Ռետրո․ Աշոտ Սարգսյան. Հարյուր տարվա մեջ երկու ծանր ու ողբերգական դաս ստանալուց հետո իրավունք չունենք թույլ տալու երրորդ աղետը

2100

Ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան քաղաքական տգիտությունը։ Քաղաքական տգիտությունը, որպես կանոն, հանդես է գալիս գրքային, վիպական, բանաստեղծական ու բեմական «հայրենասիրության» տեսքով։ Մի ժամանակ սա բնորոշվում էր «ուռա» կամ «ծակ» բառերով։ Դրա գործնական դրսեւորումը պարզ արկածախնդրությունն է, որի արդյունքները հաճախ կարող են գերազանցել ամենածանր դավաճանական արարքների հետեւանքներին։ Որքան ավելի մեծ է հարցը, այնքան ավելի ողբերգական ու աղետալի են լինում քաղաքական տգիտության հետեւանքները։

Իրական քաղաքական միտքն ու իրատեսական քաղաքականությունը նման «հայրենասիրության» ճիշտ հակառակն է, հակապատկերը։ Ու պատահական չէ, որ աղետներ բերող ու աղետներ բերած ծրագրերն ու գործելակերպը, առանց բացառության, ներկայանում են հենց «հայրենասիրության» տեսքով ու անունով։ Ու բնական է, որ նման «հայրենասերներն» են սթափ քաղաքական միտքը գնահատում որպես դավաճանություն։ Հարյուր տարի առաջ նման հատուկենտ մարդկանց պարզապես ֆիզիկապես ոչնչացնում էին «հեղափոխական հայրենասերները»։

Հենց այդպիսի՝ «հույժ հայրենասիրական» տեսք ուներ, ասենք, «Հայկական հարցի» հետապնդումը 1878 թվականից ի վեր, շուրջ 40 տարի։ Այն հետապնդողների ծրագրերն ու գործողություններն ամեն ինչի հետ կարող էին կապ ունենալ, բացի իրատեսական քաղաքականությունից ու քաղաքական մտքից։ Անպատկերացնելի է, թե դավաճանական ինչպիսի՞ արարք պետք է գործվեր, որպեսզի հայությունն ունենար այն կորուստը, որ արձանագրվեց «Հայկական հարցի» համար պայքարի այդ չորս տասնամյակում. 1896-ին՝ 300.000 զոհ, 1909-ին՝ 30.000 զոհ Ադանայում, 1915-1920-ին՝ մեկուկես միլիոն զոհ եւ պատմականորեն ժառանգված 3000-ամյա բնակավայր-հայրենիքի ընդմիշտ կորուստ։

Սթափ քաղաքական մտքին ու իրատեսական քաղաքականությանը հակոտնյա «հայրենասիրական» մտածողությունն ու գործելակերպն էին պատճառը, որ 1920 թվականին, իրերի բերմամբ, հայ ժողովրդին բաժին հասած 60.000 քառ/կմ Արեւելյան Հայաստանի կեսը կորցրինք։ Եւ դա նույնպես, ոչ թե ինչ-որ կանխամտածված դավաճանական արարքի, այլ, իր հետեւանքներով դրան համարժեք՝ «հայրենասիրական» պատկերացումներին տուրք տալու եւ սթափ քաղաքական մտածողությունն ու հաշվարկը արհամարհելու պատճառով։

Այս երկու պնդումներին էլ միշտ հակադարձել են եւ հակադարձելու են. «Ո՞վ կարող էր կանխատեսել, որ….»։ Բայց քաղաքական մտածողությունն ու քաղաքականությունը հենց կանխատեսման կարողությունն է, ոչ թե «ուռա» կամ «ծակ» հայրենասիրությունը։

Արեւմտյան Հայաստանն իր հայ բնակչության մեծամասնությամբ մեր պատմական ժառանգությունն էր։

1920 թվականին Արեւելյան Հայաստանի 60.000 քառ/կմ տարածքը մերն էր մասամբ՝ հայության ջանքերի եւ մասամբ՝ իրերի բերմամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում։

Լեռնային Ղարաբաղն իր հայկական բնակչությամբ ոչ թե պատմական ժառանգություն, ոչ թե իրերի բերմամբ մեզ տրված, այլ բացառապես մեր ձեռքբերածն է։

