Աշոտ Սարգսյան. Արձանագրումներ եւ խոհեր Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

5869

Ցանկացած ժողովրդի ու պետության համար ամենամեծ տոնը Անկախության օրն է։

Ընդունված է, եւ պատշաճ կլիներ՝ տոնական նման առիթով  մի քիչ պաթոսով խոսել։ Մանավանդ՝ երբ տարեդարձը հոբելյանական է։ Արցախյան վերջին պատերազմի արկածախնդրությունը եւ սոսկալի աղետը, դրան հաջորդած իրադարձությունների տարօրինակ ընթացքը, նույն այդ անկախության վտանգվածությունը՝ այս ամենը, թանձրացնելով վշտի, ափսոսանքի, ամոթի, նվաստացման, անորոշության եւ նման այլ զգացումներ, դա թույլ չեն տալիս՝ թողնելով միայն չոր արձանագրումների ու խոհերի հնարավորությունը։

Հայաստանի անկախությունը 1988 թվականի փետրվարից ծայր առած Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման արդյունքն է։

Ի սկզբանե Շարժումը նման հարց օրակարգում չուներ եւ չէր կարող ունենալ. այդ պահին հասունացած որեւէ պայման չկար նման խնդիր դնելու համար։ Իսկ չհասունացած պայմաններում քաղաքական որեւէ խնդիր օրակարգում դնելը ամենակարճ ճանապարհն է այն տապալելու համար։

Մոտ կես տարի ԽՍՀՄ-ում իր բնույթով եւ ծավալներով աննախադեպ Հայկական ժողովրդավարական շարժումը միայնակ էր, մենամարտիկ։ Աստիճանաբար նույնպիսի շարժումներ սկսվեցին Մերձբալթյան, ապա նաեւ այլ հանրապետություններում։ Դրանով, դեռ անորոշ, բայց նշմարվում էր, որ ժողովրդավարական շարժումների ռեսուրսները՝ մեծանալու, մինչդեռ՝ ԽՍՀՄ կենտրոնական իշխանության ռեսուրսները նվազելու միտում ունեն։

Ղարաբաղյան շարժան կազմակերպական կառույց Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) առաջին ծրագրում, որը հեղինակել էր «Ղարաբաղ» կոմիտեն, չկար անկախության խնդիրը, բայց, ըստ էության, կար դրա գաղափարը։ Ծրագրի ժողովրդավարական հիմնադրույթները ակնհայտ ուղղվածություն ունեին դեպի անկախություն՝ առանց, սակայն, այդ բառի օգտագործման։ Այդ ծրագիրը հրապարակվեց 1988թ. օգոստոսի 19-ին։

Հաջորդ մեկ-մեկուկես տարվա իրադարձությունները, իրոք, մեծացրին ժողովրդավարական շարժումների ներուժը եւ, ընդհակառակը՝ թուլացրին կենտրոնական իշխանության հնարավորությունները։ Դրան զուգահեռ՝ որակական տեղաշարժեր եղան նաեւ հասարակական գիտակցության ու պատկերացումների մեջ։

ՀՀՇ 1-ին համագումարը (1989թ. նոյեմբրերի 4-6) նույն Ծրագիրն ընդունեց արդեն խմբագրված տեսքով՝ այնպես, որ անկախության հասնելը ոչ միայն հստակ արձանագրվում էր որպես քաղաքական օրակարգի առաջնային  խնդիրը, այլեւ դրանով էր պայմանավորվում ազգային մյուս խնդիրների, ներառյալ՝ Ղարաբաղի հարցի լուծումը.

