացրեց պայմանագիրը, իսկ դեկտեմբերի վերջին ԵՏՄ անդամ երկրներն իրենց խորհրդարաններում վավերացրեցին ՀՀ անդամակցությունը։ Ի դեպ, սեպտեմբերի վերջին «Առավոտ» օրաթերթում հրապարակվեց Չեխիայի հայ համայնքի հետ ամիսներ առաջ կայացած՝ Սերժ Սարգսյանի հանդիպման սղագրությունը, որով ապացուցվեց, որ Սերժ Սարգսյանը Մաքսային, հետեւաբար՝ Եվրասիական միությանն անդամակցության մասին որոշումը կայացրել է «մի գիշերվա մեջ»։   

Նախորդ հոդվածը‘Դեսպանի մահը չի խաթարի Ս.Սարգսյանի Ամանորի քեֆը ‘
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է «դիվերսանտների» գործով դատավճիռը’