Հիմա՝ ծանրագույն կորուստներից 100-150 տարի հետո Ղարաբաղի խնդրում հայտնվել ենք նույն իրավիճակում։ Ի՞նչը կհաղթի. իրատես քաղաքական մտածողությունն ու քաղաքական բանականությո՞ւնը, թե՞ իր հետեւանքներով ամենածանր դավաճանությանը հարյուրապատիկ գերազանցող «ուռա» կամ «ծակ» հայրենասիրությունը։

***

1994 թ. մայիսից ի վեր, երբ Ադրբեջանի հետ զինված հակամարտության մեջ հնարավոր եղավ հասնել հաղթական զինադադարի, Լեռնային Ղարաբաղի խնդրի՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա վերջնական լուծման քաղաքական ռեսուրսն ահռելի էր եւ վճռորոշ։ Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելը, միջազգային լիարժեք երաշխիքներով հայկական մնալն արդեն, ինչպես ասում են, քաղաքական տեխնիկայի հարց էր։ Ի տարբերություն 100  տարի առաջվա  «Հայկական հարցի», այն այլեւս անշրջելի էր ու անշրջանցելի միջազգային հանրության համար։

Ինչպե՞ս եւ ինչի՞ց էր գոյացել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման քաղաքական այդ ռեսուրսը, ի՞նչ էր առարկայացած նրանում, որ միջազգային հանրությունը չէր կարող շրջանցել այն կամ դրան այլ լուծում տալ։

1988  թվականի փետրվարից սկսած Ղարաբաղյան շարժումն անմիջապես ամենալայն միջազգային արձագանքի արժանացավ։ Հենց առաջին ամսում, 1988թ. մարտի 10-ին, Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը կոչ էր անում Եվրոպական համայնքի անդամ երկրներին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովրդի կողմից բարձրացված խնդիրը։ Հետագա ամիսներին ու տարիներին դրան հաջորդեցին միջազգային հեղինակավոր կառույցների, խոշոր երկրների կառավարությունների, ժողովրդավարական կենտրոնների, հայտնի անհատների ու կազմակերպությունների տասնյակ փաստաթղթերը, կոչերն ու հորդորները։ Դրանք վկայություն են այն բանի, որ խնդիրը միջազգային աննախադեպ դրական արձագանքի ու վերաբերմունքի էր արժանացել։

Ինչո՞վ կամ ինչպե՞ս հնարավոր եղավ հասնել դրան։ Շատ պարզ մի պատճառով։ Շարժումը հնարավոր եղավ հեռու պահել «ավանդական հայրենասիրական» պատկերացումներից ու արկածախնդրական գործելակերպից։ Այնպես չէ, որ դրանք չկային այլեւս, եւ հասարակությունն ազատվել էր հարյուր տարի առաջվա մոլորություններից։ Կար «հայրենասիրության» բարձրագույն դրսեւորումը համարվող հայդատականությունը (պահանջատիրությունը) իր բոլոր կարգախոսներով ու դրսեւորումներով՝  ե՛ւ «մահ կամ ազատություն», ե՛ւ «պատմական հողեր» ե՛ւ Նախիջեւան ու Արեւմտյան Հայաստան, ե՛ւ «արմատուրաներով Նախիջեւանի վրա գնալու կոչ»։ Շարժման ղեկավարությանը՝ Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեին («Ղարաբաղ կոմիտե») հաջողվեց հաղթահարել դրանք եւ Շարժումն առաջնորդել սթափ քաղաքական մտածողությամբ եւ ճշգրիտ քաղաքական հաշվարկներով։ Դեռ կես տարին չբոլորած, Հայկական համաժողովրդական շարժումը միջազգային ասպարեզում դրականորեն առանձնացվում էր բոլոր, նաեւ Բալթյան երկրների շարժումներից՝ բնորոշվելով որպես ոչ ազգայնական, ժողովրդավարական շարժում։ Այսինքն՝ 1988-90 թվականներին Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ըստ էության, ոչ միայն միջազգայնացված էր, այլեւ ընկալվում էր որպես ժողովրդավարական հարց, ուներ ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծման հստակ արտահայտված վեկտոր՝ ուղղվածություն։ Երկուսուկեսամյա համաժողովրդական շարժման ահռելի ջանքերը Ղարաբաղի հարցի լուծման ռեսուրսի մեջ առարկայացած առաջին լուրջ ու ծանրակշիռ ներդրումն էր։ Դրա բաղադրիչներն էին՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում հարյուրավոր հանրահավաքները, հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա պայքարը, «Ղարաբաղ» կոմիտեի ճշգրիտ քայլերն ու վեցամսյա կալանքը, ողջ ժողովրդի նյութական եւ այլ զոհողությունները։ Դա հնարավոր եղավ ամեն տեսակ արկածախնդրության ու «հայրենասիրության» դրսեւորումների մերժման եւ իրատես քաղաքական սկզբունքներով առաջնորդվելու շնորհիվ։