«Հայ ժողովուրդը լավագույն ձեւով կարող է դրսեւորել իր ընդունակությունները եւ կարողությունները, լուծել ազգի առջեւ ծառացած խնդիրները եւ նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը՝ վերականգնելով իր անկախ պետականությունը։ Ունենալով իր անկախ պետականությունը, ապրելով առանց արտաքին ճնշման, ժողովրդավարության պայմաններում՝ ազգն ինքնուրույն պետք է որոշի իր քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային կյանքի ձեւերը»։

Եթե ոչ ֆորմալ-իրավական, ապա  բովանդակային-քաղաքական իմաստով սա էր Հայաստանի անկախության «գործընթացի սկիզբը»։

Այդ «անկախության գործընթացը» կարելի է երկու փուլի բաժանել», եւ երկու դեպքում էլ նույնն են ե՛ւ անկախության ուղեգծի դեմ պայքարող ուժերը, ե՛ւ կիրառված մեթոդները։

Առաջին փուլ

Եթե ընդունենք, որ առաջին փուլի սկիզբը 1989-ի նոյեմբերին Հայոց համազգային շարժման Ծրագրում անկախության՝ որպես առաջնային քաղաքական խնդրի արձանագրումն էր, ապա այդ փուլի ավարտն ազդարարվեց 1990 թ․ օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ։  Հռչակագիրն արդեն ֆորմալ-իրավական առումով ազդարարեց Հայաստանի «անկախության գործընթացի սկիզբը»։ Անկախության հռչակագիրն ամբողջությամբ հենված էր ՀՀՇ Ծրագրի վրա։

Անկախության դեմ պայքարող ճակատները Մերձբալթյան հանրապետություններում կոչվում էին «ինտերֆրոնտ», որոնց սոցիալական բազան ռուսալեզու բնակչությունն էր։ Հայաստանում նման բազա չկար, սակայն կար «հայկական ինտերֆրոնտ», որը թեեւ ձեւականորեն միասնական կազմակերպական կառույցի չվերածվեց, սակայն պակաս հզոր եւ պակաս ագրեսիվ չէր՝ որպես հակաանկախական ուժ։ Հայկական «ինտերֆրոնտի» մեջ մտնում էին.

  • Հայաստանի կոմունիստական իշխանությունը.
  • մտավորական նոմենկլատուրան (մտավորական պաշտոնեությունը).
  • Սփյուռքի կուսակցությունները՝ Դաշնակցություն, Ռամկավար, Հնչակյան.
  • Մի քանի տասնյակ մանր ինքնահռչակ կազմակերպություններ (ավելի ուշ պարզվեց, որ դրանց մեծագույն մասը նախագծվել ու ստեղծվել է իշխանական խոհանոցներում)։

Ինչպես մերձբալթյան, այնպես էլ հայկական «ինտերֆրոնտների» թիկունքում, բնականաբար, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունն էր։

Անկախության ուղեգծի դեմ պայքարը Հայաստանում երեք հարթության վրա էր.

ա) Քարոզչական. Մերձբալթյան «ինտերֆրոնտների» գաղափարական հիմքը խորհրդային, կոմունիստական գաղափարախոսությունն էր։ Հայաստանում այդ գաղափարախոսությունը, խիստ վարկաբեկված լինելով, չէր կարող նման դերակատարում ունենալ։ «Հայկական ինտերֆրոնտի» համար որպես գաղափարական ընդհանրական հիմք ընտրվեց «Հայ դատ-պահանջատիրությունը»՝ հետեւյալ բանաձեւով. հայ ժողովրդի առաջնային խնդիրը ոչ թե անկախությունը, այլ պատմական տարածքների վերադարձն է։ Հայաստանը միայնակ դա չի կարող, ուրեմն պետք է լինել հզոր մի պետության կազմում՝ նրա միջոցով այդ խնդիրը լուծելու համար, եւ այդ պետությունը ԽՍՀՄ-ն է։ Հայաստանը անկախանալով՝ հաջորդ օրը կհայտնվի Թուրքիայի երախում։ Այս հիմքի վրա ընթացող լայնածավալ քարոզչությանը մասնակցում էին հայկական «ինտերֆրոնտի» վերը թվարկված բոլոր բաղադրիչները։

բ) Խոչընդոտող գործնական քայլեր. նման քայլեր ձեռնարկել կարող էր իշխանությունը։

ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը դժվարությամբ, բայց ստիպված էր եղել նշանակել հերթական ընտրության օրը՝ 1990թ. մայիսի 20-ին։ Հասարակական մթնոլորտը եւ կոմունիստական կուսակցության համարումն այնպիսին էին, որ այդ ընտրություններում Հայոց Համազգային Շարժման ջախջախիչ հաղթանակը կասկած չէր հարուցում։ Իսկ դա կնշանակեր անկախության քաղաքական ուղեգծի հաղթարշավ եւ հաղթանակ։ Դրա դեմ մտահղացված հիմնական քայլերը չորսն էին.

