‘Աշոտ Ադամյանի մասնակցությամբ հայկական ֆիլմը` Մոսկվայի կինոփառատոնի մրցութային ծրագրում’

1168

Ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` Պարալլելս Ֆիլմ) ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 35րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Մոսկվայի ՄԿՓ-ը անցկացվելու է հունիսի 20-ից 29-ը: Փառատոնի գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն Մահմալբաֆը: Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի համար պայքարելու են 16 ֆիլմեր: Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընտրված ֆիլմերը յոթն են, որոնց թվում է Հայաստանը ներկայացնող «Փասիանի որսորդը» ֆիլմը: Եվս յոթ ֆիլմ մասնակցում են վավերագրական ֆիլմերի մրցույթին: Փառատոնը բացվելու է ռեժիսոր Մարկ Ֆորստերի World War Z (Война миров Z), (ԱՄՆ, պրոդյուսերներ` Բրեդ Փիթ, Դեդե Գարդներ, Ջերեմի Կլեյներ, Յեն Բրյուս), գլխավոր դերում` Բրեդ Փիթ:

«Փասիանի որսորդը» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմերի աջակցության ծրագրով, նույնիսկ հայաստանյան կինոարտադրության համար` չնչին բյուջեով, սեղմ ժամկետներում և սահմանափակ տեխնիկական միջոցներով: Ֆիլմը աչքի է ընկնում դասական գրողի հանդեպ հոգատարության ու ինքնուրույն մեկնաբանության համադրմամբ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների համարձակ կիրառմամբ: Ֆիլմում նկարահանվել են Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները, Սամվել Վարդանյանը, Անի Գալստյանը: Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի ՀԱՅԱԿ մրցանակը` Լավագույն դեբյուտ անվանակարգում:

ՊԱՐԱԼԼԵԼՍ ՖԻԼՄ

  

Նախորդ հոդվածը‘Կիրիլ Դեմենտեւ. Նիկիտա Սիմոնյանը թույլ եւ երկերեսանի չինովնիկ է’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» գումար է փնտրում նոր տրանսֆերների համար’