Նույն ընթացքը շարունակվեց նաեւ այն բանից հետո, երբ Շարժման կազմակերպական կառույցը՝ Հայոց Համազգային Շարժումը, 1990 թ. ամռանը, ընտրություններում հաղթելով կոմունիստներին՝ եկավ իշխանության։ Նոր իշխանության ընդհանուր քաղաքական կեցվածքը եւ Ղարաբաղի խնդրում առճակատումից խույս տալու եւ խաղաղ կարգավորման քաղաքական ուղեգիծն ու գործնական քայլերը ավելացրեցին միջազգային համակրանքը։ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին պատերազմ պարտադրվեց։ Հայդատական «հայրենասիրության» եւ քաղաքական մտքի միջեւ պայքարը չէր դադարել։ Փողոցներից ու հրապարակներից բացի, այն տեղափոխվեց նաեւ խորհդարան. «Ղարաբաղի անկախության ճանաչում», «Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի չեղարկում», ոչ միայն ժամանակավոր անհաջողություններից, այլեւ ամեն հաղթանակից հետո «Ղարաբաղը ծախելու» մեղադրանք եւ այլն։

Երկրաշարժից 1/3-ով ավերված, հարյուր հազարավոր փախստականներ ընդունած, խուլ շրջափակման մեջ գտնվող եւ ռեսուրսներով մի քանի անգամ հակառակորդին զիջող երկիրը պատերազմն ավարտեց այնպիսի արդյունքներով, ինչի մասին որեւէ մեկը երազել անգամ չէր կարող դրանից երեք, երկու, մեկ տարի առաջ։ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռեսուրսի մեջ առարկայացավ նոր ծանրակշիռ չափաբաժին, որի բաղադրիչներն էին՝ 6000-ից ավելի զոհերի արյունը, համաժողովրդական անմնացորդ ջանքերը, անտրտունջ տարած բազում տառապանքներն ու զրկանքները, տարած ռազմական հաղթանակները, ճկուն եւ արդյունավետ դիվանագիտական աշխատանքը։ Այս ամենը կրկին, արդյունք էր արկածախնդրությունը մերժած ու համազգային պոտենցիալը ճիշտ հունի մեջ դրած իշխանության հաշվարկված ու իրատեսական քաղաքականության։

Ընդ որում՝ այդ ընթացքում չպակասեց նաեւ միջազգային դրական վերաբերմունքը, եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը շարունակում էր դիտվել որպես ազատության համար պայքար։ Դրա առարկայական ապացույցներից է, օրինակ, ԱՄՆ Կոնգրեսի՝ 1992 թ. օգոստոսի 11-ին ընդունած «Ազատությանն աջակցության բանաձեւի» 907 ենթաբաժինը, որն արգելում էր ուղիղ օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին։ Խնդրի խաղաղ կարգավորման ելքեր գտնելու համար ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ աշխարհի խոշոր երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահությամբ։ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռեսուրսի մեջ առարկայացել են միջազգային հանրության (Մինսկի խումբ) ներկացրած արդեն թվով հինգ կարգավորման տարբերակներ։ Այս ընթացքում եղել են միջազգային ամենահեղինակավոր կառույցների, նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններ եւ այլն։

  Ահա թե ինչու ինքնորոշման իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումն անշրջելի է, այդպիսի լուծման համար կուտակված ահռելի քաղաքական ռեսուրսը՝ անշրջանցելի։

