‘Աշխարհի ամենագեղեցիկ մետրոյի կայարանները (լուսանկարներ)’

5496

Հայաստանցիներս սիրում ենք հպարտանալ Երեւանի մետրոպոլիտենի կայարանների ինքնատիպությամբ ու մաքրությամբ:

Երեւանի մետրոն իր 9,5 կայարաններով գուցե ոչ ամենաարդյունավետ փոխադրամիջոցն է ավելի քան 1 միլիոն բնակիչ ունեցող մեր մայրաքաղաքի համար, բայց անկասկած, ամենամաքուրն ու ամենահարմարն է` հատկապես օգոստոսյան այս շոգ օրերին:

Այնուհանդերձ, պետք է խոստովանել, որ քաղակիրթ մարդկությունը ոչ վաղ անցյալում եւ ներկա ժամանակներում իրենց ինքնատիպությամբ ու գեղեցկությամբ փայլատակող շատ ուրիշ մետրոներ էլ է ստեղծել:

Գեղեցիկների քանակով ռեկորդակիրը ստոկհոլմյան մետրոն է: Այն հաճախ անվանում են ամենաերկար պատկերասրահը, քանի որ այստեղ արվեստի գործերի ցուցահանդեսներ, մրցույթներ ու փառատոններ են ցուցադրվում: Ստոկհոլմի մետրոյի դիզայնի վրա, սկսած 1950-ականներից, ավելի քան 140 նկարիչներ են աշխատել: Յուրաքանչյուր կայարան իր յուրահատուկ ոճով է ձեւավորված. «Տենստան»` Անտարկտիդայում կյանքը պատկերող ժայռապատկերներով, «Հալլոնբերգեն» կայարանը զարդարում են մինչեւ հինգ տարեկան մանչուկների ստեղծած նկարները: «Սոլնա-սենթրումն» իրենից ներկայացնում է կարմիր առաստաղով ու կանաչ պատերով քարանձավ, եւ նկարներով պատկերում է, թե ինչպես են մարդիկ իրենց համար տարածություն նվաճում բնությունից` անտառներ են հատում ու տներ կառուցում:  «Արքայական պարտեզ» կայարանը ստորգետնյա պալատ է հիշեցնում:

 

Մայնի Ֆրանկֆուրտի մետրոպոլիտենի ամենակարեւոր կայարանը` «Բոկենհայմեր Վարթե»-ն իրենից ներկայացնում է մասամբ գետնի տակ անցած գնացք: Ճարտարապետ Զբիգնեւ Փիթեր Պինինսկիին ոգեշնչել են Ռենե Մարգրիտի աշխատանքները:

 

Նեապոլի մետրոյի «Տոլեդո» կայարանում հայտնվելով` տպավորություն ես ստանում, որ հայտնվել ես ոչ թե ստորգետնյա, այլ ստորջրյա աշխարհում: Այս կերպ ճարտարապետ Օսկար Տուսկետսը վերստեղծել է ծովամերձ քաղաքի էությունը: Ջրի մեջ ընկղմված լինելու զգացողություն են ստեղծում երկնագույնի բոլոր երանգներով ստեղծված մանրապատկերները:

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող մետրոյի «Օլայաս» կայարանի դիզայնը ճարտարապետ Թոմաս Տավեյրան ձոնել է «Էքսպո-98» ցուցահանդեսի բացմանը: Շքեղ վիտրաժային առաստաղը իր վրա է գամում բոլոր ուղեւորների ուշադրությունը:

1966-ին նկարիչ Մարսել Ֆերոնի հեղինակած` կանադական Մոնրեալի «Շամպ-դե-Մարս» կայարանի վիտրաժները հատկապես գեղեցիկ են արեւոտ օրերին, երբ դրանց միջով թափանցում է արեւը:

 

Թայվանական Գաոսյունի «Բուլվար Ֆորմոզա» կայարանը զարդարված է 30 մետր տրամագիծ ունեցող հսկա գմբեթով, որը պատրաստված է գույնզգույն ապակիով: Գմբեթի վրա նկարիչ Նարցիս Կվոլյատան պատկերել է մարդու կենսական չորս ոլորտները` ջուրը, լույսը, հողն ու կրակը:

 

Նույն Գաոսյունում կա էլի մի գեղեցկագույն կայարան` մոտակայքում գտնվող «Կենտրոնական զբոսայգին»: Ընդ որում, ինքը` կայարանն արդեն յուրահատուկ մինի զբոսայգի է. դրա ողջ կասկադը շրջապատված է իսկական խոտով ծածկված տարածքով:  

Սինգապուրի «Չանգի օդանավակայան» կայարանը բացվել է 2002 թվականին: Այն իրար է կապում օդանավակայանի տերմինալները: Կայարանի` 100 հազար քառակուսի մետրանոց հսկայական տարածքում նույնիսկ կոնֆերանս-հոլլ կա:

Հյուսիսային Կորեայի Փհենյանի մետրոպոլիտենը շատ խորն է: Այն գտնվում է 110 մետր խորության վրա եւ միաժամանակ ռմբապաստարանի դեր է կատարում: «Վերակառուցում» կայարանը հայտնի է իր բարդ զարդաքանդակներով ու շքեղ ջահերով:

 «Ոսկե դարպասներ»-ը կիեւցիների ամենասիրած կայարաններից է: Այն բացվել է 1989-ին եւ ձեւավորված է Կիեւյան Ռուսաստանի ոճով: Զարդարանքի համար օգտագործվել է մարմար եւ գրանիտ: 

 

 

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերին կժամանի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Անոնս. Պարույր Հայրիկյանը շուտով հացադուլ կհայտարարի’