Ա) Հանրապետության ղեկավարի փոփոխություն՝ ազատվելու համար արդեն վարկաբեկված Սուրեն Հարությունյանից.

Բ) «Համահայկական խորհրդաժողովի» հրավիրում՝ դրա միջոցով երկրի քաղաքական օրակարգի հիմնական դարձած՝ անկախության հարցը փոխելու, «Նոր միութենական պայմանագիրը» ստորագրելու որոշման հասնելու համար.

Գ) ԳԽ-ի՝ մայիսի 20-ին նշանակված ընտրությունների հետաձգում անորոշ ժամանակով.

Դ) Հանրապետության նախագահի պաշտոնի հիմնում եւ նախագահական ընտրության շուտափույթ անցկացում (Կոմկուսը կարծում էր, որ դրանում ավելի հեշտ կլինի հաղթանակի հասնել)՝ մինչեւ խորհրդարանական ընտրություններ։

Այս մտահղացումներից հնարավոր եղավ իրականացնել միայն առաջինը։ Ծրագրված մյուս նախաձեռնությունները Շարժման ջանքերով, գրագետ հակադարձումներով ու քայլերով խափանվեցին։

գ) Բռնի ուժի կիրառում զենքի գործադրմամբ. Մայիսի 20-ի ընտրությունները, որքան էլ կեղծվեցին կոմունիստական իշխանության կողմից, արձանագրեցին այնպիսի արդյունքներ, որ ՀՀՇ-ի վերջնական հաղթանակը հաջորդ փուլերում ակնհայտ էր դարձնում (այդ ժամանակ կար «քվորումի» խնդիր, եւ ընտրությունները կարող էին անցնել երեք փուլով)։ Դա կանխելու համար մնում էր վերջին միջոցը՝ այնպիսի բռնության գործադրում, արյան հեղում, որի հետեւանքով հասարակությունը կընկրկեր, կզգուշանար, երես կթեքեր Շարժումից։ Այդ նպատակով Հայաստանի իշխանության եւ Մոսկվայի համագործակցությամբ, Պետական անվտանգության ծառայության եւ խորհրդային բանակի ներգրավմամբ կազմակերպվեց մայիսի 27-ի խայտառակ զինված սադրանքը, ինչին զոհ գնաց 26 քաղաքացի։ Շարժման ղեկավարներին մեծ դժվարությամբ հաջողվեց տեղայնացնել միջադեպը, կանխել ռազմական բախման առավել ծավալումը։

Արյունոտ ու ոճրագործ այս սադրանքը, բնականաբար, ունեցավ իր որոշակի բացասական ազդեցությունը հասարակական մթնոլորտի վրա։ Սակայն դրանով էլ հնարավոր չեղավ խուսափել իշխանությունը կորցնելուց։ Հաջորդ փուլերի քվեարկություններից հետո ՀՀՇ-ն խորհրդարանում ունեցավ եթե ոչ բացարձակ, ապա հարաբերական մեծամասնություն։

1990թ. օգոստոսի 23-ին նորընտիր Գերագույն խորհուրդը ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»։

Երկրորդ փուլ

Կանխելու համար հանրապետությունների՝ անկախության ճանապարհով գնալու ահագնացող ընթացքը, 1990 վերջին Մոսկվան որոշեց համամիութենական հանրաքվե անցկացնել ԽՍՀՄ պահպանման հարցով, եւ այն նշանակեց 1991թ. մարտի 17-ին։