Բայց դա հավիտենական չէ։ Ինչպես ամեն ինչ, այնպես էլ այդ ռեսուրսը ժամանակի ընթացքում կարող է մաշվել։Կարող է փոխվել հակամարտող կողմերի ուժերի հարաբերակցությունը, որը վերջնական կարգավորման պահին աշխատող կարեւոր գործոն է։ Այդ հարաբերակցությունը, բոլոր ասպեկտներով, լուծման համար ամենաբարենպաստ՝ 1997-98 թվականի համեմատ փոխվել ու փոխվում է հօգուտ Ադրբեջանի։ Փոխվել է՝ որպես հետեւանք «ուռա» հայրենասիրության վրա հենվող քաղաքականության, իրատեսական քաղաքականության եւ քաղաքական հաշվարկի անտեսման։ Այսօր այդ ռեսուրսը դեռ բավարար է Ղարաբաղի հայկական մնալու, անվտանգության եւ հարատեւման խնդիրը լուծելու համար, վաղը կարող է այլեւս բավարար չլինել։ Եւ խոչընդոտն այդ ճանապարհին այլ բան չէ, քան քաղաքական տգիտությունը՝ իր հետեւանքներով ամենածանր դավաճանությանը գերազանցող «ուռա» կամ «ծակ» «հայրենասիրությունը»։

***

Վերհիշենք հոդվածի սկզբի պատմական երկու դրվագները՝ Արեւմտյան Հայաստանը եւ Արեւելյան Հայաստանի կեսը կորցնելու մասին։

«Հայկական հարցը» հետապնդվում էր «Մահ կամ ազատություն» տխրահռչակ կարգախոսով, ծրագրի «սեղմագիրն» էլ «հայրենասիրության» հետեւյալ գագաթնակետն էր. «Խնդիրը կվճռվի միայն երկուսից մեկի ընկճելով, մահով. կա՛մ պետք է ընկնի, մեռնի, տակն ու վրա լինի, ոչնչանա սուլթանական պոռնիկ կառավարությունը, կա՛մ պետք է ընկնի, մեռնի հայ ժողովուրդը։ Խնդրի միակ լուծումը մահն է… Հայ ժողովուրդը զենքը վայր կդնի կա՛մ հաղթությունը բոլորովին տարած, կա՛մ անշնչացած»։ Բնականաբար, եղավ երկրորդը։ Ո՛չ, դա մտածված դավաճանական արարք չէր, այլ քաղաքական տգիտություն՝ «հայրենասիրության» այնպիսի բարձրակետ, երբ այն վերածվում է հոգեկան հիվանդության՝ բերելով հարյուրապատիկ ավելի մեծ աղետներ։

1920  թվականի աշնանը համատարած կարգախոսն էր՝ «Ոչ մի թիզ պակաս Սեւրի պայմանագրից», ծրագիրը՝ Թուրքիայի դեմ պատերազմ սկսելը եւ հաղթելը։ Ավելի «հայրենասիրական» բան դժվար է պատկերացնել։ Արդյունքը եղավ Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը, ունեցած երկրի կեսը կորցնելը եւ թուրքերի ոտքերն ընկնելը։ Սա էլ կանխամտածված դավաճանական արարք չէր, այլ քաղաքական տգիտություն, որի համանիշը նույն «հայրենասիրությունն» է։

Ուշադիր հետեւեք այսօրվա վայ հայրենասերների վերլուծություններին ու «ոչմիթիզականների» ելույթներին։ Նմանօրինակ կարգախոսներով ու «ծրագրերով» լիքն են դրանք։ Դրանք էլ կանխամտածված դավաճանական արարքներ չեն, այլ քաղաքական տգիտության դրսեւորումներ, որոնք Ղարաբաղին եւ Հայաստանին կբերեն հարյուրապատիկ ավելի շատ աղետներ, քան ամենածանր դավաճանությունները։ Հարյուր տարվա մեջ երկու ծանր ու ողբերգական դաս ստանալուց հետո մենք իրավունք չունենք թույլ տալու երրորդ աղետը։

06.03.2017

Նախորդ հոդվածըԿարևորագույն փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից
Հաջորդ հոդվածըՉԼ․ «Լիվերպուլն» ու «Այաքսը» փլեյ-օֆֆում են, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)