‘Աշխարհի 10 ամենահարուստ ֆուտբոլային ակումբները’

1335

«Deloitte» ընկերությունը հրապարակել է ֆուտբոլային ակումբների տնտեսական վիճակի մասին տարեկան հաշվետվությունը, որի հիման վրա ներկայացնում ենք ամենահարուստ ակումբների տասնյակը:

10. «Յուվենտուս» — 323.9 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 73.5 մլն եվրո, հեռարձակումների եկամուտ՝ 199 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 51.4 մլն եվրո:

«Յուվենտուսը» շարունակում է ֆինանսապես աճել: Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս «Ծեր սենյորան» հայտնվել է աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակում: Թուրինցիները մեծ նախագիծ ունեն. 2017-ին ցանկանում են «J-Village» կառուցել, որն իր մեջ ֆիրմային մեծ խանութ կներառի, դպրոց ու ֆուտբոլիստների համար հյուրանոց:

2014-15թթ. մրցաշրջանում տնտեսական հաջողությունները մեծապես կախված էին հեռարձակումից ստացած եկամտով. ավելին միայն իսպանական երկու գրանդ ակումբներն ունեն: Դա պայմանավորված է Չեմպիոնների լիգայում թուրինցիների հաջողությամբ: «Adidas» ընկերության հետ կնքած պայմանագրի շնորհիվ ընթացիկ մրցաշրջանում թուրինցիների ֆինանսական վիճակն էլ ավելի կլավանա:

9. «Լիվերպուլ» — 391.8 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 153 մլն եվրո, հեռարձակումների եկամուտ՝ 163.8 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 75 մլն եվրո:

Վերջին 5 տարվա համեմատ, «Լիվերպուլը» ֆինանսական լավ կարգավիճակի հասավ Չեմպիոնների լիգային մասնակցելու շնորհիվ: Կարմիրները մրցաշարում երկար կյանք չունեցան, բայց վաստակեցին ՉԼ-ի ընդհանուր եկամտի 17%-ը: Եթե Յուրգեն Կլոպը չուշացնի թիմի՝ Եվրոպայի ամենագլխավոր ակումբային մրցաշար վերադարձը, ապա կարմիրների ֆինանսական գործերն ավելի լավ ընթացք կունենան: Բացի այդ, «Էնֆիլդում» ավելացնելու են նստատեղերի քանակը, ինչը նշանակում է, որ խաղերից ստացած եկամուտը ևս ավելանալու է:

8. «Չելսի» — 420 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 148.7 մլն եվրո, հեռարձակումների եկամուտը՝ 178.2 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 93.1 մլն եվրո:

Անցյալ տարվա համեմատ, «Չելսին» մեկ հորիզոնականով ցած է իջել: Դրան նպաստել են Չեմպիոնների լիգայից «ՊՍԺ»-ի պատճառով վաղաժամ դուրս մնալն ու այն, որ «Սթեմֆորդ Բրիջը» քիչ հանդիսական է տեղավորում (մարզադաշտը 42.000-ից մի փոքր պակաս նստատեղ ունի, բայց «Չելսին» շուտով60.000 հանդիսականի առաջ խաղալու հնարավորություն կունենա: «Samsung»-ի հետ կնքած պայմանագիրը «յուղոտ» չէր, բայց նոր հովանավորի՝ «Yokohama Rubber»-ի հետ համագործակցությունն ավելին է խոստանում, և հնարավոր է, որ 2015-16թթ. մրցաշրջանում այս աղյուսակում «Չելսին» ավելի բարձր հորիզոնականում լինի` նույնիսկ, եթե ֆուտբոլի դաշտում գործերն այնքան էլ հաջող չընթանան:

7. «Արսենալ» — 435.5 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 138.8 մլն եվրո, հեռարձակումների եկամուտ՝ 167.7 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 132 մլն եվրո:

«Puma»-ի հետ համագործակցությունն «Արսենալին» լուրջ շահույթ բերեց (10% ավելի, քան անցյալ տարվա արդյունքը): Մյուս առումներով էլ է «Արսենալի» տնտեսական մոդելը լավը. լոնդոնցիներն այս աղյուսակում միակն են, որ հավատարիմ են եկամտի բաշխման ավանդական մոդելին (գրեթե հավասարաչափ՝ ոչ մի ցուցանիշ ընդհանուր շահույթի 30%-ից պակաս չի կազմում): Հետաքրքիր է՝ «Արսենալի» ֆինանսիստներին Արսեն Վենգերը խորհուրդնեղր տալի՞ս է, չէ՞ որ նա տնտեսագիտության բաժնի մագիստրոս է:

 

6. «Մանչեսթեր Սիթի» — 463.5 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 228.5 մլն եվրո, հեռարձակումների եկամուտը՝ 78 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 57 մլն եվրո:

Matchday-ի ցուցանիշի վրա խիստ ազդեցություն է թողել տնային խաղերին հանդիսականների սակավ քանակը: Ընթացիկ մրցաշրջանից առաջ «Էնֆիդում» վերին 2 շարք են ավելացրել ու 7.000 նոր նստատեղ է ավելացվել: Հնարավոր է՝ այն ապագայում շահույթ բերի: Ինչ վերաբերում է 2015-ին «Սիթիի» եկամտի հիմնական աղբյուրներին, ապա դրանք տարածաշրջանային 22 նոր հովանավորների հետ պայմանագրերն են (դրանց թվում են՝ «Sap», «Citibank», «Nissan»): Չեմպիոնների լիգայում հաջողության հասնելու դեպքում այս աղյուսակում «Մանչեսթեր Սիթին» ավելի բարձր դիրք կկարողանա գրավել:

