‘Աշոտ Ադամյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները «Կիսալուսնի Ծովածոցը» նոր ֆիլմում ‘

1427

Պարալլելս ֆիլմ (Parallels Film) անկախ կինոընկերությունը, Շարմ Հոլդինգը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը Մարտի 6-ին Մոսկվա կինոթատրոնում կներկայացնեն ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմը: «Կիսալուսնի Ծովածոցը» Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների վրա հիմված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի Ծովածոց կոչվող մտացածին քաղաքում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը: Տարվա չորս եղանակներին ծավալվող պատմությունները դառնում են գովք` Աստծու ստեղծած աշխարհին և Մարդուն: Պարալլելս ֆիլմ կինոընկերությունը 2012թ-ից սկսել է առաջին ֆիլմերի աջակցության ծրագիր` ջանալով օժանդակել հայկական նոր կինոալիքի ձևավորմանը: 2012ին ընկերությունը դիմել է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին և 2013-ին անգլիական Pollinger ltd-ից ստացել է Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը: Նույն թվականին` Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնում, կայացել է «Փասիանի որսորդը» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան, որը «Կիսալուսնի Ծովածոցը» ֆիլմի «Աշուն» հատվածն է: 2013ին «Փասիանի որսորդը» ստացել է Ազգային կինոմրցանակաբաշխության ՀԱՅԱԿ մրցանակը` Լավագույն դեբյուտ անվանակարգում:

Ֆիլմի օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լևոն Նավասարդյանը: Ֆիլմում օգտագործված է Come on-a my house երգը` Վիլյամ Սարոյանի խոսքերով, Ռոզ Բաղդասարյանի երաժշտությամբ, որում հնչում է Սարոյանի ձայնը: Ֆիլմի պրոդյուսերներն են` Հովհաննես Գալստյանը, Գևորգ Գևորգյանը, Կարեն Ղազարյանը:

Ֆիլմում նկարահանվել են. Աշոտ Ադամյանը, Սոս և Կարեն Ջանիբեկյանները, Նանոր Պետրոսյանը, Վիվիյեն Բաստաջյանը, Նարինե Գրիգորյանը, Արա Սարգսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը, Կարեն Խաչատրյանը: Պատանիների դերերում նկարահանվել են` Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի և Սոնա Գալստյանները, Սարգիս Հարությունյանը, Աստղիկ Վարդանյանը, Ամալյա Զաքարյանը:

Երևանյան պրեմիերայից հետո «Կիսալուսնի Ծովածոցը» կցուցադրվի Երևանյան կինոթատրոններում, կներկայացվի ՀԱՅԱԿ ազգային կինոմրցանակաբաշխությանը, ապա` Կաննի կինոշուկայում:

***

Տեղեկանք. Կինոշուկաները անց են կացվում տարբեր երկրներում` կինոթատրոններին կինոկոնտենտներ վաճառելու նպատակով: Միջոցառումները կարող են ունենալ ինչպես լոկալ, այնպես էլ` միջազգային բնույթ: Օրինակ`Կաննի միջազգային փառատոնի շրջանակներում կայանում է Կաննի միջազգային կինոշուկան: Կինոշուկաների շրջանակներում անց են կացվում տարբեր կլոր սեղաններ, կոնֆերանսներ եւ պրեզենտացիաներ, որոնք նախատեսված են ինչպես կինոթատրոնների սեփականատերերի, այնպես էլ` լրագրողների համար: Կինոշուկայի ընթացքում ընկերությունները ներկայացնում են իրենց ֆիլմերը, ինչի արդյունքում կինոթատրոնների սեփականատերերը կարող են հաշվարկել իրենց շահույթը այն դեպքում, եթե գնեն ֆիլմի պատճենը: Հաճախ հենց տեղում կնքվում են պայմանագրեր: 

Նախորդ հոդվածը‘Կարեն Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով’
Հաջորդ հոդվածը‘Գաղտնի խորհրդակցություն Վանաձորի ավագանու նիստին’