Հայաստանի առաջին պաշտոնական հակադարձումն այս հարցին եղավ 1991թ. հունվարի 30-ին. ՀՀ Գերագույն խորհուրդը հայտարարությամբ մարտի 17-ին նշանակված ԽՍՀՄ հանրաքվեի հարցը համարեց «չնախապատրաստված», իսկ դրա անցկացումը՝ «անընդունելի»։

Ավելի կոշտ գնահատականներ տվեց Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նա Կենտրոնի այդ քայլը գնահատեց որպես «ոչ թե իրավական ակտ, այլ պրոպագանդիստական միջոցառում», «ուժի դիրքից բխող անպատկառության, ցինիզմի դրսեւորում»։

Մարտի 1-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունեց երկու որոշում. առաջին՝ Հայաստանում չանցկացնել միութենական հանրաքվեն, երկրորդ՝ անցկացնել անկախության հարցով սեփական հանրաքվե, որը եւ նշանակվեց սեպտեմբերի 21-ին։

ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվե չանցկացնելու որոշումներ ընդունեցին ու դրան չմասնակցեցին վեց հանրապետություն, բացի Հայաստանից, նաեւ՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, Վրաստանը։

Ապրիլին կազմավորվեց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը՝ ԳԽ առաջին փոխնախագահ Բաբկեն Արարքցյանի նախագահությամբ։

«Հայկական ինտերֆրոնտը», բնականաբար,  ուժեղացնելու էր պայքարը անկախության ուղեգծի գործնական այս քայլերի դեմ՝ վերոնշյալ երեք հարթություններում։

Քարոզչական պայքարը տարվում էր գաղափարական նույն՝ հայդատական հիմքի վրա՝ «Նոր միութենական պայմանագիրը» ստորագրելու պահանջով։

Խոչընդոտներ հարուցելու նպատակով քայլերը ձեռնարկվում էին խորհրդարանում՝ դարձյալ հայդականության հիմքի վրա, սադրիչ օրենսդրական նախաձեռնությունների տեսքով։ Դրա առաջամարտիկը Դաշնակցությունն էր, նրան աջակցում էր Կոմկուսը։ Օրինագծերից մեկը վերաբերում էր 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող կետերը չեղյալ հայտարարելուն։ Երկրորդը՝ ԼՂԻՄ-ը, Գետաշենը եւ Շահումյանը հայտարարել Հայաստանի մաս, Ղարաբաղի պայքարը ճանաչել որպես ազգային-ազատագրական։ Տասնյակ անկախ պատգամավորներ, տրվելով «հայրենասիրական» գայթակղությանը ու հոգեբանական ճնշումներին, միանում էին այսօրինակ նախաձեռնություններին։ Մինչդեռ առաջին դեպքում կնշանակեր, ըստ էության, պատերազմ հայտարարել Թուրքիային, երկրորդ դեպքում՝ Ադրբեջանին։  Դժվարությամբ, բայց հաջողվեց խույս տալ այս որոգայթներից։

Այդ ամենին զուգընթաց եղավ նաեւ բռնի ուժի գործադրում զենքի կիրառմամբ, այս անգամ՝ շատ ավելի բացահայտ ու լայնածավալ, փաստական պատերազմի տեսքով։

1991թ. ապրիլի վերջից Մոսկվայի եւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում սկսված «Կոլցո» ռազմական գործողությունն այլ բան չէր, քան միջոց՝ Հայաստանին անկախության ուղեգծից հետ պահելու եւ ստիպելու, որ ստորագրի միութենական պայմանագիրը։

Դա էլ չհաջողվեց։

Օգոստոսի 19-21-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի «պուտչը»՝ պետական հեղաշրջումը։ Այն ընդամենը 3 օրվա կյանք ունեցավ, սակայն ծանրագույն մահացու հարված հասցրեց առանց այդ էլ թուլացած կենտրոնական իշխանությանը։ Նրա շուտափույթ վախճանը բոլորի համար այլեւս անկասկածելի էր։

