‘Աշխարհի ոչ մի երկրում բանտարկյալներին արտասահմանում բուժելու մասին օրենք չկա’

877

Ուկրաինան նորարար կլինի, եթե երկրի խորհրդարանը օրենք ընդունի արտասահմանում կալանավորների բուժման վերաբերյալ, ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: «Աշխարհում ոչ մի այդպիսի երկիր չկա, որտեղ օրենք լինի արտասահմանում կալանավորներին բուժելու վերաբերյալ»,- ասել է նա: Այնուամենայնիվ, գլխավոր դատախազը խոստացել է, որ եթե Գերագույն ռադան նման օրենք ընդունի, գլխավոր դատախազությունն անվերապահորեն կկատարի այն: Միևնույն ժամանակ՝ Պշոնկան նշել է, որ այդ օրենքի բոլոր դրույթները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, դրանք «չպետք է հարմարեցվեն մեկ մարդու, մասնավորապես՝ Յուլյա Տիմոշենկոյին»: Ըստ նրա՝ նման օրենքում պետք է անպայման նշվի այն երկրի իրավապահ մարմինների պատասխանատվությունը, որը կընդունի կալանավորին, ինչպես նաև՝ պետք է նախատեսվեն այն մեխանիզմները, որոնց միջոցով կալանավորը պետք է պետությանը փոխհատուցի իր իրավախախտման հետևանքով պատճառված վնասը:

Նախօրեին Գերագույն ռադայի աշխատանքային խումբը ներկայացրել է  ընդդիմության պատրաստած լրացումները «բուժական արձակուրդի» մասին օրենքում: Փոփոխությունների համաձայն՝  Ուկրաինայից դուրս բուժման ժամանակը չի հաշվարկվում պատժաչափի մեջ: Բացի այդ՝ օրենքի դրույթները կարող են տարածվել միայն նրանց վրա, ովքեր հիվանդացել են Ուկրաինայի ուղղիչ հաստատություններում պատիժը կրելուց առաջ կամ այդ ընթացքում: Օրինագիծը նախատեսում է, որ բուժման կարիք ունեցող անձը պետք է գրավոր պարտավորվի բուժումն ավարտելուց հետո տասնօրյա ժամկետում վերադառնալ Ուկրաինա: Նման բուժումը բանտարկյալը իրականացնելու է իր հաշվին, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Աշոտյանն է առաջարկում. Հայերենը պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն Ուկրաինայի հետ Վիլնյուսի գագաթնաժողովից հետո չի ստորագրի ասոցացման համաձայնագիրը’