‘Աշոտ Ադամյան. «Մեր կողքինը մեզ շատ մոտ է՝ ուշադրություն չենք դարձնում»’

6883

Աշոտ Ադամյան. «Մեր կողքինը մեզ շատ մոտ է՝ ուշադրություն չենք դարձնում»

Ուրիշների համար՝ չգիտեմ, բայց ինձ համար ամենադժվար բանն է գրել մարդկանց մասին, ում հետ երկար ճանապարհ եմ անցել ու ալեհեր եմ դարձել նույն արժեքների աշխարհում: Փորձություններով ու դառն անակնկալներով լեցուն մեր ժամանակներում տասնյակների եմ կեսճանապարհին ասել՝ գնաս բարով: Խոսքը նրանց մասին չէ: Աստված իրենց հետ: Խոսքն այն մարդկանցից մեկի  մասին է, ում հետ մինչ օրս, բարեբախտաբար, քայլում եմ այդ նույն արժեքների ճանապարհով:

Ողջույն, Աշոտ Ադամյան: Դու է՞լ հատեցիր վաթսունը, եղբայր: Եվ ո՞նց ապրեցիր այդ տարիները, ի՞նչ ստեղծեցիր: Ի՞նչը գիտենք, եւ ի՞նչն է մոռացվել: Մոտավորապես այս կարգի հարցերի պատասխանները լսելու համար եմ սակավախոս վաղեմի ընկերոջս շատախոսության մղել: Հաջողվե՞ց: Համբերեք՝ տեսնենք:

Աշոտը Երեւանում է ծնվել՝ 1953-ի փետրվարի 14-ին: 1972-ին ավարտել է Երեւանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը: Չգիտեմ՝ հայոց ճարտարապետությունն ինչ կորցրեց, որ Աշոտը կեսճամփին մտափոխ եղավ եւ բախեց ռեժիսուրայի դուռը, բայց ինքս ուրախ եմ դրա համար, եւ վստահ եմ՝ բազմաթիվ են այն թատերասերներն ու կինոսիրողները, որ ապագա ճարտարապետ Աշոտ Ադամյանից ավելի գերադասում են դերասան եւ ռեժիսոր Աշոտ Ադամյանին: Առաջին հաջողությունը, թերեւս, այն էր, որ Աշոտն ուսանեց Հենրիկ Մալյանի արվեստանոցում (Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին): Ու՞մ համար է գաղտնիք, որ այդ տարիներին՝ այդ ֆակուլտետի դուռը բախողների մեծ մասը, եթե, իհարկե, ինչ-որ բան էին ուզում սովորել, երազում էին Մալյանի սանը դառնալ: Աշոտի հաջորդ ուսուցիչը նույնքան երազելի Ռոլան Բիկովն էր (Մոսկվայի կինոռեժիսորների եւ սցենարիստների բարձրագույն կուրսեր):     

Զրույցի հենց սկզբում վերհիշեցի Կինոյի տան փոքր դահլիճը, եւ թե այդ դահլիճում Հենրիկ Մալյանի թատրոն-ստուդիայի բոլոր ներկայացումները քանի-քանի անգամ եմ նայել, թե ոնց էին թրթռում աղջնակների սրտերը, երբ բեմ էր մտնում Ադամը (մտերիմ միջավայրում Աշոտն Ադամ է), եւ թե ոնց եմ կարոտել այդ տարիներն ու այն մթնոլորտը, որը Հենրիկ Մալյանն իր հետ տարավ: Ուրիշների դեպքում՝ չգիտեմ, ինձ համար՝ տարավ: Բայց քանի որ այս ամենն ի´մ հիշողությունն էր եւ իմ տպավորությունը, սրա մասին լռեցի եւ հարցրի.

 

— Ասել՝ Աշոտ Ադամյան եւ չհիշել քո ուսուցիչ Հենրիկ Մալյանին, առնվազն տարօրինակ կլիներ: Կամ՝ անտեղյակության հետեւանք: Բարեբախտաբար, անտեղյակ չեմ, եւ այն տարիներին, երբ Մալյանն էր ղեկավարում իր հիմնադրած թատրոն-ստուդիան, ես այդ թատրոնի երկրպագուն էի, եւ ձեր փոքրիկ բեմն առանց քո ներկայության չէի պատկերացնում: Ինչու՞ հեռացար այդ թատրոնից, ի՞նչ մնաց քո մեջ այդ թատրոնից, եւ ի՞նչը տարիների ընթացքում մոռացվեց կամ կցանկանայիր մոռանալ:

— Մալյանի մոտ ուսանելով, նրա հետ թատրոն հիմնելով, այդ թատրոնում լինելով դերասան, ռեժիսոր եւ, արդեն Հենրիկ Մալյանից հետո, դառնալով գեղարվեստական ղեկավար, ճաշակեցի թատրոն կառույցի բոլոր բաղադրիչների համը: Գեղարվեստական ղեկավար դարձա Մոսկվայի ռեժիսորական բարձրագույն կուրսերից հետո, որտեղ ունեցա եւս մի հրաշալի վարպետ՝ Ռոլան Բիկով: Թատրոն պահելն, իհարկե, հեշտ բան չէ՝ հատկապես, երբ փլուզվող ՍՍՀՄ կայսրությունն իր ամբողջ ծանրությամբ (տնտեսական խարխուլ վիճակ, ազգային դրամի ձեւավորում, պատերազմ, շրջափակում, մինչ այդ էլ ճաշակել ես երկրաշարժի ավերիչ հարվածը) նստում է ուսերիդ, որոնք դեռեւս այնքան էլ ամուր չեն: Թատրոն շատ եմ սիրում, բայց ավելի՝ կինոն: Առաջնությունը ոչ մեկին չեմ տալիս՝ նախասիրության եւ ձեռագրի հարց է: Թատրոնից հեռանալս ավելի շատ կապում եմ այն հանգամանքի հետ, որ թատրոններում թատրո’նն աստիճանաբար պակասում էր, իսկ սեփական ուժերդ ծախսվում էին, ավելի հաճախ, ոչ կարեւոր ու մտացածին խնդիրների լուծման վրա… Մինչ օրս, երբեմն-երբեմն, հաճույքով աշխատում եմ թատրոնում: Իհարկե, երբ նյութի նկատմամբ անհաղթահարելի հետաքրքրություն է առաջանում, այլապես՝ ոչ: Ավելի սիրում եմ ռեժիսուրան՝ բոլոր լծակները ձեռքիս մեջ են: Դերասանական արվեստը սիրում եմ, երբ կերպարն աշխատանքի խորություն է պարունակում, այլապես՝ անտարբեր եմ, ավելորդ անգամ էկրանին երեւալու ցանկություն չի առաջանում… 
Անչափ սիրում եմ խորը, խելացի, պրոֆեսիոնալ դերասաններին, տանել չեմ կարող դիլետանտ սիրողներին: Բայց այդ նույն սիրողներին բարձր եմ գնահատում սիրողական արվեստի տարածքում:

Դե´, եթե կինոյի մասին, ուրեմն՝ կինոյի մասին: Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմի Թորիկը չդարձավ Վահան Թոթովենցի «Կապույտ ծաղիկներ» պատմվածքի անճոռնի ու ծիծաղելի փալանչի տղան: Հակառակը՝ Հայաստանի գրեթե բոլոր աղջիկները սիրահարվեցին Աշոտ Ադամյան-Թորիկին եւ գեթ մեկ անգամ թաքուն երազեցին «հրեշտակ» Անժել դառնալ, միայն թե՝ բոլորի աչքի առաջ հմայիչ ասպետի սիրո ծաղիկների ջրվեժն իրենց գլխին թափվի: Ուզում էի հարցնել՝ Աշոտ, քո ըմբոստ Թորիկը իր մի կտոր երջանկության համար ծառս եղավ ավանդապահության ապառաժի դեմ եւ խելքամաղ արեց հայոց աղջիկներին, քեզ ո՞նց հաջողվեց ճեղքել գայթակղության պատը եւ միասեր մնալ: Բայց չհարցրի՝ գրեթե վստահ լինելով, որ պետք է հակադարձի՝ կարգին հարց տուր: Դե, այդ դեպքում՝ ի՞նչ հարցազրույց, եթե չփորձես խայթել «հակառակորդիդ», ում բերանից գրեթե աքցանով ես խոսք հանում: Ու հարցրի. 