Օգոստոսի վերջին «հայկական ինտերֆրոնտը» սեպտեմբերի 21-ին նշանակված հանրաքվեն խոչընդոտելու, տապալելու եւս մի քանի անհաջող փորձ կատարեց։ Չստացվեց։ Սեպտեմբերի 10-ին, երբ արդեն ավելի քան ակնհայտ էր, որ հանրաքվեի կայացումն ու դրանում «ԱՅՈ»-ի առավելագույն արդյունքը անխուսափելի է, «հայկական ինտերֆրոնտի» վերջին քաղաքական ուժերը հայտարարությամբ միացան «ԱՅՈ»-ի քարոզարշավին։

Հանրաքվեի ամենաբարձր տոկոսով արդյունքը, որ այս դեպքում, իրոք, կարելի է կոչել «ազգային համաձայնության» ակտ, իրականություն դարձավ։ Հայաստանը միակ հանրապետությունն էր, որն իր անկախությանը հասավ ԽՍՀՄ գործող օրենքների տառին համապատասխան՝ հնարավոր վայրիվերումների դեպքում այն իրավականորեն անխոցելի դարձնելով նաեւ միջազգային իրավունքի հարթության վրա։ Հայաստանի անկախության հանրաքվեն բարձր  գնահատվեց միջազգային ասպարեզում դեռ մինչեւ դրա անցկացումը.

«Այդ հանրաքվեն կարծես քաղաքական արվեստի փոքրիկ գլուխգործոց լինի. այն առաջինն է, որ անցկացվելու է խորհրդային սահմանադրության պահանջների համաձայն, վեց ամիս առաջ այդ մասին նախազգուշացնելով Կրեմլին։ Հետեւաբար, օրենքների դիկտատի մեջ հմտացած Կրեմլի ստրատեգների համար շատ ավելի դժվար է այն հաշվի չառնել » (Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991. հայերեն թարգմանությունը՝ «Ազգ» օրաթերթ, 20.04.1991թ., հրատարակված նաեւ՝ «Գիտնականը եւ Նախագահը», Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ, Անտարես, Երեւան, 2020, էջ 465-469)։

***

Երբեմն ասում են՝ Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ փլուզման հետեւանք էր. փլուզվեց՝ ինքնաբերաբար անկախացանք։ Սա սոսկ կեղծիք չէ, այլ՝ չարամիտ կեղծիք։

Իրականում հակառակն էր. ԽՍՀՄ փլուզումը ժողովրդավարական ուժերի պայքարի արդյունքն էր։ Այդ պայքարն անհավասար էր ու դաժան։ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը ժողովրդավարական այդ ուժերի մեջ առաջինն էր ոչ միայն ժամանակագրորեն եւ շուրջ կես տարի՝ միայնակ՝ մենամարտիկ, այլեւ առաջատարը հետագա ողջ ընթացքում։ Որպես այդպիսին էլ նա ամենածանր հարվածներն ստացավ։ Սակայն իր վաստակած բարձր հեղինակությամբ, համառությամբ եւ գրագետ պայքարով նա մյուս շարժումների կողմից ընդունվում էր որպես պայքարի մեթոդների յուրատեսակ օրենսդիր, եւ այդ դերում մնաց ընդհուպ մինչեւ ԽՍՀՄ կոչվող բռնապետական կայսրության դե-յուրե վերացումը։

Այսպիսով՝

  • Հայաստանի անկախությունը Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման ծնունդն է, արդյունքը։
  • Իրենց անկախությունների համար նրան են պարտական նաեւ նախկին ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունները եւ Արեւելյան Եվրոպայի երկրները։
  • ԽՍՀՄ վերացումը համաշխարհային պատմության մասշտաբով շրջադարձային երեւույթ էր։ Հայաստանը իր ժողովրդավարական շարժմամբ այդ չորս տարիներին, որպես քաղաքական գործոն՝ ազդել է համաշխարհային պատմության ընթացքի վրա, կանխորոշել այդ ընթացքը։ Համաշխարհային պատմության ընթացքի վրա Հայաստանը որպես գործոն ազդել է մեկ էլ Տիգրան Մեծի շրջանում։

