Աշխարհը շուռ եկավ. ՉԻ

1523

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Աշխարհում ավելի զզվելի բան դժվար գտնվի, քան էժան երեսպաշտությունը։ 

Իր որդիներին բանակից փախցրած, բանակի հաշվին միլիոններ դիզած նեղ շրջանակն ու դրա արբանյակները մի եզակի վնգստոց են բարձրացնում խաղաղությունից խոսողների հասցեին, ուզում ես ուղղակի երեսպաշտության թանգարան բացել ու սրանց դեմքերը տարբեր ռակուրսներով զետեղել այնտեղ։ 

Ու թե ո՞նց է հողը իր վրա այսքան երեսպաշտություն տանում, միայն Աստված գիտի»:

«ՉԻ». Այդպես լավ չի: Միանգամից մի հատ «Պատերազմ, թե խաղաղություն» վերնագրով հոդված գրեք ու մեզ խաղաղության կարևորության մասին բացատրեք: 

Բայց զգացի՞ք՝ ոնց աշխարհը շուռ եկավ: Հիմա մենք պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ ենք, ոչմիթիզականներ, ռևանշիստներ, սրանք էլ՝ խաղաղության քարոզիչներ: 

Մեզ խելք են սովորեցնում: Սրանք, որ արժանապատիվ խաղաղության բանակցություններն ու ծրագրերը Խորենացի փողոցում դավաճանություն էին համարում: Սրանք, որ խաղաղության մասին ցանկացած խոսք հող հանձնել էին համարում: 

Ու այսքանից հետո երեսպաշտությունից են խոսում: Հիմա դնես, ցույց տաս, թե ինչեր էին հոխորտում մինչև 2020-ի պատերազմը, հարցնես՝ տղա ջան, մի հատ ցույց տվեք, մինչև այս աղետալի պատերազմը քանի՞ անգամ եք խոսել խաղաղության անհրաժեշտության մասին:

Զգացի՞ք՝ ոնց շուռ եկավ աշխարհը: Նախկինները իրենց վերագրեցին 1990-ականների ռազմական հաջողությունները, սրանք էլ իրենց են վերագրում խաղաղությունը: Յանի մինչև հիմա դրա մասին խոսող չկար, իրենք եկան ու հասկացան, որ ճիշտը խաղաղությունն է: 

Խաղաղությունն ու խաղաղություն մուրալը տարբեր բաներ են. սա է, որ չեք հասկանում*: 

* Իրականում լավ էլ հասկանում են:

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըԱդրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ
Հաջորդ հոդվածըԼՂ խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, ինչի մասին ուղիղ խոսում են ադրբեջանցի պաշտոնյաները