‘ԱՆ. Հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում’

1034

Ներկայումս հանրապետությունում նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում: Իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին` 3579, 18-24-ին` 5033 դեպք): Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Աճը պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ, այնպես էլ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաև գրիպի հետագա  բարդությունների առաջացման կանխարգելման կարևոր պայման է, որը նվազեցնում է ստացիոնար բուժհաստատությունների բեռը։  

Հանրապետության մարզերի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում ներկայումս բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 198, թոքաբորբերի թեթև ձևերով` 74 հիվանդ, իսկ Երևանում` սուր շնչառական վարակներով բուժվում է 161 հիվանդ, թոքաբորբի թեթև ձևերով` 143: Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է միջին ծանրության` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:

Փետրվարին հանրապետությունում կազմակերպվել և իրականացվել է  լաբորատոր վիրուսաբանական 236 հետազոտություն, որից 75 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 23-ում` Բ տեսակը: Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ա տեսակի H1N1 ենթատեսակը գրեթե 70% դեպքերում արձանագրվել է թեթև ընթացքով հիվանդների մոտ: 

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհին վատառողջության պատճառով հետաձգել է այցն Ուելս’
Հաջորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ. տեղամասերում, որտեղ ավելի բարձր մասնակցություն է գրանցվել, ավելի շատ ձայն է ստացել Սերժ Սարգսյանը ‘