Այս ամենը չափազանցվա՞ծ է թվում։

Այս ամենը իրողություն է, կա դրա ապացույցը. ժամանակին դա փառահեղ արձանագրվել է՝ բարձր գնահատականների մեջ, որպես կանոն՝ ժլատ՝ օտարների կողմից։ Գնահատվել է, մասնավորապես՝

  1. Ղարաբաղյան շարժումը՝ որպես առաջին եւ միջազգային լայն ճանաչման արժանացած, քաղաքականապես գրագետ գործող, ծայրահեղություններից զերծ, բայց նաեւ հուժկու ժողովրդավարական շարժում ԽՍՀՄ-ում.
  2. Նրա ներգործուն ազդեցությունն ու դերը ԽՍՀՄ այլ հանրապետություններում եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում նման շարժումների առաջացման գործում.
  3. Շարժման առանցքային դերը կոմունիստական ռեժիմի տապալման գործում.
  4. Հայկական ժողովրդավարական շարժման ստեղծած իշխանության ակտիվ ու կառուցողական գործելակերպը եւ դերը ԽՍՀՄ-ի անվտանգ ու անցնցում կազմաքանդման գործում։

Ահավասիկ այդօրինակ արձանագրումներից ու գնահատականներից մի քանիսը.

Մերսյե Ֆ. (ֆրանսիացի քաղաքական վերլուծաբան). «Հայերի շարժման կարեւոր, հիմնական խնդիրը հանդիսանում է ժողովրդավարությունը: Դա է համարվում հիմնական հարցը, որի հիման վրա կարող են լուծվել մնացած բոլոր հարցերը»։

«Հայերի շարժման երկարակեցությունը եւ դրա ժողովրդավարական վճռականությունը հիշեցնում է «Սոլիդարնոստի» բարձրացրած լեհական ժողովրդավարական շարժումը 1980թ. օգոստոս ամսից մինչեւ 1981թ. դեկտեմբեր ամիսը…. Սակայն, ի տարբերություն լեհական «Սոլիդարնոստի», որի ղեկավարները համաձայնության գնացին իշխանությունների հետ եւ իշխանության մեջ տեղեր ստացան, Հայաստանում չեղավ եւ ոչ մի պահ, երբ ուղիներ փնտրվեին ինստիտուտի վերածված համագործակցության համար» (Mercier P. R. Aspects des luttes sociales en U.R.S.S., Paris, 1989, հայերեն անտիպ թարգմանությունը՝ ՀՀԱՆԱ, 15/01.03. 89, էջ 4-7, 64,)

Հելեն Կարրեր դ Անկոս (պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի նախագահ).

 «Խորհրդային Միության դեմոկրատացումը սկսվեց հեռավոր Ղարաբաղի լեռներում»։

Ստանիսլավ Շուշկեւիչ (Բելառուսի ԳԽ նախագահ), Ֆիլիպ Դիմիտրով (Բուլղարիայի վարչապետ).

«Ինչպես մի ֆրանսիացի սովետաբան է գրել՝ «Բեռլինի պատը նախ սկսեց փլվել Հայաստանում», երբ այս փոքր խորհրդային հանրապետությունը Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ ճանապարհ հարթեց այն գաղափարների համար, որոնք հետագայում հաջողությամբ որդեգրեցին դեմոկրատական այլ շարժումներ եւ ժողովրդական ճակատներ՝ ներառյալ Բալթիկայում, Ուկրաինայում, Մոլդովայում եւ Ռուսաստանում։ Հայաստանի անհնազանդության համարձակ գործողությունը ոգեշնչեց նաեւ Կենտրոնական Եվրոպայի գերեվարված ազգերին՝ հարստացնելով «Սոլիդարնոստի» փորձառությունը եւ ի վերջո հանգեցնելով 1989թ. նրանց խաղաղ հեղափոխությունների ոսկեդարի բարձրակետին»  (տե՛ս «Գիտնականը եւ Նախագահը», էջ 158-159)։

Բոֆա Ջուզեպե (իտալացի հայտնի պատմաբան եւ լրագրող).