-«Բոլոր լծակները ձեռքիս մեջ են» արտահայտությունը կարծես հուշի, որ սիրում ես իշխել, հա՞:

— Իշխե´լ մասնագիտությամբ՝ նկատի ունեմ, ոչ թե ստորացնել կամ այլ մարդկային փոխհարաբերություններ: Այո, բեմադրություն անելիս շատ եմ սիրում լծակներն առնել ձեռքս…

— Երեւի հաճախ հնչող հարց է, բայց կարծում եմ՝ անսպառ թեմա է. մենք այն սերունդն ենք, որը ե´ւ Սովետմիության տարիներին է ապրել ու ստեղծագործել, ե´ւ անկախ Հայաստանի: Հիմա, երբ ավելի խաղաղ հայացքով, առանց ջղակծկումների ենք նայում անցյալին, որպես ստեղծագործող ի՞նչ գտար քո ինքնիշխան երկրում եւ ի՞նչ կորցրիր, ի՞նչը թողեցիր սովետի «դարակներում», որ կուզենայիր՝ պահպանվեր:

— Սովետմիությանը հետադարձ նայելով՝ շնորհակալ եմ, որ ուներ այդքան ամուր ուսումնական համակարգ, որը չունի իմ ինքնիշխանը, ուներ բավականին մեծ միջին խավ, որը չունի իմ ինքնիշխանը, ուներ մի զարհուրելի գրաքննադատական մեքենա, որն, ի զարմանս մեզ, նպաստում էր հետաքրքիր ու խորունկ ստեղծագործողների ստեղծմանը, իսկ իմ ինքնիշխանի ամենաթողության պայմաններում թևածում են մակերեսայնությունն ու գորշությունը… 
Դարակներում մնացին այն գործերը, որոնք չէին կարող իրականանալ տոտալիտար երկրում, որոնք նախատեսված էին անկախ երկրի համար… Սկսեցինք անկախություն կառուցել… 
Շատ դժվար բան է՝ դարակները դեռ փակ են: Աշխարհը մեզ առաջարկում է իր ունեցած-չունեցածը, ընտրելը շատ դժվար է, ընտրելու համար ճաշակ պիտի ունենաս… Տեղ-տեղ չունենք դրանից. որ չունենք, սկսում ենք ձեւացնել՝ իբր ունենք: Դե´, որ շուրջն ամեն բան նոր է, մեզ մոռանում ու դառնում ենք ամերիկացի, եվրոպացի, արաբ ու հնդիկ… Մեր կողքինը մեզ շատ մոտ է՝ ուշադրություն չենք դարձնում…

Աշոտի կենսագրական տվյալներում հիշատակվում, բայց հատուկ չի ընդգծվում, որ նա նաեւ երաժիշտ է, հրաշալի կիթառ է նվագում ու երգում, պատանեկության տարիներին նվագել է «Սարդեր», «Առաքյալներ», «1+2» ռոք խմբերում, 1996-ին ձայնագրել է «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, 2002-ին Վիեննայում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին, ներկայացրել է «Հայկական ժողովրդական երգը մինչեւ Սայաթ-Նովա եւ նրանից հետո» ծրագիրը եւ Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ մշակել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգը: Եվ հաջորդ հարցս նախորդի շարունակությունն էր այս շրջանակներում.

 

— Որքան ես եմ քեզ ճանաչում, դու ե´ւ ընտրելու ճաշակ ունես, ե´ւ երբեք քեզ չես շփոթում ամերիկացու, եվրոպացու, արաբի ու հնդիկի հետ, ե´ւ անուշադրության չես մատնում մեր ունեցածը: Վկան՝ «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» մոնոներկայացումը: Կարծեմ նաեւ զբաղվում ես հայկական ժողովրդական հեքիաթների մշակմամբ: Ավելին, ի տարբերություն շատեւշատ արվեստագետների, ակտիվ քաղաքացի ես, անտարբեր չես մեր երկրում առկա անարդարությունների, ապօրինությունների նկատմամբ: Կարծում եմ՝ ավելորդ համեստություն չես անի եւ կհամաձայնես, որ վերն արտահայտած մտահոգությունդ քեզ վրա չի տարածվում: Ինչու՞ դու էլ չմտար «ապահով պատյանի» մեջ կամ օտար ափերում չփնտրեցիր քո «բախտը»: Դրա ե´ւ հնարավորությունն ունեիր, ե´ւ արժանիքները:

— Ափսոս, որ միայն երկու փոքրիկ գիրք եմ հրատարակել, երկու հեքիաթ… Մի երկու տասնյակն էլ նախապատրաստել եմ, իրենց հերթին են սպասում: «Դլե մը կոնդե»-ն 2012-ին հրավիրվեց Ջենովա՝ միջազգային պոեզիայի փառատոնին մասնակցելու: Հին հայկական երգն ամենուրեք հրաշալի ընդունելության էր արժանանում: Հրաշալի էին տպավորությունները: Եվ հենց այդ «Դլե մը կոնդեն» բերեց հասցրեց այնտեղ, որ համարձակություն ունեցա գրելու «Դրախտային միստերիա» բավականին մեծ երաժշտական, բալետը, մյուզիքլը, ներկայացումը, կամ՝ ինչպես կուզեք կոչեք: Ափսոս, մինչ օրս դարակում է՝ ռաբիս լիներ, էլի´… Թեեւ հետաքրքրվողներ կան՝ դրսերից: Իսկ Երկրի հետ ապրել ասածը չեմ պատկերացնում առանց նրա հոգսերին եւ ուրախություններին հաղորդակից լինելու… Բա ուրիշ ինչպե՞ս… Հարցնում ես. «Ինչու՞ դու էլ չմտար «ապահով պատյանի» մեջ կամ օտար ափերում չփնտրեցիր քո «բախտը»: Դրա ե´ւ հնարավորությունն ունեիր, ե´ւ արժանիքները»: Այն ամենն, ինչ կատարվում է մեր երկրի ու ժողովրդի հետ՝ հետաքրքրում է ինձ, այլապես ի՞նչ եւ ու՞մ համար պիտի անեմ: Օտար ափերը գայթակղիչ են, այնտեղից շատ բան կարելի է սովորել, իհարկե՝ նաեւ մերժելու համար: Եթե հեռանաս, պիտի կաղապարվես քո եւ ընտանիքիդ շրջանակներում: Բայց, կկարողանա՞ս արդյոք հաղթել զգացողությանը, որ արմատներդ հեռու-հեռվում ջրող չկա… Դժվար բան է:

 

Դեռ ուսանող էր, երբ նկարահանվեց Արման Մանարյանի «Եվս հինգ օր» գեղարվեստական ֆիլմում, որին հաջորդեցին եւս քսան ֆիլմեր (Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք, Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը, Գրիգոր Մելիք-Ավագյանի «Վերադարձման գինը», Ատոմ Էգոյանի «Օրացույց, Բագրատ Հովհաննիսյանի «Տերը, Ռուբեն Քոչարի «Արահետ», Խաչիկ Չալիկյանի «Սեւ սպիտակ ծիածան» եւ «Անպոչ ճգնավորը», Դավիթ Մաթեւոսյանի «Թշնամիներ»…): Թողնենք՝ ինքը շարունակի:

 

-2010-ին էր, որ մեկնեցի Թեհրան՝ Սարոյանի հարյուրամյակն էր: Մի ներկայացում բեմադրեցի: Սարոյանի ցանկությունն էր՝ հայատառ ու հայերեն պիես գրել (այդպես էլ չգրեց…) եւ անունը դնել «Ուզենք չուզենք՝ հայ ենք»: Այդպես էլ անվանեցի ներկայացումը: Ընտրեցի «Բիթլիս», «Սիրային պատմություն», Յոթանասուն հազար ասորի» պատմվածքները, նաեւ իր հուշերն ու «Դու խենթ ես, հայրիկ» վիպակը: Այս հումքով պիես գրեցի, լավ ներկայացում ստացվեց… Ափսոս, որ միայն Իրանում բեմադրվեց: Դրան զուգընթաց՝ դասընթացներ անցկացրի հայ համայնքի պատանիների հետ եւ իրենց էլ ներգրավեցի բեմադրության մեջ: Նաեւ իմ ճանաչած ու ընկալած Սարոյանի մասին պատմեցի՝ Սարոյան ՀԱՐՅՈՒՐ: Երեւանում Խաչիկ Չալիկյանի հետ երկրորդ ֆիլմը՝ «Անպոչ ճգնավորը» հետաքրքիր էր. Տիրան արքային կերպավորեցի, երկու Տիրան էր, մեկը՝ տականք, մյուսը՝ հուզառատ-թուլամորթ երեխա: Դե, «Մենք ենք»-ը գիտես:

 