5. «Բավարիա» — 474 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 278.1 մլն եվրո, հեռարձակումների եկամուտը՝ 106.1 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 89.8 մլն եվրո:

2003-04թթ. մրցաշրջանից սկսած «Բավարիան» անընդհատ հայտնվում է Money League-ի լավագույն տասնյակում, դրա համար էլ ֆինանսական նոր հաշվետվությունում նրա ներկայությունը զարմանալի չէ: Սակայն, մյուս ակումբների հետ համեմատած, մյունխենցիները կորցնում են դիրքերը. անցյալ մրցաշրջանում «Բավարիան» առաջ էր անցել «ՊՍԺ»-ից:

Ամեն դեպքում, Գերմանիայում այս ակումբն իրեն հավասարը չունի. բոլոր թոփ-ընկերությունները ցանկանում են աշխատել հենց «Բավարիայի» հետ: Նշենք նաև, որ 2015-ին նրանք նպատակադրվեցին ընդլայնել երկրպագուների աշխարհագրությունն ու ամռանը ակումբային պաշտոնական խանութ բացեցին Չինաստանում, ինչպես նաև լավ պայմանագիր կնքեցին «fox Sports Networks»-ի հետ ու վերջիներիս տվեցին ԱՄՆ-ում խաղերի հեռարձակման իրավունքը:

4. «Պարի Սեն Ժերմեն» — 480.8 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 297 մլն եվրո, հեռարձակումների եկամուտ՝ 105.8 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 78 մլն եվրո:

Նայելով «ՊՍԺ»-ի եկամտի աստիճանին՝ զարմանալի է, թե ՈւԵՖԱ-ն մինչև այսօր ինչպես չի ուսումնասիրել ճնապարհը, որով ակումբը ստանում է իր գումարը: «ՊՍԺ»-ն խաղերի տոմսերի վաճառքի և հեռարձակման արդյունքում այնքան էլ մեծ շահույթ չի ստանում, փոխարենը եկամտաբեր են նրա կնքած պայմանագրերը հովանավորների հետ (ընդհանուր շահույթի 62%): Բացի այդ, Փարիզի ակումբի հովանավոր շատ ընկերություններ («Qatar Tourism Authority», «Qatar National Bank», «Emirates») այսպես թե այնպես կապված են ակումբի սեփականատերների հետ: Առո՞ղջ իրավիճակ է: Իհարկե, ոչ:

 

3. «Մանչեսթեր Յունայթեդ» — 519.5 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 263.9 մլն եվրո, հեռարձակումների եկամուտ՝ 141.6 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 114 մլն եվրո:

Անգամ Չեմպիոնների լիգայում չխաղալով «Մանչեսթեր Յունայթեդը»՝ կարողացավ լավ դիրք ամրագրել: Պարզապես ակումբն ԱՊԼ-ի հետ հեռուստատեսային լավ պայմանագիր ունի, 7-ամյա պայմանագիր ունի «General Motors»-ի հետ, իսկ «Օլդ Թրաֆֆորդը» երկրպագուների պակաս չունի: 2015-16թթ. մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը պետք է աճի, քանի որ «Adidas» ընկերությունն անգլիական ակումբի հետ 730 մլն ֆունտ արժողությամբ 10-ամյա պայմանագիր է կնքել: 

2. «Բարսելոնա» — 560.8 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 244.1 մլն եվրո, հեռարձակումների եկամուտ՝ 199.8 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 116.9 մլն եվրո:

Այսօր էլ «Բարսելոնան» լուրջ շահույթ է ստանում հովանավորների հետ կնքած պայմանագրերի («Audi», «Beko», «Telefonica») և հեռուստահեռարձակումներից ստացած գումարի շնորհիվ (ավելին միայն «Ռեալն» է ստանում): «Բարսելոնային» նաև հաջող մրցաշրջանն օգնեց. դաշտում տարած հաղթանակների շնորհիվ «Բարսելոնան» այս աղյուսակում «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ լավագույն եռյակում է և ավելի քան 500 միլիոն եվրո շահույթ ունի: 

 

1. «Ռեալ» — 577 մլն եվրո
Կոմերցիոն եկամուտ՝ 247.3 մլն եվրո, հեռարձակումների եկամուտ՝ 199.9 մլն եվրո, խաղերից ստացած եկամուտ՝ 129.8 մլն եվրո:

Զարմանալի ոչինչ չկա. «Ռեալն» արդեն 12-րդ անգամ գլխավորում է այս աղյուսակը: Հեռուստահեռարձակումներից ստացած շահույթը մի փոքր նվազեց ՉԼ-ի կիսաեզրափակչից դուրս մնալու պատճառով, բայց դա որևէ անդրադաձ չունեցավ «Ռեալի» ֆինանսական կարգավիճակի վրա. մադրիդցիներն այնքան հարուստ հովանավորներ ունեն, որ դա խնդիր չէ: Բացի այդ, «Ռեալի» կարգավիճակը բարելավեցին «Abu Dhabi’s International Petroleum Investment Company» և «Emirates» ընկերությունների հետ պայմանագրերը: Կոմերցիոն եկամտի և Muchday-ի շնորհիվ մադրիդցիների եկամուտն աճել է 27 միլիոն եվրոյով:

Նախորդ հոդվածը‘Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից. Առաջին նախագահի գրասենյակ’
Հաջորդ հոդվածը‘Australian Open. Սերենա Ուիլյամսը հաղթեց Մարգարիտա Գասպարյանին եւ կհանդիպի Շարապովային’