‘Աշոտ Սարգսյան. Հրապարակում պետք է լինի գործնականում ողջ ժողովուրդը’

2494

Հայ ազգային Կոնգրեսի վարչության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքում գրում է.

Քիչ է օգոստոսի 17-ի հանրահավաքը որպես Նիկոլ Փաշինյանի ու կառավարության վարած ներքին քաղաքականությանը աջակցություն ու պաշտպանություն համարելը։
Քիչ է այն որպես պետության ու ժողովրդի դեմ բազում հանցանքներ գործած Ռ. Քոչարյանի արժանի պատժի միջոց դիտարկելը։
Անգամ քիչ է այն որպես Մարտի 1-ի ոճիրի լիակատար բացահայտմանը նպաստող հասարակական մթնոլորտ ապահովելու միջոց տեսնելը։

Այս պայմաններում շատ ավելի՝ տասը, քսան, հարյուր անգամ մեծ են դրա քաղաքական տարողությունն ու նշանակությունը։
Անգամ լիակատար հաղթանակած, ամբողջական իշխանափոխության հասած հեղափոխությունների համար տարիներ շարունակ մահացու վտանգ է մնում տապալված իշխանության ռեւանշի հնարավորությունը (ԽՍՀՄ լիակատար փլուզումից 5 տարի անց անգամ, 1996-ին, կոմունիստները Ռուսաստանում «մազ էր մնում» գային իշխանության)։ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել միայն մասամբ, դրա գործադիր ճյուղում։

Ռ. Քոչարյանի ազատ արձակումը բոլորի մտապատկերում, խոստացված թե չխոստացված, առաջացրել է դեռ լրիվ չտապալված ավազակապետական համակարգի ռեւանշի ուրվականը։ Եւ կարեւոր չէ՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի թե դրածո մեկ ուրիշի գլխավորությամբ։ Իսկ դա չի լինի նախկին՝ 18-ամյա ռեժիմի պարզ վերակենդանացում ու շարունակություն։ Դա կլինի տասն անգամ ավելի վատը, տասն անգամ ավելի վտանգավոր, տասն անգամ ազգակործան։

Յուրահատուկ է ուժերի հարաբերակցությունը. մի կողմում՝ 18-ամյա հանցավոր ռեժիմի շահառուների մի խումբ է՝ ահռելի ֆինանսական ռեսուրսներով, դրանից զրկվելու ու սեփական ազատությունը կորցնելու սարսափով, մյուս կողմում՝ գործնականում ողջ ժողովուրդը՝ իր այսօրվա հոգսերով, վաղվա ճակատագրի մտահոգություններով։
Ուժերի այս հարաբերակցության մեջ մի անգամ արդեն ժողովուրդը հաղթել է՝ ապրիլի 23-ին հասնելով Սերժ Սարգսյանի հրաժարականին։ Եւ առ այսօր դա է համարվում հեղափոխության պիկը, կուլմինացիան, բարձրակետը։ Հակահեղափոխության վտանգի պայմաններում, օգոստոսի 17-ի հանրահավաքը, եթե կարողանա վերջնականապես բացառել կիսատապալված ռեժիմի վերակենդանացման հնարավորությունը, իր քաղաքական տարողությամբ եւ հետեւանքներով, որպես բարձրակետ, կգերազանցի առաջինին։ Դրա համար հրապարակում պետք է լինի գործնականում ողջ ժողովուրդը, բոլոր նրանք, ովքեր ֆիզիկապես կարող են լինել։

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Նամի սպանության կասկածյալները՝ դատարանի առջև’
Հաջորդ հոդվածը‘Իտալացիները մեղադրում են իշխանություններին’