‘Աշոտյանը խլել է ԵՊԲՀ-ի Դիլիջանի հանգստյան տունը. «Հրապարակ»’

1539

Երևանի բժշկական համալսարանի անցուդարձին մոտ կանգնած անձից «Հրապարակը» նամակ է ստացել, որտեղ նամակի հեղինակը տեղեկություններ է հայտնում, որ Միխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող Դիլիջանի հանգստյան տունը վարձակալությամբ տրվել է մի ընկերության, որի «տանիքը» կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է: Նամակագիրը վստահեցնում է, որ նախարարը վաղուց է պայքարել այս հանգստյան տանը տիրանալու համար և վերջապես անցյալ տարի հաջողել է դա անել։

«ԵՊԲՀ-ից Աշոտյանը 2013 թվականին կարողացավ խլել Դիլիջանի հանգստյան տունը, որտեղ տարվա բոլոր ամիսներին մատչելի գներով հանգստացել են ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները: Խլման գործողությունը կատարվեց վարչապետի հրահանգով, կառավարության որոշմամբ, և, ինչպես միշտ է արվում, սկզբում ձևակերպվում է ուրիշի անունով, երկարատև վարձակալության, իսկ հետո արդեն, շատ արագ չնչին գներով սեփականացնում են»,- գրված է եղել թերթին ուղղված նամակում։

Թերթը գրում է. «Անկեղծ ասած, չէինք ուզում հավատալ, որ ՀՀԿ-ի ամենաակտիվ քարոզիչը նման գործարքում է թաթախված, և ուրախ էինք՝ ստանալով նրա հերքումը. «Ասեմ, որ ոչ մի անձնական կապ ԵՊԲՀ Դիլիջանի ուսումնաարտադրական բազայի և նրա վարձակալության մասին որոշման հետ չունեմ: Մնացած հարցերը կարող եք ճշտել Պետգույքի կառավարման վարչությունից»: ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Վիկտորիա Անիկինան մեզ նույն խորհուրդը տվեց՝ վստահեցնելով, որ Բժշկական համալսարանի ուսումնաարտադրական բազան վարձակալ չունի, որ համալսարանը չի պատրաստվում այն վաճառել:

Սակայն Պետգույքի կառավարման վարչությունից այլ պատասխան ստացանք: «ԵՊԲՀ Դիլիջանի բազան անցյալ տարի կառավարության որոշմամբ տրվել է վարձակալության: Բազան տարբեր շենքեր և շինություններից է կազմված: Դրանք վատ վիճակում էին, համալսարանը չէր հասցնում ներդրում անել, և հիմա այդ հանգստյան վայրը հանձնվել է երկարաժամկետ վարձակալության, որ ներդրումներ արվեն, և որ այն  ծառայի բուհի կարիքներին»,- ասաց վարչության մամուլի քարտուղար Մարգարիտ Սարգսյանը, սակայն հրաժարվեց նշել վարձակալի անունը, պատճառաբանելով, որ չի կարող առանց կողմի համաձայնության տեղեկություն տալ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘ՄՄ-ի «խերը». 5000$-ոց մեքենայի համար 4640 եվրո մաքսատուրք. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Օրը պատմության մեջ’