«Շղթայական քաղաքական ռեակցիան, որը հանգեցրեց ԽՍՀՄ‑ի անկմանը, սկսվեց կովկասյան երկու ժողովուրդների՝ հայերի ու ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ ծագած հակամարտությամբ» (Боффа Джузеппе, От СССР к России. История неоконченного кризиса, 1964-1994, М. 1996, ст. 178)։

Ջոզեֆ Լիբերման (ԱՄՆ սենատոր)

«Պատմաբաններն իրավամբ կարող են արձանագրել, որ Կոմունիզմի փլուզումը Խորհրդային բլոկի ներսում սկսվեց ոչ թե Ռուսաստանի սրտից կամ Կենտրոնական Եվրոպայից, այլ Հայաստանից։ 1988 թվականի փետրվարին հայ ժողովուրդը բողոքի խիզախ ալիք բարձրացրեց կոռումպացված կոմունիստական վարչակարգի դեմ, որը նրան պարտադրվել էր Կրեմլի կողմից։ Կոմունիստական տիրապետության դեմ այս ըմբոստությունը որպես մոդել եւ ոգեշնչման օրինակ ծառայեց նույն տարում ավելի ուշ Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցած ապստամբությունների համար։

Ոգեշնչելով Կենտրոնական Եվրոպայի ժողովուրդներին, հայերն իրենց հերթին քաջալերվեցին Բեռլինի պատի փլուզմամբ… Նախագահ Տեր-Պետրոսյանն արժանի է ոչ միայն մեր հիացմունքին, այլեւ մեր օժանդակությանը։ Խորհրդային իշխանությունների նկատմամբ նա հավասարակշիռ համագործակցության ուղի որդեգրեց։ Նրա նախագահության օրոք Հայաստանը միակ հանրապետությունն էր, որը հետեւեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու նախագահ Գորբաչովի սահմանած լիակատար ընթացակարգին։ Ինչպես Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հայաստանի խորհրդարանում, Հայաստանը հետամուտ է լինելու «լիակատար քաղաքական անկախության»՝ զուգահեռաբար մասնակցելով նախկին ԽՍՀՄ տարածքում «ընթացող բոլոր կառուցողական գործընթացներին» (տե՛ս «Նախագահը եւ գիտնականը…» էջ 138-139)։

Ֆրենսիս Քլայնզ («Նյու-Յորք Թայմզ» թերթի թղթակից).

«Լեւոն Տեր-Պետրոսյանի հայկական հեղափոխությունը հանդարտ է ու մեղմ. ողորմածորեն ու ռազմագիտորեն հանդարտ, ինչը առավել պատճառ է, որ նախագահ Գորբաչովն ու ամբողջ աշխարհը ուշադիր հետեւեն նրան։

Մինչ խորհրդային պետության մեջ քաղաքական փոթորիկից եւ չարագուշակ սպառնալիքից գրեթե ամեն ինչ ցնցվում է, Հայաստանի Հանրապետության նախագահ Տեր-Պետրոսյանը մի այլ ճանապարհ է հարթում դեպի նույն այն անկախությունը, որին շատ ավելի հռչակված հանրապետություններ, ինչպես Լիտվան եւ Վրաստանը, փորձում են տիրանալ թերթերին ճչան խորագիրներ մատակարարող առճակատումներով։

Նախագահ Տեր-Պետրոսյանը 46 տարեկան է, արեւելագետ։ Գորբաչովի կառավարության կողմից նա ժամանակավորապես բանտարկվել եւ, վերջերս, փոխանակ անարգանք թափելու Կրեմլի վրա, նրբանկատորեն դասեր է տալիս նրան։

Նա վճռական դեր խաղաց, երբ կամովին ստանձնեց կուլիսների ետեւից միջնորդել՝ հանդարտեցնելու Լիտվայում հունվարին ծագած ճգնաժամը, որ հետեւանք էր խորհրդային զինվորների կրակոցներից ընկած, անկախության ցույցերին մասնակցած 16 քաղաքացիների սպանության» (Francis X. Clines, «The New York Times», 15.04.1991)։

Գալինա Ստարովոյտովա (ՌԴ Պետական Դումայի պատգամավոր).