Գիտեմ: 2010-ին՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 40-ամյակի կապակցությամբ, Դավիթ Մաթեւոսյանի հետ նկարահանեցին: Մյուսը՝ «Ճեպանկարներ»-ը, նույն տարում «Շահխաթուն» կանանց հասարակական կազմակերպության պատվերով նկարահանեց: Ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Փասիանների որսորդը» (ըստ Ուիլյամ Սարոյանի) ֆիլմում նկարահանվեց, ընթացքի մեջ է Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» գեղարվեստական ֆիլմը: Չմոռանանք ճանապարհի սկզբի ներկայացումները Մալյանի թատրոնում՝ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»-ը, Ժան Անույի «Օրկեստր»-ը, Իսիդոր Շտոկի «Աստվածային կատակերգություն»-ը, 1998-ին Լոս Անջելեսում բեմադրել եւ խաղացել է Խորեն Արամունու «Պողոս քեռու այցը» ներկայացումը, 2005-ին Երեւանում՝ Բեռնար Սլեյդի «Ամեն տարի նույն օրը»: Արժանացել է մրցանակների եւ հատուկ դիպլոմների, 1982-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, 1997-ից՝ «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է, 2008-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ էր: 2009-ին՝ Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» մոնոներկայացման «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի:

 

— Կյանքը Հայաստանում ջրի նման չի հոսում, մենք էլ ֆելինիական «քաղցր կյանք»-ից յոթ սարուձոր հեռու ենք: Հոգսերն անթիվ են, իսկ ուրախություն կա՞, տեսնու՞մ ես: Ո՞րն է, որտե՞ղ է…

— Հոգսերով ապրել՝ ոչ մի դեպքում չի նշանակում թևաթափ լինել: Ամեն դեպքում ջանում ես ուժերիդ ներած չափով անել՝ ինչ կարող ես… Ուրախություն ասածը շատ մոտ ու մտերիմ տարածքում է՝ կինս, երեխաներս, լավ ընկերներս, արված աշխատանքը վերջին հասցնելն ու արդյունք ստանալը…
Շատ եմ ուրախանում, երբ Հայաստանով շրջելիս՝ հանդիպում եմ պարզ ու մաքուր մնացած մարդկանց, ովքեր չեն կորցրել իրենց տեսակը, իրենք-իրենցով հետաքրքիր են, առանց լրացուցիչ «գեղեցկացնող» պարագաների… Նկարում են, գրում են, կարդում են… Իրե´նք են՝ ուրիշի հետ չես շփոթի: Լավ է, որ կան:

 

Ի դեպ, Աշոտ Ադամյանի հետ զրուցելու ողջ ընթացքում, որքան էլ ջանք թափեի, չէի կարողանում չհիշել Ուիլյամ Սարոյանին ու նրա «Խեղճուկրակ արաբը» պատմվածքի հերոս քեռի Խոսրովին, Հենրիկ Մալյանի «Իմ անունը Արամ է» ներկայացումը եւ այդ ներկայացման մեջ Աշոտ Ադամյան-քեռի Խոսրովի բարկացած կանչը՝ Մարիա՜մ… Ի՞նչ է պատահել՝ Մարիամն է: « Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, խոսու´մ է, հարցե´ր է տալիս»,- սա էլ զայրացած քեռի Խոսրովն էր: Այսպես. ես խոսում էի, հարցեր էի տալիս, Աշոտ Ադամյանն էլ, քանի որ բարեկիրթ մարդ է, փորձում էր թաքցնել իր քեռիխոսրովյան նեղսրտությունը: Եթե հավելեմ, որ մեր «ծանրումեծ» զրույցի ընթացքում Աշոտն ասաց. «Էս հարցազրույցներից զզվելս գալիս է, հսկա մի ժամանակաշրջան դառնում է մի բուռ բան. էն էլ` զտած, սանրած ու խեղճացած…», ինչին դժվար է չհամաձայնել, երեւի հասկանալի կդառնա, որ նրան հարցազրույցի «զոհասեղանին» նստեցնելն ահագին դժվար գործ էր: Ամեն դեպքում՝ «նստեցրի»: Այսքանը հաջողվեց «քամել»:

Շնորհակալ եմ, Ադամ:                                                                                                                Լիզա Ճաղարյան

«+Կինո» ամսագիր, 2013, թիվ 2 (20)

Նախորդ հոդվածը‘Համբույրի մեջ վատ բան չկա. Շուշան Պետրոսյանը՝ «կրքոտ» ոստիկանի մասին’
Հաջորդ հոդվածը‘Օմբուդսմեն. խաղային ավտոմատներում ծխախոտը մատչելի է անչափահասներին’