‘Աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը՝ Օփրա Ուինֆրին, Շվեյցարիայում ռասիզմի «զոհ» է դարձել’

1381

Ամերիկացի հանրաճանաչ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայտարարել է, որ ռասիզմի դրսևորման զոհ է դարձել վերջերս Շվեյցարիա կատարած այցի ընթացքում: Նրա հավաստմամբ՝ Ցյուրիխում՝ հայտնի մի խանութում, որտեղից ինքն ուզեցել է պայուսակ գնել, վաճառողը հրաժարվել է իրեն սպասարկել: Խանութի աշխատակիցը, ինչպես պնդում է սևամորթ հաղորդավարուհին, ենթադրել է, որ այդ պայուսակը «նրա գրպանին հարմար չէ»: Խանութի միջադեպի մասին Ուինֆրին պատմել է ամերիկյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում: Նա ասել է, որ հանգիստ դուրս է եկել խանութից, սակայն այդ միջադեպը համարում է ապացույցն այն բանի, որ աշխարհում ռասիզմին վերջ չի տրվել:

Ավելի վաղ Շվեյցարիայում բանավեճեր են ծավալվել իշխանությունների ծրագրերի շուրջ՝ ապաստան հայցողներին մի քանի քաղաքներում արգելել այցելել մի շարք հասարակական վայրեր՝ լողավազաններ, մարզադաշտեր և գրադարաններ:  Ներկայումս Շվեյցարիայում ապաստան խնդրողների թիվը հասնում է 46 հազարի, այսինքն՝ նման փախստականների թիվը կրկնակի ավելի է, քան միջին հաշվով՝ Եվրոպայում: Իրավապաշտպաններն այս ծրագրերը համեմատել են ապարտեիդի քաղաքականության հետ:

Օփրա Ուինֆրիի՝ աշխարհի ամենահարուստ կանանցից մեկի շոուն, Շվեյցարիայում չի հեռարձակվում: Նա Շվեյցարիա է ժամանել երգչուհի Թինա Թյորների հարսանիքին: BBC-ի թղթակցի կարծիքով՝ այս միջադեպը Շվեյցարիան ողջ աշխարհին չափազանց անհաճո լույսի ներքո է ներկայացնում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Երթ դեպի քաղաքապետարան. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Մեկնարկում է Ֆիզուլիի գործողությունը ‘