«Ինչպես էլ դասավորվի Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը, նա մտավ պատմության մեջ որպես Հայաստանի առաջին նախագահ։ Նրա պատմական ավանդը շատ մեծ է նաեւ կոմկուսի ռեժիմի դեմ պայքարում ոչ միայն Հայաստանում, այլեւ ընդհանրապես խորհրդային ողջ տարածքում» («Առավոտ» օրաթերթ, 07.02.1998)։

Նիկոլայ Ռիժկով.

«Միության փլուզումն աստիճանաբար սկսվեց, երբ Կենտրոնը չցանկացավ կամ, այնուամենայնիվ, չկարողացավ լսել Ղարաբաղյան «զանգը» (Рыжков Н., Перестройка. История предательства, М., 1992, с. 208)։

Այպես որ՝ վերեւում ընդգծված մեր արձանագրումներում ոչինչ չափազանցված չէ։

Հետո ամեն ինչ մոռացվել է…

Հիմա համաշխարհային պատմագիտությունը ոչինչ չի ասում համաշխարհային պատմության համար շրջադարձային այդ տարիներին Հայաստանի ու «հայկական գործոնի» մասին ընդհանրապես։ Մինչդեռ տարբեր երկրներում դա պետք է մտներ պատմության դասագրքեր։

Դրանով, հատկապես Անկախության օրվա առիթով, իրավացիորեն, կարող էր պարծենալ ու հպարտանալ ամեն հայ մարդ։ Նաեւ դրանով Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող էին ունենալ միջազգային ճանաչում։

Եւ մեղավորը համաշխարհային պատմագիտությունը, ուրիշների չկամությունը չէ։ Մեղավորը նաեւ «թուրքական» կամ «ադրբեջանական» պատմաբանները չեն։ Մեր պատմաբանների գործն էր՝ այդ ամենն օբյեկտիվորեն ու մանրամասն ուսումնասիրելը եւ պատշաճ ներկայացնելը նաեւ միջազգային մակարդակում։ Ոչ միայն դա չի արվել, այլեւ արվել է ճիշտ հակառակը՝ նսեմացվել, ուրացվել, կեղծվել, եղծվել է այդ եւ հաջորդ՝ պետականության կառուցման տարիների պատմությունը։ Դա արվել է ճղճիմ նպատակներով ու շարժառիթներով, բայց արվել է հետեւողականորեն՝ զանգվածային լրատվության բոլոր միջոցներով, դպրոցական ու բուհական դասագրքերից մինչեւ ակադեմիական գիտության մակարդակ։ 1998 թվականից ի վեր, ավազակապետության 20-ամյա շրջանում, հենց դա եղել է նաեւ գիտությանն իջեցված «պետական պատվերը»։ Նույնը շարունակվում է նաեւ հիմա։

Չլիներ այդ կեղծիքը, օբյեկտիվորեն ներկայացվեին ու գնահատվեին Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժման արժեքները, այդ արժեքների վրա ստեղծված պետականության  քաղաքական հիմնադրույթները, վերջինիս շնորհիվ նվաճված հաղթանակները՝ կունենայինք բոլորովին այլ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ։ Նաեւ, հաստատ, չէինք ունենա այն սոսկալի աղետը, որ ընդամենը դեռ մեկ տարի առաջ աներեւակայելի էր շատերի համար։

Տոնական այս օրով չենք ուզում ոչ կոռեկտ բառեր գործածել՝ այս ամենը բնորոշելու համար. դա թողնում ենք ընթերցողին…

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության 30- ամյակը։

Նախորդ հոդվածըՄոուրինյոյի առաջին պարտությունը «Ռոմայում» (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ռեալի» կամային հաղթանակը «Վալենսիայի» նկատմամբ (տեսանյութ)